ՀՍՀ/ՀԱՐԱԴՐՈՒԹՅՈՒՆ
ՀԱՐԱԴՐՈՒԹՅՈՒՆ, բառաբարդության տեսակ, որի դեպքում բարդ բառեր են կազմվում առանձին բառերի հարադրմամբ: Հ–ները կարող են լինել անվանական (գիշեր–ցերեկ, կահ–կարասիք, հինգ–վեց) և բայական (բաց թողնել, ծլել–ծաղկել, գլուխ բերել): Հայոց լեզուն առանձնապես հարուստ է բայական հարադրական բարդություններով, որոնք լինում են. ա. հարադրավոր (եռ գալ, աչքի ընկնել), բ. զուգադրական (բռնել տանել, երգել–պարել) և գ. պատճառական (գրել տալ, զգացնել տալ): Նույն բառերի հարադրմամբ կազմվում են կրկնավոր բարդություններ (արագ–արագ, խումբ–խումբ, հմմտ. նաև` բան–ման, մարդ–մուրդ, առոք–փառոք): Հաճախ նույնանիշ, հականիշ և կամ` իմաստով հարաբերակից բառերի հարադրությամբ, երբ դրանք կապակցվում են ու (հազվադեպ` և) շաղկապով, կազմվում են բաղհյուսական բարդություններ (ահ ու դող, բառ ու բան, կեր ու խում, կարգ ու կանոն, սար ու ձոր, ներս ու դուրս): Հարադրությամբ կազմված բարդությունների բաղադրիչները սովորաբար գործածվում են անջատ և ունենում առանձին շեշտ, բայց, իբրև կանոն, միասին մի ընդհանուր բառային նշանակություն են արտահայտում:
Ա. Մարգարյան
