Jump to content

ՀՍՀ/ՀԱՐԱԲԵՐԱԿԱՆ ՄԵԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀԱՐԱԲԵՐԱԿԱՆ ՄԵԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ վիճակագրության մեջ, միմյանց հետ համեմատվող երկու ցուցանիշների հարաբերության քանակական բնութագրեր: Ստացվում են մի ցուցանիշը հարաբերելով մյուս` համեմատության բազա ընդունած ցուցանիշին, արտահայտվում գործակիցներով, տոկոսներով, պրոմիլներով ևն, որոշ դեպքերում նաև անվանական թվերով (օրինակ, բնակչության մեկ շնչին ընկնող որևէ արտադրանքի քանակը): Հ. մ. լինում են` դինամիկայի (բնութագրում են նույնանուն երևույթի մակարդակի փոփոխությունը ժամանակի ընթացքում), պլանի կատարման (տվյալ ժամանակահատվածում պլանային առաջադրանքի կատարման աստիճանը), կառուցվածքի (համակցության առանձին մասերի, խմբերի տեսակարար կշիռներն ամբողջի մեջ), ինտենսիվության (տվյալ երևույթի տարածվածության կամ զարգացման աստիճանը որոշակի միջավայրում), կոորդինացիայի (համակցության առանձին մասերի և այդ մասերից որևէ մեկի հարաբերակցությունը) և համեմության (տարբեր օբյեկտների կամ տերիտորիաների պատկանող նույնանուն մեծությունների համեմատական աստիճանը): Հ. մ. օգտագործվում են ժողտնտեսության և նրա ճյուղերի զարգացման ուսումնասիրման, ձեռնարկությունների տնտ. գործունեության վերլուծության համար:

Ա. Կոստանյան