ՀՍՀ/ՀԱՏԱԾ
ՀԱՏԱԾ, ցեզուրա (լատ. caesura – հատում), արտասանական դադար բանաստեղծական տողի ներսում: Հ. երկար բանատողը բաժանում է երկու և ավելի մասերի: Կարճ տողերը Հ. չեն ունենում: Հ–ի տեղը հարևան տողերում կարող է լինել փոփոխական (փոքր Հ.) և հաստատուն (մեծ Հ.): Հայերեն ոտանավորին բնորոշ է հաստատուն Հ.: Հայկ. տաղաչափության մեջ մեծ մասամբ հանդես է գալիս տողի ճիշտ կեսում: Երաժշտության մեջ. երաժշտական մտքի (օրինակ` մեղեդիի) տրոհման պահը: Երաժշտական երկում Հ–ի գործոններն են դադարը, ռիթմական կանգառը, ներդաշնակության կադանսը, մեղեդիական ալիքի ավարտը, հաճախ` տոնայնության, տեմբրի, ռեգիստրի, ուժային երանգի փոփոխումը: Հ. կապված է նաև նոր նյութի երևան գալու, հնչած նյութը կրկնելու կամ հետագայում նրան վերադառնալու հետ: Կարող է ունենալ տարրեր «խորություն», լինել ավելի կամ պակաս նկատելի և, որպես կանոն, կախված չէ երաժշտական մտքի մետրական (ժամանակային) բաժանումներից: Նոտաներում ընդհանրապես չի նշվում, բայց անհրաժեշտ դեպքերում ցույց է տրվում v կամ ‘ նշաններով: Հ–ի միջոցով երաժշտական մտքի ստույգ տրոհությունը պատկերացնելը կարևոր է երկը ճիշտ ըմբռնելու և կատարելու համար: Հ. անվանումը Կոմիտասը գործածել է տակտ նշանակությամբ (տես, օրինակ, նրա «Հոդվածներ և ուսումնասիրություններ», 1941, էջ 85):
Ռ. Աթայան
