ՀՍՀ/ՀԱՏՈՒԿ ՎԱՐՈՒՅԹ
ՀԱՏՈՒԿ ՎԱՐՈՒՅԹ, քաղաքացիական դատավարությունում առաջին ատյանի դատարանի վարույթի տեսակ: Ի տարբերություն հայցային, վարչա–իրավական հարաբերություններից ծագող գործերի, Հ. վ–ի գործերով բացակայում է քաղաքացիական իրավունքով լուծվող վեճը, ուստի և` հայցվորն ու պատասխանողը (իրավաբանական փաստի հաստատում, քաղաքացուն անհայտ բացակա ճանաչելը և մահացած հայտարարելը, սահմանափակ գործունակության ճանաչում, քաղաքացիական կացության ակտերի գրանցման մատյանում անճիշտ գրանցման փաստի հաստատում, գույքի տիրագրկության ճանաչում, կորցրած փաստաթղթերի նկատմամբ իրավունքների վերականգնում, նոտարների, նոտարական մարմինների գործողությունների դեմ գանգատներ): Դատարանը միայն հաստատում է գոյություն ունեցող փաստը` անձանց, իրադրության որոշակի վիճակը: Դատարանը Հ. վ–ի գործեր հարուցում է շահագրգռված անձի կամ կազմակերպության դիմումով: Եթե գործի քննության ընթացքում պարզվում է վեճի առկայությունը, դիմումը թողնվում է առանց քննության, իսկ շահագրգռված կողմին իրավունք է վերապահվում հայցով դիմել դատարան:
Ռ. Պետրոսյան
