ՀՍՀ/ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ
ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ, փիլիսոփայական հասկացություն, որն արտահայտում է երևույթների փոխկապակցության վերացարկված բնույթը: Հ–յան հետազոտման կարևորությունը պայմանավորված է ոչ միայն իրի բաղկացուցիչ տարրերով, այլև դրանց փոխդասավորվածության բնույթով: Հ–յան կարևոր դերի օրինակ է քիմ. իզոմերիայի երևույթը: Հ–յան մասին հասկացությունը պատկանում է իրականության դիֆերենցման այն եղանակին, որը իրականության բոլոր երևույթները ստորաբաժանում է իրի, հատկության և Հ–յան: Այս բաժանումը, սակայն, քարացած չէ. իրերը, հատկությունները և Հ–ները դիալեկտիկորեն փոխկապակցված են` դրանք ենթադրում են մեկը մյուսից և մեկը փոխվում է մյուսին: Դրա հետ մեկտեղ իրերը մեկուսացված չեն մեկը մյուսից, այլ գոյություն ունեն Հ–ների համակարգում: Իրերի հատկությունները անհրաժեշտորեն դրսևորվում են միմյանց նկատմամբ իրերի Հ–յան միջոցով: Ավելին, իրերը և դրանց հատկությունները կարող են դիտվել որպես Հ–ներ: Այսպես, քաղաքատնտեսությունում ապրանքը բնութագրվում է որպես հասարակական հարաբերություն: Ըստ մատերիալիստական փիլիսոփայության, իրերի միջև Հ–ները նույնքան իրական են, որքան և այդ իրերը: Տես նաև Հարաբերությունների տրամաբանություն:
Լ. Աբրահամյան
