Jump to content

ՀՍՀ/ՀԱՎԱՏԱԼԻՔՆԵՐ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀԱՎԱՏԱԼԻՔՆԵՐ, իրերի, կենդանիների, բույսերի, երկնային մարմինների, բնության երևույթների և այլնի հետ կապված կրոնա–պաշտամունքային դրսևորումների համակարգ: Երբեմն Հ. են համարվել պաշտամունքի առարկաները: Հ–ի առաջացման համար կարևոր նշանակություն են ունեցել բնության երևույթներն ու դրանց էության անբացատրելիությունը, բնակլիմայական առանձնահատկությունները, հասարակական կարգերը, սոցիալական պայմանները, սովորույթներն ու էթնիկական առանձնահատկությունները: Հ–ին, պաշտամունքին առնչվող պատկերացումները սկսել են ձևավորվել հին քարի դարի մուստիերյան փուլի վերջում (մոտ 50–35 հզ. տարի առաջ): Նախնական Հ. վերաբերում են մարդկային հասարակության նախամշակութային շրջանին և աղերսվում են նախամարդու ամենապարզունակ աշխարհընկալմանը, որի համաձայն` տեսանելի աշխարհն ու առարկաները ենթակա են առարկայական անընդհատ կերպափոխումների (մետամորֆոզ): Հ–ի հետ կապված ծիսական արարողությունները բաղկացած են եղել հիմնականում նմանողական մոգական գործողություններից (անձրևաբերության համար միմյանց վրա ջուր ցանել ևն)` նպատակ ունենալով այդ կերպ բարերար ազդել բնության երևույթների վրա: Նույն ժամանակաշրջանում ձևավորվում է մեռյալների ու նախնիների պաշտամունքը: Ազիլյան շրջանում (տես Ազիլյան մշակույթ) արդեն այն կազմավորված աշխարհայացք էր, որի հետ կապված առաջացել է թաղման և այլ ոգեպաշտական ծիսակատարությունների ամբողջական համակարգ: Ազիլյան սրբազան քարայրերում գտնվել են նախնիների ոգիները խորհրդանշող երկնային մարմինների կամ մարդկանց պատկերներով գետաքարեր, որոնց վերագրվել են հրաշագործ կարողություններ: Նախամարդու կյանքում նշանակալից տեղ են ունեցել տոտեմիստական Հ., որոնց համաձայն բույսերը, կենդանիներն ու նրանց ոգիները կարող էին լինել մարդու կյանքի և կենսագործունեության հովանավորողներ: Ընտրելով տոտեմը (հովանավորող կամ նախածնող կենդանին, բույսը, առարկան)` մարդն իր հերթին խնամել ու պահպանել է նրան` ձգտելով շահել նրա բարյացակամությունը: Նախածնող կենդանին կամ բույսը համարվել է անձեռնմխելի: Կենդանապաշտական, բուսապաշտական Հ–ի բազմաթիվ վերապրուկներ հայ ժողովրդի մեջ հարատևեցին մինչև XIX դ. վերջը –XX դ. սկիզբը: Ըստ վասպուրականցիների, կենդանիները հասկանում են մարդկանց ներկան ու ապագան և այդ մասին հաղորդակցվում: Հայաստանի գրեթե բոլոր գավառներում պահպանվել են կանաչի, ծառի և այլ բույսերի պաշտամունքի տարրեր (Ծաղկազարդին ձիթենու կամ այլ ծառի ճյուղերը բարեբերության նպատակով մսուրքներում, հավաբներում պահելը ևն): Հնագույն Հ–ի վերաբերյալ արժեքավոր ապացույցներ են պահպանվել նախնադարյան արվեստի հուշարձաններում: Հնագույն Հ–ի մի մասը նվիրված էր որսորդությանը: Այդ է ապացուցում ժայռապատկերներում, գոտիների և այլ առարկաների վրայի որսորդական տեսարանների խորհրդապաշտական վերարտադրությունը: Նախամարդու կրոնական մտածողության ձևերից էր նաև բնապաշտությունը, որի հետ կապված էին կախարդական հմայական, բնության երևույթներին, երկնային մարմիններին երկրպագելու ծիսակատարությունները: Հայաստանի լեռնային մի շարք շրջաններում (Սյունիք, Արագած, Գեղամա լեռներ) հայտնաբերված ժայռանկարներում կան արեգակի, լուսնի, երկնային այլ մարմինների, կենդանիների (մեղու, այծ, ցուլ, ձի, օձ ևն) պաշտամունքը հավերժացնող պատկերներ: Գեղամա լեռներում կան օձի, ձկան, մողեսի, եզան, գոմեշի և այլ կենդանիների տեսքով, վիշապ կոչվող քարակոթողներ (տես Վիշապներ), որոնք խորհրդանշում են ջրի պաշտամունք: Ջրի, արեգակի, կրակի և այլ երևույթների Հ–ի հետ են կապված խեցեգործական հնագույն առարկաների վրայի մի խումբ նախշեր (ալիքաձև, պարուրաձև, երկրաչափական ևն) ու քանդակներ: Հայաստանի ուշ բրոնզի և վաղ երկաթի դարերի բնակատեղիներում հաճախ հանդիպող քարե, կավե, հարթաքանդակ և ծավալային, մասամբ` բուսական զարդաքանդակներով ու նախշերով կնոջ կերպարանքով (հաճախ` բազմադեմ) կուռքերը մարմնավորել են կին–մայր աստվածության գաղափարը` կապված բեղմնավորմանը, պտղաբերությանը, սերունդների հարատևմանը վերաբերող Հ–ին: Պտղաբերություն են խորհրդանշել նաև ֆալլիկ արձանները, ձագերին սնող կենդանիների, բեղմնավորման հմայական գործողությունների գեղարվեստական լուծումները ևն: Երկրագործական, անասնապահական Հ. արտահայտված են եզների, ձիերի և այլ կենդանիների արձանների ու պատկերների միջոցով: Արեգակի, մասամբ նաև կայծակի պաշտամունքը վավերացնում են սկավառակաձև, ճառագայթաձև զարդերը, ոճավորված կեռխաչերն ու մեդալիոնները: Հնագույն արվեստի մի շարք նմուշներ վերաբերում են երևակայական գերբնական էակների (վիշապասպան հերոսներ, աստվածներ ևն) սնոտի հավատին: Գոտիների վրա արծարծված են վերոհիշյալ համարյա բոլոր Հ–ին և չարի դեմ պայքարող մարդ–աստծու գաղափարին նվիրված թեմաներ: Նշված առարկաների մեծ մասն ունի ոչ միայն սոսկ պաշտամունքային, այլև որոշակի Հ–ի առնչվող ծիսական արարողության նշանակություն: Նախնադարյան մի շարք Հ. և դրանց առանձին տարրեր փոխանցվելով, վերարտահայտվեցին ուրարտ. և հայկ. հեթանոսական բազմաստվածական կրոններում` ծեսերի ու սովորույթների միջոցով: Ուրարտացիները իրենց աստվածներին պատկերում էին մարդկային կերպարանքով, որոնցում հաճախ երևում են դրանց սկզբնավորման սաղմերը, (կենդանիների ու թռչունների վերջավորություններ, առյուծի, ցուլի վրա կանգնած աստվածներ ևն): Բացի բուն աստվածություններից, գոյություն են ունեցել նաև բնապաշտական աստվածներ (հողի, ծովի, լեռների, անձավների, հզորության ևն): Բուսապաշտությանն են նվիրված կենաց կամ սրբազան ծառերի բազմաթիվ պատկերներ: Արձանագրությունների առանձին բնագրեր առնչվում են վերոհիշյալ Հ–ին, որոնց մի մասը հետագայում տեղ գտավ նաև հայկ. հեթանոսական կրոնում: Վաղ հայկ. դիցարանի աստվածները նույնպես մարմնավորում էին բնության երևույթները: Մի շարք աստվածների նախնական կերպարում արտահայտվել են բնապաշտական, տոտեմիստական Հ.: Ենթադրվում է, որ տոտեմական ծագում ունի Տորք Անգեղի անունը (աղերսվում է «անգղ» բառին), Արան սկզբնապես խտացրել է գարնանն արթնացող բուսականության, երկրագործության, ցանքի և ջրի աստծու գծերը: Արայի պաշտամունքին են կապվում նաև արալեզները (տես Հարալեզներ), որպես հարություն տալու կարողությամբ օժտված ոգիներ: Անահիտը մարմնավորում էր պտղաբերության, ծննդաբերության, ինչպես նաև ռազմի աստվածուհու հատկանիշներ: Հնագույն մի շարք Հ. են արտահայտում նաև Արամազդը, Միհրը, Տիրը և հայկ. դիցարանի մյուս աստվածները, որոնց պաշտամունքի արարողությունները կատարվում էին յուրաքանչյուրին նվիրված մեհյանում: Հայ ժողովրդի տոտեմական Հ–ում տեղ են գտել եզը, ձին, ոչխարը, այծը, խոզը, շունը, կատուն, մուկը, գայլը, աղվեսը, արջը, հավը, աղավնին, ճնճղուկը, կռունկը, ծիծեռնակը, արտույտը, մեղուն, մրջյունը, օձը, գորտը, կրիան և այլ կենդանիներ: Տոտեմական պաշտամունքի հետևանք են համարվում Հայկական լեռնաշխարհի մի շարք տեղանուններ Օձ, Գայլ (գետ), Գայլեդրունք ևն, սրբավայրերի, ուխտատեղիների անուններ (Գայլ վանք, Գառնիկ աղբյուր ևն), հայկ. զինանշանների վրայի կենդանիների (արծիվ, բազե, գառ ևն) պատկերները: Տոտեմական, բնապաշտական, ոգեպաշտական Հ–ի մի շարք վերապրուկներ, իրենց տարատեսակներով, պահպանվեցին մինչև XI Х դ. վերջը, XX դ. սկիզբը, արտահայտվելով ժողովրդական կրոնական տոնակատարությունների (Համբարձում, Վարդավառ, Ծաղկազարդ ևն), ինչպես նաև ժողովրդի առօրյա կենսագործունեության մեջ: Հ– ի առանձին խումբ են կազմել գուշակությունները` կապված բնության երևույթների, կենդանիների կամ թռչունների գործողությունների, ծառերի սոսափյունի ևնի հետ (օրինակ, եթե արագիլն իր վերադարձին կտուցով բերում էր հասկ կամ շյուղ, ենթադրվում էր առատ տարի, իսկ եթե լաթի կտոր կամ մետաղ էր բերում, ապա` սովի և հիվանդության կամ պատերազմի տարի ևն): Հնագույն Հ–ի որոշ տարրեր շարունակում են գոյատևել: Տես նաև Պաշտամունք:

Գրկ. Ալիշան Ղ., Հին հավատք կամ հեթանոսական կրոնք հայոց, Վնտ., 1895: Մատիկյան Հ., Արալեզները հայ գրականության մեջ, «ՀԱ», 1923, 11 – 12: Սամուելյան Խ., Հին Հայաստանի կուլտուրան, հ. 1, Ե., 1931: Աբեղյան Մ., «Վիշապներ» կոչված կոթողներն իբրև Աստղիկ–Դերկետո դիցուհու արձաններ, Ե., 1941: Մելիք Օհանջանյան Կ., Միթրա–Միհրը «Սասնա ծռերի» մեջ, տես «Գրական–բանասիրական հետազոտումներ», ժող. 1, Ե., 1946: Ադոնց Ն., Հին հայոց աշխարհայացքը, տես նրա` «Պատմական ուսումնասիրություններ», Փարիզ, 1948: Մնացականյան Հ., Արևապաշտության հետքերը Հայաստանում, «Աշխատություններ Հայաստանի պետական պատմական թանգարանի», 1948, հ. 1: Ղափանցյան Գ., Արա Գեղեցիկի պաշտամունքը, Ե., 1944: Սարդարյան Ս., Նախնադարյան հասարակությունը Հայաստանում, Ե., 1967: Ավդալբեգյան Թ., Միհրը հայոց մեջ, տես նրա` «Հայագիտական հետազոտություններ», Ե., 1969: Իսրայելյան Հ. Ռ., Պաշտամունքն ու հավատալիքները ուշ բրոնզեդարյան Հայաստանում, Ե., 1973: Капанцян Г., Хеттские боги у армян. В связи с хеттским влиянием на армян и генезисом армянского пантеона вообще, Е., 1940. Վ. Ալեքսանյան