Jump to content

ՀՍՀ/ՀԱՏՈՒԿ ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ–ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆՆԵՐ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀԱՏՈՒԿ ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ–ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆՆԵՐ, ուսումնադաստիարակչական հիմնարկներ ՍՍՀՄ–ում (1964–ից), ուր ընդգրկվում են հասարակական վարքի կանոնները չարամտորեն և շարունակաբար խախտող անչափահասներ (14 տարեկանից բարձր): Հ. պ–տ. ու. են ուղարկվում նաև հասարակական մեծ վտանգ չներկայացնող հանցանք գործած պատանիներ, եթե կատարվածի բնույթը և հանցագործի անձը թույլ են տալիս քրեական պատիժը փոխարինել ներգործության այլ միջոցներով: Հ. պ–տ. ու. ուղարկելու որոշումը ընդունում է անչափահասների գործերի հանձնաժողովը կամ դատարանը: Սաները ուսումնարանում կարող են մնալ 3 տարուց ոչ ավելի: Օրինակելի վարքի, բարեխիղճ աշխատելու և սովորելու դեպքում նրանց տեղափոխում են ընդհանուր տիպի ուսումնարան կամ տեղավորում աշխատանքի: Հ. պ–տ. ու–ում ուսումնադաստիարակչական աշխատանքի մեթոդիկան, խրախուսման և պատժի համակարգը մշակվում են` նկատի առնելով սաների կազմի առանձնահատկությունները, նրանց ուղղելու անհրաժեշտությունը: Սաներն ստանում են աշխատանքային մասնագիտություն, անց են կացնում արտադրական պրակտիկա և որակավորման քննություն հանձնում պրոֆտեխ. կրթության ընդհանուր ծրագրով: Նրանց հնարավորություն է տրվում շարունակելու ընդհանուր կրթությունը: Սովորողների վրա լիովին տարածվում է անչափահասների աշխատանքային օրենսդրությունը: Ուսումնարաններում օրենքների կատարմանը հսկում է դատախազությունը: