ՀՍՀ/ՀԱՎԱԲՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ՀԱՎԱԲՈՒԾՈՒԹՅՈՒՆ, թռչնաբուծության ճյուղ, զբաղվում է ընտանի հավերի բուծմամբ` ձու, միս, ինչպես նաև փետուր, աղվափետուր ստանալու համար: Հավերը հավազգիների կարգից են և կազմում են ընտանի թռչունների բոլոր տեսակների գլխաքանակի մոտ 80–85: Ծագել են Բանկիվյան հավից: Հավերի մարմինը համաչափ է և ունի միջին երկարություն: Կուրծքը լավ է զարգացած հատկապես մսատու ցեղերի մոտ: Կատարը (երկրորդային սեռական օրգան) ունենում է տերևի, վարդի, պատիճի, ընկույզի ձև: Ականջաբլթակները` կարմիր, հազվադեպ` սպիտակ: Սեռահասուն են դառնում և ձվարկում 5–6 ամսականում: Սաղմի զարգացման տևողությունը 21–22 օր է: Ձվատվության քանակը կապված է վերարտադրական օրգանների, մասնավորապես ձվարանի և ձվատար խողովակի գործառնության հետ: Սեռահասուն հավի ձվարանի արտաքին կեղևային շերտում հաշվվում է 2000–3500 ձվաբջիջ, որի միայն մեկ քառորդն է ստացվում մթերատվության ընթացքում (2–2,5 տարի): Մեծահասակ հավերի մթերատվությունը կարելի է 7–8 ամսով երկարացնել` արհեստական (ստիպողական) փետրափոխության միջոցով: Այս եղանակը գործնական կիրառություն է ստանում զարգացած թռչնաբուծական երկրներում: Հայտնի է (1979) ընտանի հավերի մոտ 150 ցեղ և ցեղախումբ, որոնք բաժանվում են երեք հիմնական` ձվատու, մսաձվատու, մսատու խմբերի: Առավել տարածված են ձվատու ցեղերը (ռուս. սպիտակ, օրլովյան, մինորկա, ուկր. ուշանկաներ, մերձկարպատյան կանաչոտներ, լեգհոռն ևն) և դրանցից հատկապես` սպիտակ լեգհոռնը և նրա ներսում ստեղծված գծերը: Ձվատու ցեղի հավերը կշռում են 1,8–2,0, իսկ աքաղաղները` 2,7–3,0 կգ: Տարեկան ձվատվությունը` 200–220, տոհմային լավագույն տնտեսություններում` 220–250, ռեկորդը` 365 ձու: Հատկապես բարձր է միջցեղային և միջգծային հիբրիդների ձվատվությունը: Մսաձվատու ցեղերը (ռոդ–այլանդ, նյու հեմփշիր, սպիտակ պլիմուտրոկ, վիանդոտ, սուսկես, երևանյան, ֆավերոլ ևն) ունեն ավելի բարձր կենդանի զանգված` 2,3–3,0 և 3,5–4,0 կգ: Միսը որակով է և համեղ: Սելեկցիոն հավերի տարրական միջին ձվատվությունը 200–240 է: Մսատու ցեղերի (կորնիշ, կոխինխին, լանգշան ևն) կենդանի զանգվածը 3,0–3,5 և 3.5–4,5 կգ է: Ձվատվությունը` 100-130: Դրանցից կորնիշները օգտագործվում են մսաձվատու ցեղերի հետ տրամախաչելու և բրոյլերներ (մսացու ճուտ) ստանալու համար: 60–63 օրական բրոլեյրների կենդանի զանգվածը հասնում է մինչև 1,5–1,6 կգ: Դրանց միսը լավագույն դիետիկ սննդամթերք է (պարունակում է մինչև 20 լիարժեք սպիտակուց և միայն 5–7 ճարպ): Հավերի ընտելացումն սկսվել է դեռևս մ. թ ա. IV–III հազարամյակում, Հնդկաստանում, ապա տարածվել Ասիայի, Եվրոպայի և հյուսիսային Ամերիկայի երկրներում: Եվրոպայում Հ–յան կարևոր կենտրոն է եղել նաև Ռուսաստանը: Թռչնաբուծության մյուս ճյուղերի հետ Հ. սկսել է զարգանալ սովետական իշխանության տարիներին: 1978–ին ՍՍՀՄ բոլոր տնտեսություններում արտադրվել է 61,1 մլրդ ձու և 1,7 մլն. տ միս: ՍՍՀՄ թռչնարդի տնտեսություններում հավերի տարեկան միջին ձվատվությունը կազմել է 222 ձու: Ձվի համաշխարհային արտադրությունը 1977–ին կազմել է շուրջ 400 մլրդ հատ: Հայաստանը ընտանի հավերի բուծման հնաույն երկիր է: Այդ մասին վկայում են ինչպես օտար (Հերոդոտոս, Ատրաբոն և այլք) ու V–XVIII դդ. հայ պատմիչները այնպես էլ կիրառական արվեստի տարբեր հուշարձանները: Մինչև սովետական կարգերի հաստատումը Հ–յամբ զբաղվում էին լեռնային, նախալեռնային ու h արթավայրային շրջանների գյուղացիական տնտեսությունները, և ուներ էքստենսիվ բնույթ: Հայաստանում սովետական կարգերի հաստատումից հետո այն սկսեց բուռն թափով զարգանալ: 1939–ին Լենինականում կազմակերպվեց թռչնաբուծական առաջին սովետական տնտեսությունը: 1949–51–ին ստեղծվեց 7 նոր ինկուբատորային թռչնաբուծական կայան, իսկ 1951–ին` առաջին թռչնաբուծական ֆաբրիկան (Էջմիածնում): 1978–ին միայն Հայթռչնարդի տնտեսություններում կար մոտ 1 մլն 350 եզ. ածան հավ, արտադրվել է 192,7 մլն ձու: ՀՍՍՀ տնտեսություններում բուծվում են լեգհոռնը և նրա ներսում ստեղծված գծերը, կորնիշները, պլիմուտրոկները, երևանյան հավերի ցեղը են: ՀՍՍՀ–ում Հ– յան վերաբերյալ գիտական աշխատանքներ տարվում են ԳԱ ֆիզիոլոգիայի ինստ–ի կենդանիների և թռչունների բազմացման ֆիզիոլոգիայի լաբորատորիայում, ՀՍՍՀ անասնաբուծության և անասնաբուժության ԳՀԻ–ի համապատասխան բաժնում, տոհմաբուծարաններում և թռչնաբուծական ֆաբրիկաներում:
Գրկ. Կարապետյան Ս., Արդյունաբերական թռչնաբուծությունը և նրա զարգացման ուղիները, Ե., 1965: Նույնի, Թռչնաբուծություն, Ե., 1969: Նույնի, Երևանյան հավերի ծագումը, մթերատվությունը և տոհմային արժանիքները, Ե., 1974: Նույնի, Биологические основы повышения продуктивности и пути интенсификации в Армянской ССР, Е., 1962. Ս. Կարապետյան
