Jump to content

ՀՍՀ/ՀԱՐԱԼԵԶՆԵՐ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀԱՐԱԼԵԶՆԵՐ, Արալեզներ, Առլեզք, առասպելական շնակերպ հրեշներ: Հնում հայերը հավատացել են, որ Հ. մահացած քաջերին լիզելով, կենդանացրել են: Ըստ ավանդության, Ասորեստանի Շամիրամ թագուհին Հ–ին է հանձնել մարտում զոհված Արա Գեղեցիկի դին` վերքերը շարունակ լիզելով կենդանացնելու: Այս պատկերացումից ծագել է Հ. («Արային լիզողներ») անունը: Մարտում զոհված էր (Արա) քաջամարտիկի կենդանացման մասին զրույցը այլ տարբերակով հաղորդում է նաև Պլատոնը: Փավստոս Բուզանդը գրում է, որ Հայոց քաջ սպարապետ Մուշեղ Մամիկոնյանի (IV դ.) դիակը հարազատները դրել են բարձր աշտարակի վրա` հավատալով, որ Հ. կկենդանացնեն նրան: Վանական Վարդապետը Հ. է անվանում նաև Մասիս սարի մեջ իբրև բանտված Հայոց Արտավազդ թագավորի շներին, որոնք «յար լեզուն զկապանս նորա»:

Գրկ. Ալիշան Ղ., Հին հավատք կամ հեթանոսական կրոնք հայոց, Վնտ., 1895: Մ. Կատվալյան