Jump to content

ՀՍՀ/ՀԱՏԵՐԻԱ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀԱՏԵՐԻԱ (Sphenodon punctatus), կնճիթագլուխ սողունների կարգի միակ պահպանված ներկայացուցիչը: Արտաքինից նման է խոշոր մողեսի: Ողերը երկգոգավոր են: Գանգը ոսկրային է, երկու քունքային աղեղներով: Գլուխը մեծ է, վերջավորություններն ունեն հինգ մատ: Կոպուլատիվ օրգան չունեն: Գույնը դեղնականաչավուն է, անփայլ, մարմնի կողքերին և վերջավորությունների վրա կան դեղին բծեր: Ապրում է կրծողների և մրրկահավերի բներում: Ակտիվ է հիմնականում գիշերը: Բազմանում է շատ դանդաղ, զուգավորվում է հունվարին, ձուն (8–15) դնում 10 ամիս հետո: Սեռահասուն է դառնում 20 տարեկանում: Սաղմը զարգանում է 12–15 ամսում: Սնվում է տարբեր անողնաշարավորներով, երբեմն` մողեսիկներով, մրրկահավի ձվերով: Տարածված է եղել Նոր Զելանդիայի մի շարք կղզիներում, իսկ այժմ պահպանվում է Պլենտի ծոցի 13 ժայռոտ կղզիներում, որտեղ ստեղծված է հատուկ արգելավայր: Հ. մտցված է միջազգային «Կարմիր գրքի» մեջ: