ՀՍՀ/ՀԱՐԱՎԱՅԻՆ ԱՎՍՏՐԱԼԻԱ
ՀԱՐԱՎԱՅԻՆ ԱՎՍՏՐԱԼԻԱ (South Australia), նահանգ Ավստրալիական Միությունում: Տարածությունը 984,4 հզ. կմ² է, բնակչությունը` 1244,6 հզ. (1976): Վարչական կենտրոնը` Ադելաիդա: Տարածքի մեծ մասը մեկուսացած լեռնազանգվածներով (Մասգրեյվ, Ստյուարտ) ու աղի լճերով (Էյր, Գերդներ, Թորենս ևն) զբաղեցված իջվածքներով անապատային հարթավայր է: Արլ–ում և հվ–արլ–ում Լոֆտի, Ֆլինդերս, Գոլեր լեռներն են` մշտադալար թփուտներով: Ծայր հվ–ում Մուրեյ գետի հարթավայրն է, ուր կենտրոնացած են բնակչությունն ու տնտ. կյանքը: Մշակովի հողերը 2,4 մլն հա են (1974), որից ոռոգովի` 80 հզ. հա: Զբաղվում են հացահատիկի մշակությամբ, խաղողագործությամբ, պտղաբուծությամբ: Զարգացած է արոտային անասնապահությունը: Տալիս է երկրի բրդի 20–ը, մսի և կարագի զգալի մասը: Արդյունահանում են պղինձ, երկաթի հանքաքար, բնական գազ, քարածուխ: Զարգացած է սև և գունավոր մետալուրգիան, մեքենաշինությունը, գինեգործությունը, նավթաքիմիան: Հիմնական նավահանգիստներն են Ուայալան, Պորտ Ստանվակը, Պորտ Ադելաիդան, Պորտ Փիրին:
