Jump to content

ՀՍՀ/ՀԱՍՐԱԹՅԱՆ ՄՈՐՈՒՍ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀԱՍՐԱԹՅԱՆ Մորուս (Մարգար) Ստեփանի 10.9.1902, գ. Ախլաթյան (այժմ` ՀՍՍՀ Սիսիանի շրջանում)–25.2.1979, Երևան, հայ սովետական պատմաբան–բանասեր: ՀՍՍՀ ԳԱ թղթակից անդամ (1963), ՀՍՍՀ գիտ. վաստ. գործիչ (1961): ՍՄԿԿ անդամ 1955–ից: 1918–21–ին մասնակցել է քաղաքացիական կռիվներին (Հյուսիսային Կովկասում, Բաքվում և Հայաստանում): Ավարտել է Երևանի պետ. համալսարանի պատմագրական ֆակուլտետը: 1932–1935–ին եղել է պատմության ու նյութական կուլտուրայի ինստ–ի դիրեկտորի տեղակալ, Հեղափոխության թանգարանի դիրեկտոր և ՀԿ(բ)Կ պատմության ինստ–ի դիրեկտորի տեղակալ: 1937–ին նշանակվել է Մատենադարանի դիրեկտոր: 1964–1975–ին եղել է Հայաստանի պատմության թանգարանի դիրեկտոր: Դասախոսել է Երևանի համալսարանում, Խ. Աբովյանի անվ. հայկ. մանկավարժական ինստ–ում, 1965–66–ին` Բեյրութի Հայկազյան կոլեջում: Հ–ի գրչին են պատկանում Հայաստանի պատմության, հնագիտության, ճարտ.–յան ու բանասիրության վերաբերյալ մի շարք ուսումնասիրություններ: Մասնակցել է «Հայ ժողովրդի պատմություն» դպրոցական ձեռնարկի (1951, 1956) և «ՍՍՀՄ պատմության ուրվագծեր»–ի (ռուս.) ստեղծմանը: Հայերեն չափածո թարգմանել է Սայաթ–Նովայի վրաց. և ադրբ. խաղերը: Կազմել, խմբագրել ու ծանոթագրել է Սայաթ–Նովայի «Հայերեն, վրացերեն, ադրբեջաներեն խաղեր» ժողովածուն (1963): Գրել է նաև «Հայաստանի հուշարձանները» (հեղինակակից` Վ. Հարությունյան, Բեյրութ 1975): Հ. Հայաստանի հեղափոխական շարժումների և կոմունիստական կուսակցության պատմության առաջին ուսումնասիրողներից է: