ՀՍՀ/ՀԱՎԵԼԱԴԻՐ ՀԱՎԵԼՅԱԼ ԱՐԺԵՔ
ՀԱՎԵԼԱԴԻՐ ՀԱՎԵԼՅԱԼ ԱՐԺԵՔ, ապրանքի հասարակական արժեքի և կապիտալիստական որոշ ձեռնարկություններում դրա համեմատաբար ցածր անհատական արժեքի տարբերություն, հարաբերական հավելյալ արժեքի տարատեսակ: Հավելադիր, ավելցուկային է, որովհետև ձեռնարկատերերը բացի դրանից ստանում են նաև սովորական հավելյալ արժեք: Հ. հ. ա. կապված չէ աշխատուժի արժեքի իջեցման հետ: Նրա աղբյուրը տվյալ ճյուղում աշխատանքի միջին արտադրողականության համեմատ տեխնիկապես կատարելագործված ձեռնարկություններում աշխատանքի առավել բարձր արտադրողականությունն է: Դրա հետևանքով ապրանքի հասարակական և անհատական արժեքների միջև առաջացած տարբերությունը, Հ. հ. ա–ի ձևով, իրացվում է շուկայում, ուր ապրանքի գինը սահմանվում է նրա հասարակական արժեքին համապատասխան: Հ. հ. ա. ունի ժամանակավոր բնույթ, քանի որ արտադրության տեխնիկայի ու տեխնոլոգիայի կատարելագործման շնորհիվ աշխատանքի արտադրողականությունը բարձրանում է նաև նույն ճյուղի մյուս ձեռնարկություններում, ապա ապրանքի հասարակական արժեքն աստիճանաբար իջնում ու հավասարվում է անհատականին: Բայց Հ. հ. ա. չի վերանում, այլ մի կապիտալիստից փոխանցվում է մյուսին: Այն ստանալու ձգտումը և մրցակցային պայքարը ստիպում են որևէ ձեռնարկատիրոջ կիրառել տեխ. ու կազմակերպական նորույթներ, որի հետևանքով ապրանքի անհատական արժեքը հասարակականի համեմատ նորից կրճատվում է: Հետևաբար Հ. հ. ա–ի ստացումը կապիտալիստական հասարակարգում տեխնիկայի զարգացման դրդապատճառն է, որը, սակայն, իրականացվում է տարերայնորեն, անհամաչափ, հասարակական աշխատանքի վատնման և տեխ. նորույթները մրցակիցներից թաքցնելու պայմաններում:
