Jump to content

ՀՍՀ/ՀԱՎԱՍԻ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀԱՎԱՍԻ Մարկոսյան Արմենակ Պարսամի, 6.1.1896, գ. Այազմա (ՎՍՍՀ Ծալկայի շրջանում)–24.2. 1978, Երևան, հայ գուսան: ՀՍՍՀ ժող. արտիստ (1967): Աշակերտել է նշանավոր աշուղ Թիֆիլիին: Ստեղծագործական կյանքն սկսել է 1914–ից, Ախալքալաքում: 1946–ից բնակվել է Երևանում: Հայաստանի գրողների միության 7 կոմպոզիտորների միության անդամ էր: Իր երկերի կատարումով հանդես է եկել նաև Վրաստանում, Ադրբեջանում ու Մոսկվայում: Հ. ժամանակակից գուսանական արվեստի դասական ներկայացուցիչներից է: Նրա սիրային–քնարական, բարոյախոսական, վիպական և հայրենասիրական թեմաներով ստեղծագործությանը (մոտ 3600 աշուղական բանաստեղծություն, մոտ 2000 քառյակ, շուրջ 150 եղանակավոր երգ, երգախառն հեքիաթներ) հատուկ են լավատեսական ոգին ու ոգեշնչվածաթյունը: Կիրառել է աշուղական դասական տաղաչափության ավելի քան 40 ձևեր, տարբերակել դրանք, օգտագործել նաև հայ ժող. բանաստեղծության չափեր ու ձևեր: Հ–ու եղանակները ելևէջային հատկանիշներով բխում են գյուղական երգից, ձևերով հարում աշուղականին, ցայտուն ազգային են: Մեղեդիական հնարամտությունը, հուզական ջերմությունը, ռիթմի և կառուցվածքների թարմությունը և ընդհանուր արտահայտչականությունը բնորոշ են նրա լավագույն երգերի եղանակներին` «Կոլխոզի չոբան», «Ի՛նչ ասեմ յարիս», «Զուր կերթաս», «Եղնիկի պես», «Ինչո՛ւ սիրեցիր», «Հյուսիսային արև» հեքիաթի երգերը ևն: Դրանցից մի քանիսը կոմպոզիտորները մշակել են ձայնի և դաշնամուրի, երգչախմբի, վոկալ կվարտետի և ժող. երգի ու պարի անսամբլի համար: Հ–ու արվեստը նշանակալից էր իր բազմակողմանի ընդգրկումով: Նա ժողովրդական բանաստեղծ ու երգահան էր, երգիչ, նվագող (թառ, սազ) և ասմունքող: Հրատարակվել է Հ–ու ստեղծագործության փոքրագույն մասը` «Բուրմունք» (1950), «Երգեր» (1958), «Իմ քնարը» (նոտագրված, 1961), «Քառյակներ» (1966), «Հասմիկ» (1975):

Գրկ. Աթայան Ռ., Գուսան Հավասի, Ե.,1963: Ռ. Աթայան