Jump to content

ՀՍՀ/ՀԱՎԿՈՒՐՈՒԹՅՈՒՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀԱՎԿՈՒՐՈՒԹՅՈՒՆ, հեմերալոպիա (հուն. ), տեսողության խանգարում, որն արտահայտվում է թույլ լուսավորության պայմաններում (մթնշաղ, գիշեր) առարկաները տեսնելու ընդունակության թուլացմամբ կամ կորստով: Կարող է առաջանալ աչքի ցանցաթաղանթի, անոթաթաղանթի և տեսողական նյարդի որոշ օրգ. հիվանդությունների, գլաուկոմայի (ախտանշանային Հ.), ընդհանուր սնուցման խանգարումների, լյարդի որոշ հիվանդությունների, մալարիայի, ալկոհոլամոլության դեպքերում, որոնք ուղեկցվում են օրգանիզմում վիտամին A–ի լրիվ բացակայությամբ (ֆունկցիոնալ Հ.), ինչպես նաև ցանցաթաղանթի բնածին գունակային կազմափոխման ժամանակ: Հ–յան հիմքում ընկած են ցանցաթաղանթի ցուպիկների կառուցվածքային փոփոխությունները կամ տեսողական ծիրանու (որը լույսի պայմաններում տարրալուծվում է, իսկ մթությունում վերականգնվում վիտամին A–ի մասնակցությամբ) անբավարարությունը: Հ. սովորաբար սրանում է վաղ գարնանը, որը պայմանավորված է սննդամթերքներում վիտամին A–ի անբավարարությամբ: Բուժումը և կանխարգելումը. լիարժեք սնունդ, ձկան յուղ, А, В 1, В 2, С վիտամինների ընդունում: Ախտանշանային Հ–յան դեպքում` հիմնական հիվանդության վերացում: