Jump to content

ՀՍՀ/ՀԱՎԱՍԱՐՈՒԹՅՈՒՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀԱՎԱՍԱՐՈՒԹՅՈՒՆ, արդար, իդեալական հասարակարգի հիմնական սկզբունքներից: Հ–յան պրոբլեմր ծագել է դասակարգերի առաջացման հետ և արտահայտել հասարակությունը արդարության սկզբունքով վերակառուցելու ճնշված դասակարգերի ու դասերի իդեալը: «Հ.» հասկացությանը տարբեր պատմական դարաշրջաններում տրվել է սոցիալական տարբեր բովանդակություն: Հ–յան իրականացումն են հետապնդել թե’ ստրուկների ապստամբությունները և թե’ միջնադարյան գյուղացիական շարժումները: Հայ իրականության մեջ հասարակական Հ–յան հաստատումը եղել է Պավլիկյան ու Թոնդրակյան շարժումների նպատակներից: Դասակարգային պայքարի պրակտիկային զուգընթաց տեսականորեն հիմնավորվել են նաև հասարակական անհավասարության առաջացման պատճառները, առաջադրվել դրանց վերացման ուղիները, անհավասարությունն ուղղակիորեն կապվել է արտադրության միջոցների մասնավոր սեփականության հետ (Թ. Մոր, Թ. Կամպանելլա, հատկապես Ժ–Ժ. Ռուսո և ուրիշներ): Ուտոպիստների ու լուսավորիչների ազդեցությամբ XVII դ. Անգլ. բուրժ. և XVIII դ. Ֆրանսիական բուրժուական հեղափոխություններում ձևավորված արմատական հոսանքների նպատակը համընդհանուր Հ–յան հաստատումն էր (լեվելլերենը` Անգլիայում, Բաբյոֆի «հավասարների դավադրությունը» Ֆրանսիայում): Կապիտալիստական հասարակարգում առաջին անգամ հռչակվեց իրավահավասարության սկզբունքը, վերացվեցին դասերը և դասային արտոնությունները: Սակայն իրավահավասարության բուրժ. լոզունգը գործնականում անտեսում էր մարդկանց սոցիալական անհավասարությունը, քողարկում հասարակարգի հակամարտ, շահագործողական բնույթը: Բուրժ. հասարակության նման հակասությունները բացահայտեցին դեռևս Շ. Ֆուրիեն և այլ սոցրալիստ–ուտոպիստներ: Համընդհանուր Հ. հաստատելու տեսական հիմնավորումն ու իրականացումը ռուս հեղափոխական դեմոկրատների և Միքայել Նալբանդյանի հիմնական նպատակն էր: Սակայն բուրժ. հասարակարգում անհավասարության պատճառները, բնույթն ու ձևերն գիտականորեն մեկնաբանեցին մարքսիզմ–լենինիզ միդասականները: Նրանք ապացուցեցին, որ անհավասարության իրական հիմքը պայմանավորված է արտադրության միջոցների մասնավոր սեփականատիրական բնույթով, ցույց տվեցին հասարակական Հ. հաստատելու գործնական եղանակները: Իրական Հ., որ նշանակում է մասնավոր սեփականության, շահագործման վերացում և արտադրության միջոցների հասարակական սեփականության հաստատում, սկզբնավորվեց սոցիալիզմի պայմաններում: Այս պրոցեսը հանգեցրեց աշխատավորների, ապա և հասարակության բոլոր անդամների (անկախ ծագումից, սոցիալական դրությունից) քաղ. իրավահավասարությանը, ազգերի իրավահավասարությանը, կնոջ անիրավահավասարության վերացմանը, հաստատվեց հավասար իրավունք աշխատանքի և արդյունքի բաշխման բնագավառում: Խոշոր առաջադիմություն նշանավորելով Հ–յան հաստատման գործում, սոցիալիզմը միաժամանակ պրոբլեմն ամբողջովին չի լուծում, պահպանվում են սոցիալական անհավասարության մնացորդներ` պայմանավորված նյութական արտադրության զարգացման անբավարար մակարդակով, մտավոր ու ֆիզիկական աշխատանքի տարբերություններով, ըստ աշխատանքի քանակի ու որակի բաշխման սկզբունքով ևն: Այս և նման պրոբլեմները լրիվ կլուծվեն կոմունիզմի ժամանակ, երբ կհաստատվի վերջնական և համընդհանուր Հ.: Միայն կոմունիզմը, արտադրության բարձր մակարդակի ապահովմամբ և յուրաքանչյուր մարդու հոգևոր կարողությունների զարգացմամբ, հնարավորություն կստեղծի վերջնականորեն վերացնելու հասարակական անհավասարությունը, լուծելու մարդկության ամենաբարդ սոցիալական պրոբլեմներից մեկը:

Գրկ. Մարքս Կ., Գոթայի ծրագրի քննադատությունը, Ե., 1955: Նույնի, Կապիտալ, հ. 1, Ե., 1933: Էնգելս Ֆ., Անտի–Դյուրինգ, Ե., 1967, գ. 10: Լենին Վ. Ի., Լիբերալ պրոֆեսորը հավասարության մասին, Երկ., հ. 20: Նույնի, Պետություն և հեղափոխություն. Երկ., հ. 25: ՍՄԿԿ ծրագիրը, Ե., 1974: Шахназаров Г. X., Социализм и равенство, М., 1959 Курылев А. К., Коммунизм и равенство, М., 1971.