ՀՍՀ/ՀԱՐԱՎԱՅԻՆ ՌՈԴԵԶԻԱ
ՀԱՐԱՎԱՅԻՆ ՌՈԴԵԶԻԱ (Southern Rhodesia) (աֆրիկյան անվանումը` Զիմբաբվե), երկիր Հարավային Աֆրիկայում: Սահմանակից է Զամբիային, Մոզամբիկին, Բոտսվանային և ՀԱՀ–ին: Տարածությունը 391 հզ. կմ² է, բն. 6,74 մլն (1977): Վարչական կենտրոնը` Սոլսբերի: Վարչականորեն բաժանվում է 7 նահանգի:
Պետական կարգը: Հ. Ռ. հանրապետություն է: Գործող սահմանադրությունն ուժի մեջ է 1979–ի հունվարից: Օրենսդրական իշխանության բարձրագույն մարմինը երկպալատ պառլամենտն է (սենատ, ժողովի պալատ): Պետության գործադիր իշխանությունն իրականացնում է կառավարությունը` պրեմիեր մինիստրի գլխավորությամբ:
Բնությունը: Տարածքի մեծ մասը զբաղեցնում են Մատաբելե և Մաշոնա թույլ ալիքավոր սարահարթերը` 800–1500 մ բարձրությամբ, առավելագույնը` 2596 մ (Ինյանգանի լեռ): Հ. Ռ–ի տարածքը տեղադրված է Աֆրիկական պլատֆորմի վրա: Նրա հիմնական մասը գրավում է Զիմբաբվե լեռնազանգվածը, որի տարաշարժվածքի երկայնքով ներդրվել է ավելի քան 500 կմ երկարության և մինչև 10 կմ լայնության Մեծ Դայկան: Կան քրոմիտների, պլատինի, մագնետիտի, բերիլիումի, քարածխի, ոսկու, պղնձի, նիկելի, ասբեստի և այլ հանքավայրեր: Կլիման հս–ում մերձհասարակածային է, հվ–ում` արևադարձային: Ամենատաք ամսվա (հոկտեմբեր) միջին ջերմաստիճանը 21 – 27 С է, ամենացուրտ ամսվանը (հուլիս)` 10–17°C, տարեկան տեղումները հվ–արմ–ում` 300–750 մմ, արլ–ում` մինչև 1250 մմ: Գետային ցանցը խիտ է: Գետերը սահանքավոր են և պատկանում են Զամբեզիի ու Լիմպոպոյի ավազաններին: Զամբեզի գետի միջին հոսանքում է Կարիբա ջրամբարը: Կարմրադարչնագույն հողերի վրա տարածված են սավաննայհն նոսր անտառներն ու անապատացած սավաննաները, Ինյանգա լեռների արլ. լանջերին մշտականաչ խոնավ անտառներ ու լեռնամարգագետիններ են: Կենդանական աշխարհը ենթարկվել է ոչնչացման և աղքատացել: Հանդիպում են այծքաղ, ընձուղտ, զեբր, ընձառյուծ ևն: Շատ են թռչունները, սողունները և միջատները (հատկապես ցեցե ճանճը): Ստեղծվել են կենդանական և բուսական աշխարհի պահպանության ազգային պարկեր (Ուանկի, Վիկտորիա Ֆոլս): Բնակչության ավելի քան 95–ը աֆրիկացիներ են` բանտու լեզվաընտանիքին պատկանող մաշոնաներ, մատաբելեներ և այլք, մոտ 5–ը` եվրոպացիներ (1975): Կան նաև հնդիկներ: Պաշտոնական լեզուն անգլերենն է, տոմարը` գրիգորյանը: Աֆրիկացիների մեծ մասը պահպանում են տեղական ավանդական հավատալիքները, կան քրիստոնյաներ: Բնակչության միջին խտությունը 1 կմ² վրա 17 մարդ է (1977), քաղաքային բնակչությունը` 19,4 (1976): Կարևոր քաղաքներն են Սոլսբերին, Բուլավայոն:
