ՀՍՀ/ՀԱՎԵԼԱՆՅՈՒԹԵՐ
ՀԱՎԵԼԱՆՅՈՒԹԵՐ շինանյութերի, բնական կամ արհեստական նյութեր, որոնք մտցվում են կապակցանյութերի, բետոնների և շաղախների կազմի մեջ` պատրաստի արտադրանքն անհրաժեշտ հատկություններով օժտելու և դրա արժեքը իջեցնելու նպատակով: Ըստ նշանակման և հատկությունների Հ. դասակարգվում են մի շարք խմբերի: Ակտիվ միներալային Հ. ջրային սիլիկահող կամ քիմիապես ակտիվ մետակաոլինիտ պարունակող նրբամանրեցված նյութեր են: Ջրով շաղախվելիս կրի կամ պորտլանդցեմենտի հետ խառնված այս նյութերը քիմ. փոխազդեցության մեջ են մտնում դրանց հետ` առաջացնելով դժվար լուծելի հիդրոսիլիկատներ և կալցիումի այլ միացություններ: Այդպիսով կիրը ձեռք է բերում ջրում պնդանալու հատկություն, իսկ ցեմենտը` բարձր դիմացկունություն` քաղցրահամ, ինչպես նաև սուլֆատ պարունակող ջրերում: Ակտիվ միներալային Հ. լինում են` բնական (դիատոմիտներ, տրեպելներ, հրաբխային մոխիրներ ևն) և արհեստական (դոմնային հատիկավորված խարամներ, վառելիքի խարամներ ու մոխիրներ ևն): Դրանք լայնորեն օգտագործվում են ցեմենտների, կրապոզոլանային կապակցանյութերի արտադրությունում, ինչպես նաև բետոնների և շաղախների խտությունը, ջրակայունությունը և աղակայունությունը բարձրացնելու համար: Հ–լցիչները նրբաղացած կրաքարեր, դոլոմիտներ, ավազներ, ցածրակտիվ խարամներ, մոխիրներ և այլ նյութեր են: Վերջիններս մտցվում են կլինկնրի, կրի և այլ նյութերի մեջ` դրանց խոշոր մասնիկների տեղակալման համար, որոնք պնդանալիս լիովին չեն հիդրատվում: Հ–լցիչները օգտագործվում են ավազային, կարբոնատային և շարվածքային ցեմենտի պատրաստման դեպքում, ինչպես նաև կապակցանյութերի ծախսի փոքրացման և բետոնների ու շաղախների խտության բարձրացման համար: Թթվակայուն, ալկալիակայուն և կրակայուն բետոնների ու շաղախների Հ. նրբաղացած անօրգանական նյութեր են, որոնք աչքի են ընկնում բարձր դիմացկունությամբ` թթուների, ալկալիները և բարձր ջերմաստիճանների ազդեցության նկատմամբ: Կատարելով միկրոլցիչների դեր, այս Հ. նպաստում են բետոնների և շաղախների դիմացկունության բարձրացմանը` ագրեսիվ ներգործությունների նկատմամբ: Թթվակայուն Հ. են անդեզիտը, բազալտը, դիաբազը, գրանիտը ևն, ալկալիակայուն` ամուր կրաքարերը, դոլոմիտը ևն, կրակակայուն` նրբաղացած քրոմիտը, մագնեզիտը, հրակավը ևն: Մակերևութա–ակտիվ Հ. օրգ. նյութեր են, որոնք ունեն ցեմենտի մասնիկների վրա ադսորբվելու և դրանց մակերևութային հատկությունները փոխելու ունակություն: Այս Հ. ստորաբաժանվում են պլաստիֆիկացնող (ջրով ցեմենտափոշու թրջելիությունը բարձրացնող) և հիդրոֆոբ–պլաստիֆիկացնող (թրջելիությունը փոքրացնող) նյութերի: Հ–ի այս երկու տեսակն էլ բարձրացնում են բետոնի և շաղախի խառնուրդների դյուրալցությունը, փոքրացնում` ցեմենտի ծախսը, մեծացնում` բետոնների ցրտակայունությունը և կոռոզիակայունությունը: Մակերևութա–ակտիվ Հ. օգտագործվում են պլաստիֆիկացված և հիդրոֆոբ պորտլանդցեմենտի ստացման, ինչպես նաև խառնուրդների ջրապահանջմունքի նվազեցման ու ագրեսիվ միջավայրերում բետոնների դիմացկունության բարձրացման համար: Կան նաև փրփրա– և գազագոյացնոզ Հ. (բջջավոր բետոնների պատրաստման համար օգտագործվող նյութեր), կապակցանյութերի կապակցումն ու պնդացումն արագացնող ու դանդաղեցնող Հ. (կապակցանյութերի հիդրատացման արագության վրա ազդող նյութեր) և հակացրտային Հ. (բացասական ջերմաստիճաններում բետոնների ու շաղախների պնդացումն ապահովող նյութեր):
