ՀՍՀ/ՀԱՎԱՏԱՐՄԱԳԻՐ
ՀԱՎԱՏԱՐՄԱԳԻՐ, պաշտոնական փաստաթուղթ, որով հավաստվում է դիվանագիտական ներկայացուցչի լիազորությունը մեկնած երկրում: Հ. ստորագրում և հանձնում է պետության գլուխը (ՍՍՀՄ–ում` ՍՍՀՄ Գերագույն սովետի Նախագահության նախագահը) և սովորաբար ամրապնդվում է արտաքին գործերի մինիստրի ստորագրությամբ: Հ. տրվում է դեսպաններին ու դեսպանորդներին: Գործերի հավատարմատարներին արտաքին գործերի մինիստրը հանձնում է հավատարմատվական նամակ: Հ–ում նշվում է ուղարկողի և ստացողի անունն ու տիտղոսը, մեկնողի անունն ու աստիճանը, հավատարմագրվածին հավատ ընծայելու խընդրանքը: Հավատարմագրվածը տվյալ պետություն մեկնելուց հետո առաջին աուդիենցիայի (ունկնդրման) ժամանակ Հ. հանձնում է պետության գլխին, որի հաստատված պատճենը առաքվում է արտաքին գործերի մինիստրին: Հ–ի ընդունումից հետո դիվանագիտական ներկայացուցիչը իր գործունեությունն իրականացնում է առանց լրացուցիչ լիազորությունների, սակայն նրան արգելվում է կնքել միջազգային համաձայնագրեր: Պետության գլխի մահվան (որը հանձնել է կամ որի օրոք հանձնվել է Հ.), մեկնած երկրում կամ տվյալ ներկայացուցչի երկրում կառավարման ձևի, դիվանագիտական ներկայացուցիչի աստիճանի փոփոխության դեպքում Հ. ուժը կորցնում է:
Ն. Մինասյան