Պատմական ակնարկ: Հ. Ռ–ի տարածքում մարդու բնակության հնագույն հետքերը վերաբերում են հին քարի դարին: XIV–XIX դդ. գոյություն են ունեցել պետ. տարբեր միավորումներ: XIX դ. վերջից մինչև 1923–24–ը Հ. Ռ–ի և Հյուսիսային Ռոդեզիայի 1895–ից երկիրը Ռոդեզիա է կոչվել անգլիացի գաղութարար Ս. Ռոդոսի (Rhodes) անունով տարածքները կառավարել է «Բրիտանական հարավ–աֆրիկյան ընկերությունը»: 1923–ին Հ. Ռ–ի տարածքն ստացել է ինքնավար գաղութի ստատուս (Հ. Ռ. անվամբ): Սպիտակամորթ փոքրամասնության կառավարությունները աֆրիկացիների նկատմամբ վարել են ռասայական խտրականության քաղաքականություն: Սեծ Բրիտանիայի կառավարությունը, ձգտելով ամրապնդել իր դիրքը Կենտրոնական Աֆրիկայում, 1953–ին Հ. Ռ. միավորեց Հյուսիսային Ռոդեզիա (1964–ից` Զամբիա) և Նյասալենդ (1964–ից` Մալավի) պրոտեկտորատներին` ստեղծելով Ռոդեզիայի և Նյասալենդի Ֆեդերացիա (կազմալուծվել է 1963–ին): 1957–ին վերստեղծված Աֆրիկյան ազգային կոնգրես (ԱԱԿ, հիմնվել էր երկրորդ համաշխարհային պատերազմի նախօրեին) կազմակերպությունը հանդես եկավ ֆեդերացիան և ռասայական օրենքները վերացնելու պահանջով: 1960–ին ԱԱԿ–ի (1959–ից արգելված էր) հիմքի վրա ձևավորվեց ազգային դեմոկրատական կուսակցությունը (ԱԴԿ), որը հանդես եկավ համընդհանուր ընտրական իրավունքի պահանջով: 1961–ին ԱԴԿ արգելվեց, նրա հիման վրա ստեղծվեց Զիմբաբվեի աֆրիկյան ժողովրդի միություն (ԶԱԺՄ) կուսակցությունը: 1962–ին ԶԱԺՄ արգելվեց, այն անցավ ընդհատակ և որդեգրեց ռասիստական վարչակարգի դեմ զինված պայքարի կուրս: Զինված պայքարին կողմ էր նաև ԶԱԺՄ–ի պառակտումից առաջացած (1963) Զիմբաբվեի աֆրիկյան ազգային միություն (ՋԱԱՄ) կուսակցությունը: Աֆրիկացիների պայքարը ռասիստական վարչակարգին հարկադրեց զիջումների: 1961–ի սահմանադրությամբ աֆրիկացիները ստացան պառլամենտի 65 տեղից 15–ը: 1962–ի ընտրություններում հաղթանակ տարավ ռոդեզիական ճակատ (ՌՃ, ստեղծվել էր 1961–ին) ծայրահեղ աջ ռասիստական կուսակցությունը: 1965–ի նոյեմբ. 11–ին Հ. Ռ–ի կառավարությունը, Յա. Սմիթի (պրեմիեր մինիստր` 1964–ից, Ռճ–ի պարագլուխ) գլխավորությամբ, հռչակեց երկրի անկախությունը, որը Մեծ Բրիտանիան չճանաչեց: ՄԱԿ–ի Անվտանգության խորհուրդը որոշում ընդունեց սանկցիաներ կիրառել Հ. Ռ–ի ռասիստական վարչակարգի նկատմամբ, սակայն արմ. շատ երկրներ խախտում էին այդ որոշումները: 1976–ի հոկտեմբերին ԶԱԺՄ և ԶԱԱՄ ստեղծեցին Հայրենասիրական ճակատ (ՀՃ), որին Աֆրիկյան միասնության կազմակերպությունը (ԱՄԿ) ճանաչեց իբրև Հ. Ռ–ի ազգային–ազատագրական պայքար մղող միակ ուժ: 1976–77–ին մշակվեցին անգլո–ամերիկյան պլաններ Հ. Ռ–ի հարցը կարգավորելու վերաբերյալ, որոնք չիրագործվեցին: 1978–ի փետրվարին Յա. Սմիթի ռասիստական վարչակարգի և աֆրիկյան համաձայնողական կազմակերպությունների (ԶԱԱՄ–ի խմբավորում, Աֆրիկյան միացյալ ազգային խորհուրդ, Զիմբաբվեի միացյալ ժող. կազմակերպություն) պարագլուխների միջև համաձայնություն կայացվեց, այսպես կոչված, ներքին կարգավորման մասին: Ստեղծվեց Պետ. գործադիր խորհուրդ, որի մեջ մտան Յա. Սմիթը և աֆրիկյան կազմակերպությունների պարագլուխները: ՄԱԿ–ի Անվտանգության խորհուրդը և ԱՄԿ այդ համաձայնությունը հայտարարեցին անվավեր: 1979–ի հունվարին ռասիստական վարչակարգը հռչակեց սահմանադրություն, որով երկիրը կոչվեց «Ռոդեզիա– Զիմբաբվե»: 1979–ի ապրիլի 17–24–ին, զանգվածային հալածանքի պայմաններում տեղի ունեցան ընտրություններ, որոնց հետևանքով պառլամենտում 72 տեղ ստացան Հ. Ռ–ի աֆրիկյան համաձայնողական կազմակերպությունների ներկայացուցիչները, 28 տեղ` սպիտակամորթ ներկայացուցիչները, սակայն սահմանադրությամբ սպիտակամորթ փոքրամասնությունը որոշիչ դիրք ունի պառլամենտում և վետոյի իրավունք: Բացի այդ, ռասիստների հսկողության տակ մնացին բանակը, ոստիկանությունը, դատարանները: Պառլամենտում մեծամասնություն կազմեց Աֆրիկյան միացյալ ազգային խորհուրդ կազմակերպությունը` Ա. Մուզորևայի գլխավորությամբ, որը դարձավ պրեմիեր մինիստր: Յա. Սմիթը ստանձնեց անպորտֆել մինիստրի պաշտոնը: Աֆրիկացիների չդադարող պայքարը հարկադրեց անցկացնել նոր ընտրություններ: 1980–ի փետր. 27–29–ի ընտրությ л ւններում հաղթանակ տարավ Հճ` ստանալով պառլամենտի 100 տեղից 77–ը: ԶԱԱՄ–ի (ստացել է 57 տեղ) նախագահ Ռ. Մուգաբեն կազմեց նոր կառավարություն: 1980–ի ապրիլի 18–ին Հ. Ռ. Զիմբաբվե անունով հռչակվեց անկախ պետություն: Քաղաքական կուսակցությունները և արհմիությունները: Աֆրիկյան միացյալ ազգային խորհուրդ,1979–ի ապրիլից կառավարող կուսակցությունն է, ստեղծվել է 1972–ին: Ռոդեզիական ճակատ, մինչև 1979–ի ապրիլը կառավարող կուսակցությունն էր, ստեղծվել է 1962–ին, արտահայտում է ազգաբնակչության եվրոպական փոքրամասնության շահերը: Ռոդեզիական ազգային կուսակցություն, եվրոպական ազգաբնակչության ծայրահեղ աջ կուսակցություն է: Ռոդեզիայի Հանրապետության պահպանողականների միություն, ստեղծվել է 1969–ին, եվրոպական ազգաբնակչության ծայրահեղ աջ կուսակցություն է: Միացյալ պահպանողական կուսակցություն, ստեղծվել է 1975–ին: Գործողության ռոդեզիական կուսակցություն, հիմնվել է 1977–ին, եվրոպական ազգաբնակչության աջ կուսակցություն է: Ազգային միասնության ուժ, ստեղծվել է 1977–ին, եվրոպական ազգաբնակչության լիբերալ խմբավորումների կուսակցությունն է: Զիմբաբվեի աֆրիկյան ժողովրդի միություն, ստեղծվել է 1961–ին, Զիմբաբվեի աֆրիկյան ազգային միություն, ստեղծվել է 1963–ին, երկու կուսակցությունները 1976–ին միավորվեցին հայրենասիրական ճակատի մեջ, որը մղում է ազգային–ազատագրական պայքար: Զիմբաբվեի միացյալ ժողովրդական կագմակերպություն, հիմնվել է 1972–ին, աֆրիկյան կուսակցություն է: Արհմիությունների աֆրիկյան կոնգրես, ստեղծվել է 1957–ին: Աֆրիկյան արհմիությունների ազգային ֆեդերացիա, ստեղծվել է 1965–ին: Տնտեսա–աշխարհագրական ակնարկ: Հ. Ռ. օտարերկրյա կապիտալից կախյալ ագրարային–ինդուստրիալ երկիր է: Էկոնոմիկային բնորոշ են եվրոպական (խոշոր ապրանքային գյուղատնտեսության հիմնական մասը և արդյունաբերությունը) և աֆրիկյան սեկտորները: Հողատիրության հիմքում ընկած է ռասայական խտրականությունը: Եվրոպական սեկտորը ներկայացված է գաղութաբնակների խոշոր ֆերմաներով ու պլանտացիաներով, աֆրիկյան սեկտորը` գյուղացիական տնտեսություններով և միջին կապիտալիստական ֆերմաներով: Մշակում են հացահատիկ, ծխախոտ, թեյ, ցիտրուսային կուլտուրաներ, շաքարեղեգ, բամբակենի ևն) Արտադրում են միս, կաթնամթերք: Կա փայտամթերում (6 մլն մ³, 1975): Տնտեսության առաջատար ճյուղերից է լեռնահանքային արդյունաբերությունը: Արդյունահանում են ոսկի, ասբեստ, քրոմիտներ, պղինձ, քարածուխ, նիկել, երկաթ ևն: 1976–ին արտադրվել է 6,8 մլրդ կվտ ժ էլեկտրաէներգիա: Կան մետալուրգիական, մետաղամշակման, տեքստիլ, էլեկտրատեխնիկական, քիմ., մեքենաշինական ձեռնարկություններ, որոնց մեծ մասը գտնվում են Սոլսբերիում և Բուլավայոյում: Երկաթուղիների երկարությունը 2564 կմ (1974) է, ավտոճանապարհներինը` 78841 կմ (1977): Ավիագծերով կապվում է Աֆրիկայի և Եվրոպայի երկրների հետ: Արտահանում է ծխախոտ, ոսկի, ասբեստ, քրոմիտներ, նիկել, ֆեռաքրոմ, պղինձ: Առևտրական հիմնական գործընկերը ՀԱՀ–ն է: Դրամական միավորը ռոդեզիական դոլլարն է, որը հավասար է ամերիկյան 1,52 դոլլարի (1977): Բժշկասանիտարական վիճակը և առողջապահությունը: Առողջապահության համաշխարհային կազմակերպության 1977–ի տվյալներով 1963–ին Հ. Ռ–ում սպիտակամորթ բնակիչների ծնունդը կազմել է 1000 բնակչին 16,0, մահացությունը` 7,6, մանկական մահացությունը 1000 ողջ ծնվածին` 21,1: Գունամորթների կյանքի միջին տևողությունն է (1962). տղամարդկանցը` 48 տարի, կանանցը` 49, սպիտակամորթներինը (1961–63), համապատասխանաբար, 66,9, 74 (աֆրիկացիների առողջությունը բնութագրող դեմոգրաֆիական ցուցանիշներ չկան): Տարածված են վարակիչ և մակաբուծական հիվանդությունները (տուբերկուլոզ, տրախոմա, որովայնային տիֆ, բոր ևն): 1974–ին գործում էին 253 հիվանդանոց` 19,3 հզ. մահճակալով (1000 բնակչին` 3,1 մահճակալ), այդ թվում` 106–ը (11 հզ. մահճակալով) պետ., 147–ը (8,3 հզ. մահճակալով)` մասնավոր: Աշխատում էին (1973) 1035 բժիշկ (5,7 հզ. բնակչին` 1 բժիշկ), 2,3 հզ. բուժակ, 162 ատամնաբույժ, 329 դեղագործ և մոտ 10 հզ. այլ բուժաշխատողներ: Բժիշկներ է պատրաստում համալսարանական կոլեջին կից բժշկ. դպրոցը, բուժքույրեր և մանկաբարձներ` Աոլսբերիի և Բուլավայոյի պետ. կենտրոնական հիվանդանոցները: 1971–ին առողջապահության ծախսերը կազմել են պետ. բյուջեի 5,7–ը:
Լուսավորությունը: Հ. Ռ–ում լուսավորության գործը կառուցված է ռասայական խտրականության սկզբունքով` բնիկների և եվրոպացիների երեխաները սովորում են տարբեր դպրոցներում: Տարրական կրթությունը 8–ամյա է, իրականացվում է մեկը մյուսին հաջորդող 3 տիպի` 2–ամյա նախապատրաստական, 3–ամյա ցածր տարրական և 3–ամյա բարձր տարրական դպրոցներում: 1956–ին օրենք է ընդունվել պարտադիր տարրական կրթության մասին: Միջնակարգ դպրոցը կազմված է 2–ամյա ցածր միջնակարգ, 2–ամյա միջին և 2–ամյա բարձր միջնակարգ (որից հետո իրավունք է տրվում բուհ ընդունվելու) դպրոցներից: Առաջին երկու տիպի տարրական դպրոցներում ուսուցումը տարվում է մայրենի լեզվով, բարձր տարրական և միջնակարգ դպրոցներում` անգլերենով: Պրոֆտեխնիկական կրթական համակարգը թույլ է զարգացած: Աֆրիկացիների ցածր պրոֆտեխնիկական և միջնակարգ մասնագիտական կրթությունը իրականացվում է Նյատսայմի 5–ամյա տեխ., Չիբերի և Գվեբիի 3–ամյա գյուղատնտ. կոլեջներում (ոչ լրիվ միջնակարգ դպրոցի հիմքի վրա) և տնարարության 9 դպրոցներում: Բարձրագույն կրթության համակարգի մեջ մտնում են` Ռոդեզիայի համալսարանը (հիմն. 1955–ին, Սոլսբերի)` կից գործող մի քանի ինստ–ներով, Սոլսբերիի պոլիտեխնիկական ինստ–ը (1927): Խոշոր թանգարաններն են` Հ. Ռ–ի թանգարանը (Բուլավայոյում), Ազգային պատկերասրահը, Քանդակագործական հուշարձանների թանգարանը (երկուսն էլ` Սոլսբերիում) են, գրադարանները` Պառլամենտական, Հանրային, Համալսարանի ևն: Մամուլը, ռադիոհաղորդումները, հեռուստատեսությունը: 1978–ին լույս էին տեսնում² օրաթերթ` «Հերալդ» («The Herald», 1892–ից), «Քրոնիքըլ» («The Chronicle», 1894–ից) և 60 այլ պարբերականներ, որոնցից են` «Սանդի մեյլ» («Sunday Mail», 1935–ից) կիրակնօրյա թերթը, «Սիթիզըն» («The Citizen», 1953–ից) շաբաթաթերթը, «Աութպոստ» («Outpost», 1911–ից) ամսագիրը: Ինթեր–Աֆրիքըն Նյուս Էյջընսի (Inter–African News Agency Ltd.) մասնավոր ինֆորմացիոն գործակալությունը (հիմն. 1964–ին) Հարավ–Աֆրիկյան Հանրապետության Սաութ Աֆրիքըն պրես ասոշիեյշըն ինֆորմացիոն գործակալության մասնաճյուղ է: Ռոդեզիայի ռադիոհաղորդումների կորպորացիան (Rhodesia Broadcasting Corporation), հիմն. 1964–ին, վերահսկում է ռադիո– և հեռուստահաղորդումները: Հեռուստատեսությունը գործում է 1960–ից:
Ճարտարապետությունը և կերպարվեստը: Հնագիտական հնագույն նմուշները պալեոլիթի ժամանակաշրջանի ժայռապատկերներ են (մարդկանց և կենդանիների ուրվագծային կամ գունազարդ ֆիգուրներ, ծեսի տեսարաններ), որոնք կատարված են աշխարհում առաջին «մատիտներով»` հեմատիտի գորշ ձողիկներով (հայտնաբերվել են Մատոպո լեռների Բամբատա քարանձավում): XIX դ. բացվել են քարաշեն համալիրների (Զիմբաբվե, Դհլո–Դհլո են) ավերակներ: Ժամանակակից ավանների հատակագծումը նման է հնագույն համալիրներին (բնակելի և տնտ. կառույցները շրջափակված են կավածեփ պատերով): Բնակարանների տիպերից է կոնաձև ծածկով բոլորաձև խրճիթը: XIX դ. երևան են եկել ցածրահարկ, աղյուսե տներով կառուցապատված, շախմատաձև հատակագծված քաղաքներ: 1950–ական թվականներից կառուցվում են բազմահարկ շենքեր` ժամանակակից արեմտաեվրոպական ճարտ–յան ոգով: Գեղանկարիչներից են` Ս. Սոնգոն, Ջ. Նդանդարիկան, Տ. Մուկարոբգվան (բնանկարներ, կենցաղային տեսարաններ), քանդակագործներից` Տ. Դուբեն, Յո. Լիկոտոն, Բ. Մտեկին: Գեղարվեստական արհեստներից զարգացած են փայտի փորագրությունը (տնային կահկարասի), բրուտագործությունը (երկրաչափական նախշերով զարդարված կճուճներ և սափորներ), հյուսումը:
Երաժշտությունը: Հ. Ռ–ի երաժշտական մշակույթն ընդգրկում է հվ–արլ. (մաշոնա, մատաբելե, տսոնգա ևն), կենտրոնական և արլ. բանտու ժոդովուրդների, ինչպես և եվրոպական ծագում ունեցող բնակչության երաժշտությունը: Երաժշտական գործիքներից առավել տարածված է մբիրան (լեզվակավոր նվագարան, կոչվում է նաև նշարի, նյանշա), որը հաճախ օգտագործվում է անսամբլներում: Մբիրայի վիրտուոզ կատարողներից են Դ. Ա. Մարեյրը, Լ. Չ. Սուկատաին: Առանձնապես հետաքրքիր է մաշոնա ժողովրդի երաժշտությունը: Խմբերգեցողությանը բնորոշ է զարգացած վոկալ բազմաձայնությունը: Ինքնատիպ է մատաբելե ժողովրդի խմբերգային մշակույթը, որտեղ մեծ դեր ունեն բազմաձայնությունը և բագմառիթմայնությունը: XX դ. 2–րդ կեսից, Արևմուտքի մասսայական երաժշտության տարածման հետևանքով, բանահյուսական ավանդույթները դուրս են մղվում: Սպիտակամորթ փոքրամասնության մշակույթի հարցերով զբաղվում են Արվեստի գործերի ռոդեզիական ընկերությունը (հիմն. է 968–ին) և նրա բաժանմունքը Սոլսբերիում` Արվեստի գործերի խորհուրդը: Երաժշտական հաստատություններից են` Ռոդեզիայի երաժշտական կոլեջը Սոլսբերիում (հիմն. 1948–ին) և Կվանոնգոմա երաժշտական կոլեջը Բուլավայոյում, որոնք նախատեսված են հիմնականում սպիտակամորթ փոքրամասնության համար:
Գրկ. Демкина Л. А., Крах Федерации Родезии и Ньясаленда, М., 1965 Windri с h Е., The Rhodesian Problem. А Documentary Record 1923–1973, L.–Boston, 1975.
