ՀՍՀ/ՀԱՐԱՎԱՅԻՆ ԱՖՐԻԿԱ
ՀԱՐԱՎԱՅԻՆ ԱՖՐԻԿԱ, բնամարզ Աֆրիկայում: Տարածվում է Կոնգո–Զամբեզի ջրբաժանային սարավանդից (հվ. լայնության 12–13–ից հվ.) հվ.: Ընդգրկում է նաև Մադագասկար և Մասկարենյան կղզիները: Տարածքի մեծ մասն զբաղեցնում են 1500–2000 մ բարձրության սարահարթերով եզրավորված Կալահարիի բարձրադիր հարթավայրերը (Դրակոնյան լեռներում` մինչև 3660 մ), ծայր հվ–ում` Կապի լեռները: Հ. Ա. զառիթափ աստիճաններով իջնում է դեպի Ատլանտյան և Հնդկական օվկիանոսների ափամերձ դաշտավայրերը: Կլիման առավելապես արևադարձային պասսատային է, մեծ մասամբ չորային, ծայր հվ–ում` մերձարևադարձային: Խոշոր գետերն են Լիմպոպոն, Զամբեզին, Օրանժը, Կունենեն ևն) Տարածված են տերևաթափ նոսր անտառներ, սավաննաների և անապատների տարբեր տեսակներ, ծայր հվ–ում` մերձարևադարձային մշտականաչ անտառներ: Կան առյուծների, ընձառյուծների, փղերի, գոմեշների, ռնգեղջյուրների, ընձուղտների պահպանման արգելավայրեր: Հ. Ա–ի սահմանների մեջ ամբողջովին կամ մասամբ մտնում են ՀԱՀ–ը, Նամիբիան, Հարավային Ռոդեզիան, Սվազիլենդը, Լեսոթոն, Բոտսվանան, Անգոլան, Զամբիան, Մոզամբիկը, Մալավին, Մադագասկարը և Մավրիկիոսը:
