Jump to content

ՀՍՀ/ՀԱՐԱՎՍԼԱՎԻԱ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀԱՐԱՎՍԼԱՎԻԱ (Jugoslavija, Jyгославиja), Հարավսլավիայի Սոցիալիստական Ֆեդերատիվ Հանրապետություն, ՀՍՖՀ (Տօcijalistika Federativna Republika Jugoslavija, Социjалистичка Федеративна Република Jyгocлaвиja).

I. Ընդհանուր տեղեկություններ

Հ. սոցիալիստական պետություն է Եվրոպայի հարավում: Տարածքի մեծ մասը գտնվում է Բալկանյան թերակղզու հս–արմ. և կենտրոնական մասում` Դանուբի ավազանում: Արմ–ում ողողվում է Ադրիատիկ ծովի ջրերով: Տարածությունը 255,8 հզ. կվ 2 է, բնակչությունը` 21,968 հզ. (1978): Մայրաքաղաքը` Բելգրադ:

II. Պետական կարգը

Հ. սոցիալիստական ֆեդերատիվ հանրապետություն է, որի կազմի մեջ մտնում են 6 հանրապետություն և 2-ինքնավար երկրամաս: Գործող սահմանադրությունն ընդունվել է 1974–ին: Հասարակական ինքնավարության և իշխանության բարձրագույն մարմինը` ՀՍՖՀ սկուպշչինան, բաղկացած է երկու պալատից (Միութենական վեչե և Հանրապետությունների ու երկրամասերի վեչե): Միութենական վեչեն ընդգրկում է հանրապետությունների և երկրամասերի ինքնավար կազմակերպությունների, միավորների և հասարակական–քաղաքական կազմակերպությունների պատգամավորներին, Հանրապետությունների և երկրամասերի վեչեի պատգամավորներին ընտրում են համապատասխան սկուպշչինաները: Սկուպշչինայի վեչեները գործում են միմյանցից անկախ և սահմանադրությամբ նախատեսված լիազորությունների շրջանակում իրականացնում են ինքնուրույն օրենսդրական գործունեություն: Սահմանադրությունը նախատեսում է նաև իշխանության երկու բարձրագույն մարմին` ՀՍՖՀ նախագահություն և հանրապետության պրեզիդենտ: Պրեզիդենտը համարվում է պետության գլուխը, միջազգային հարաբերություններում ներկայացնում է երկիրը, գլխավորում է ՀՍՖՀ– ի նախագահությունը, ժողովրդական պաշտպանության խորհուրդը: Հ–ի կառավարման բարձրագույն մարմինը Միութենական գործադիր վեչեն է, որին ընտրում է ՀՍՖՀ սկուպշչինան` 4 տարի ժամկետով: ՀՍՖՀ արդարադատության մարմինների համակարգը գլխավորում է Միութենական դատարանը:

III. Բնությունը

Հ–ի տարածքի 2 3–ը զբաղեցնում են ցածր և միջին բարձրության լեռները: Հս–արմ–ում Արևելյան Ալպերի լեռնաշղթաներն են (այդ թվում` Յուլիական Ալպերը Հ–ի ամենաբարձր գագաթով` Տրիգլավ լեռով, 2863 tl), հս–արմ–ից հվ– արէ. 650 կս երկարությամբ ձգվում է Դինարյան բարձրավանդակը, որի հս–արմ. ծայրամասին հարում է Կարստ սարավանդը: Հվ–ում Ռոդոպի–Մակեդոնյան լեռնազանգվածն է (բարձրությունը` մինչև 2764 մ), արլ–ում` Արևելա–Սերբական լեռները (բարձրությունը` մինչև 2168 մ): Ադրիատիկ ծովի ափը կտրտված է: Կան բնական հարմար նավահանգիստներ: Հ–ի հս–արլ. մասն զբաղեցնում է Միջինդանուբյան դաշտավայրի հվ. եզրը, ուր տեղ–տեղ բարձրանում են մինչև 500–900 մ բարձրությամբ լեռնազանգվածներ: Հ–ի տարածքին բնորոշ են երկրաշարժերը: Երկրաբանական կառուցվածքում գերիշխում են մինչքեմբրյան, պալեոզոյան, մեզոզոյան և կայնոզոյան հասակի ապարները: Ընդերքը հարուստ է կապարի, ցինկի, ծարիրի, սնդիկի, պղնձի, մոլիբդենի հանքանյութերով, բոքսիտներով, կան նաև քրոմիտների, երկաթի, մանգանի, նավթի, գազի, ածխի, վոլֆրամի, նիկելի, ասբեստի, գրաֆիտի, ֆոսֆատների, քարաղի և շինանյութերի հանքավայրեր: Կլիման Հ–ի տարածքի մեծ մասում չափավոր ցամաքային է, Ադրիատիկ ծովի ափին, հվ–ում` մերձարևադարձային, միջերկրածովյան: Երկրի հս. և հս–արլ. շրջաններում ձմռանը ավելի ցուրտ է, քան Եվրոպայի նույն աշխարհագրական լայնություններում գտնվող այլ երկրներում: Միջինդանուբյան դաշտավայրում հունվարի միջին ջերմաստիճանը տատանվում է 0–ից –3°C, լեռներում` – 1°C–ից–5°C: Միջլեռնային հովիտներում նվազագույն ջերմաստիճանը երբեմն հասնում է –30°C–ի: Ադրիատիկի ափամերձ շրջաններում ձմեռը չափավոր տաք է, գրեթե առանց սառնամանիքների, հունվարի միջին ջերմաստիճանը` 5–9°C: Ամառը ամենուրեք տաք է, տեղ–տեղ շոգ: Հուլիսի միջին ջերմաստիճանը հարթավայրերում 20–22 է, միջլեռնային շրջաններում` 15–19°C, 2000 մ բարձրություններում` մինչև 10°C, Ադրիատիկի ափին և կղզիներում` 22–26°C: Տեղումների տարեկան քանակը մերձափնյա շրջաններում 400–1400 մմ է, Դինարյան բարձրավանդակի ծովահայաց լանջերին` մինչև 2500– 3000 մմ, բարձրավանդակի միջլեռնային հովիտներում` 700–1500 մմ, Միջինդանուբյան դաշտավայրում` 500–800 մմ, Կոտոր խորշի մոտ (Եվրոպայի առավել խոնավ շրջաններից), առանձին տարիների` մինչև 5000 մմ:

Ներքին ջրերը: Հ–ի տարածքի 69–ը պատկանում է Սև, 21–ը` Ադրիատիկ և մոտ 10–ը` Եգեյան ծովերի ավազաններին: Կարստային որոշ շրջաններում մակերևութային հոսք չկա: Սև ծովի ավազանին է պատկանում Դանուբը` Տիսա, Սավա, Դրավա և Մորավա վտակներով: Ադրիատիկ ծովն է թափվում Ներետվան, Եգեյան ծովը` Վարդարը (ստորին հոսանքը Հունաստանում է): Առավել խոշոր տեկտոնական ծագման լճերը (Սկադարյան, Օխրիդյան, Պրեսպա) գտնվում են երկրի հվ. և հվ–արմ. սահմաններում և մասամբ են պատկանում Հ–ին: Դինարյան բարձրավանդակում տարածված են կարստային, Ալպերի լեռնաճյուղերում` սառցադաշաային ծագում ունեցող լճերը: Հողերը, բուսական և կենդանական աշխարհը: Միջինդանուբյան հարթավայրում սևահողեր են, լեռներում` լեռնանտառային գորշ, Ադրիատիկի ափին` դարչնագույն հողեր: Կարստային ընդարձակ շրջանները զուրկ են հողածածկույթից: Հ–ի հարթավայրերի մեծ մասը մշակված է. տեղ–տեղ պահպանվել են մարգագետնային տափաստաններ: Գետահովիտներում ողողատային մարգագետիններ ու ճահիճներ են: Երկրի ներքին շրջանների մինչև 700–800 մ բարձրությունները ծածկված են տափաստաններով, 800–2000 մ բարձրությունները` լայնատերև ու փշատերև անտառներով (տարածքի շուրջ 34–ը), ավելի բարձր` մարգագետիններով: Ադրիատիկի ափին և կոգիներում գերակշռում են կոշտատերև մշտականաչ թփուտներն ու մերձարևադարձային անտառները: Բնորոշ կենդանիներն են եղջերուն, քարայծը, վարազը, վայրի կատուն, կզաքիսը: Կլիմայավարժեցվել է արջը: Շատ են թռչուններն ու սողունները: Գետերն ու լճերը հարուստ են ձկներով (ծածան, գայլաձուկ, պերկես ևն): Ստեղծվել են ազգային պարկեր, արգելավայրեր:

IV. Բնակչությունը

Հ. բագմազգ պետություն է: 1971–ի մարդահամարի տվյալներով բնակչության 39,7–ը կազմում էին սերբերը, 22–ը` հորվաթները, 8,2–ը` սլովենները. 5,8–ը` մակեդոնացիները, 2,5-ը` չեռնոգորցիները, 8,4–ը` «մահմեդականներ» (էթնիկական առումով), բնակվում են նաև ալբաններ, հունգարներ, թուրքեր, սլովակներ, գնչուներ, ռումիններ ևն: Հ–ի ժողովուրդների լեզուները (սերբահորվաթերեն, սլովեներեն, մակեդոներեն) իրավահավասար են և օգտագործվում են պաշտոնապես: Հավատացյալների մեծ մասը քրիստոնյաներ են, մնացածը` մահմեդականներ: 1961–ի և 1971–ի մարդահամարների միջն ընկած ժամանակահատվածում բնակչության բնական միջին տարեկան աճը կազմել է 200 հզ. մարդ: Միջին խտությունը 1 կմ վրա 84,4 մարդ է: Առավել խիտ են բնակեցված (1 կմ² վրա` 100–200 մարդ) բերրի հարթավայրերն ու արդ. շրջանները: Քաղաքային բնակչությունը կազմում է 39 (1971): Խոշոր քաղաքներն են Բելգրադը (1345 հզ. բն., 1976), Զագրեբը, Սկոպիեն, Լյուբլյանան, Սարաևոն, Սպլիտը, Նովի Սադը, Ռիեկան, Նիշը:

V. Պատմական ակնարկ

Հ–ի տարածքում մարդու բնակության հետքերը հնագույն ժամանակներից են` քարի դարից: Մ. թ. ա. մոտ 1800–ին Հ–ում երևացել են իլլիրիական և թրակիական ցեղերը, ավելի ուշ` կելտերը: Մ. թ. ա. IV–III դդ. հվ. և հվ–արմ. իլլիրիական ցեղերի մոտ առաջացել են վաղ դասակարգային կազմավորումներ, որոնք վերացել են մ. թ. ա. III–II դդ., երբ Հռոմը նվաճեց Ադրիատիկի ծովամերձ շրջանները: Հռոմ. տիրապետության ժամանակաշրջանում Հ–ի տարածքում մտցվել է հռոմ. վարչական և ռազմ. կառավարում (ստեղծվել են Իլլիրիա, Պանոնիա, Դալմաթիա և այլ պրովինցիաներ), ստրկացվել է տեղի բնակչությունը, զարգացել են արտադրողական ուժերը: Մ. թ. II – III դդ. տարածվել է քրիստոնեությունը: 395– ին Հ–ի տարածքը բաժանվել է Արևմտյան Հռոմեական կայսրության և Արևելյան Հռոմեական կայսրության (Բյուզանդիա) միջև: IV դ. սկսված ժողովուրդների մեծ գաղթի ժամանակ Հ–ի տարածք են ներխուժել վեստգոթերը, օստգոթերը, հոները, լանգոբարդները: V–VI դդ. Հ–ում սկզբնավորվել են ֆեոդալական հարաբերությունները: VI–VII դդ. այստեղ բնակություն են հաստատել սլավոնները (սերբեր, հորվաթներ, սլովեններ ևն), որոնք VII – XIII դդ. ստեղծել են ֆեոդալական պետություններ (Կարանտանիա իշխանությունը, Հորվաթիա, Բոսնիա, Սերբիա թագավորությունները ևն): XIV դ. կեսին Բալկանյան թերակղզում երևացել են թուրքերը, որոնք սկսել են նվաճել հարավ–սլավոնական հողերը: 1389–ին Կոսովոյի ճակատամարտում (տես Կոսովոյի ճակատամարտ 1389) հաղթելուց հետո թուրքերը զավթել են մակեդոնական հողերը, 1459–ին վերջնականապես նվաճել Սերբիան, 1463–ին` Բոսնիան: Հորվաթները, սլովեններն ու սերբերի մի մասը մնացել են Հաբսբուրգների տիրապետության տակ: Գտնվելով օտարերկրյա լծի տակ` հարավսլավոնական ժողովուրդները համառ պայքար են սկսել, որը հատկապես ուժեղացել է XVIII դ. վերջին: XIX դ. Սերբիային, Չեռնոգորիային հաջողվեց ազատագրվել թուրք. լծից (վերջնականապես` 1877–78–ի ռուս–թուրքական պատերազմում Թուրքիայի պարտությունից հետո): Ագգային–ազատագրական և հեղափոխական շարժման վերելքի պայմաններում, որը հետևանք էր Ռուսաստանում Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխության հաղթանակի և առաջին համաշխարհային պատերազմում Ավստրո–Հունգարիայի պարտության, Հ–ում ստեղծվեց նոր բագմազգ պետություն` Սերբերի, հորվաթների և սլովենների թագավորությունը (1918–ի դեկտ. 1–ին): Նրա կազմի մեջ մտան Սերբիան, Չեռնոգորիան, ինչպես նաև `Հաբսբուրգների անկախ կայսրության մեջ մտնող հարավսլավոնական հողերը` Բոսնիա և Հերցեգովինան (որ 1878–ին օկուպացրել էր Ավստրո–Հունգարիան), Հորվաթիան, Սլովենիան, Վոյեվոդինան, Դալմաթիան: Իշխանությունը թագավորությունում (որը գլխավորում էր Կարագեորգիևիչների դինաստիան) վերջին հաշվով անցավ սերբական բուրժուազիային, որը Անտանտի օգնությամբ կարողացավ ճնշել 1918–20–ին երկրում ծավալված հեղափոխական շարժումը: 1920–ին կառավարությունն արգելեց 1919–ին ստեղծված Հ–ի կոմունիստական կուսակցության (տես Հարավսլավիայի կոմունիստների միություն) և հեղափոխական արհմիությունների գործունեությունը: Տիրող դասակարգերի հակազգային և հակադեմոկրատական քաղաքականությունը դժգոհություն առաջ բերեց Հ–ի բնակչության լայն խավերի մեջ: Ուժեղացած քաղ. ճգնաժամի պայմաններում Ալեքսանդր թագավորը 1929–ի հունվարին հեղաշրջում կատարեց և երկրում հաստատեց ռազմամիապետական դիկտատուրա, փոխվեց պետության անվանումը` Հ–ի թագավորություն: Հեղափոխական և ազգային շարժումը ժամանակավորապես ճնշվեց: 1931–ին մտցվեց նոր սահմանադրություն (1921–ին ընդունվածի փոխարեն): Իշխանությունը շարունակում էր մնալ մեծասերբական միապետական և բուրժ. շրջանների ձեռքում: 1930–ական թթ. գյուղացիական հուզումներն ընդգրկեցին Հորվաթիան, Սերբիան, Սլովենիան, Բոսնիան: Ժող. զանգվածների ճնշման տակ Հ–ի կառավարությունը 1940–ին դիվանագիտական հարաբերություններ հաստատեց ՍՍՀՄ–ի հետ, սակայն արտաքին քաղաքականության ասպարեզում Հ., որը մինչև 1930–ական թթ, կեսը կողմն որոշվում էր դեպի, Ֆրանսիան, ավելի ու ավելի էր հակվում դեպի Գերմանիան ու Իտալիան: 1941–ի մարտին Հ. միացավ Գերմանիայի, ֆաշիստական Իտալիայի և Ճապոնիայի ռազմաքաղաքական դաշինքին: Բայց մարտի 27–ին Հ–ի պրոհիտլերյան կառավարությունը տապալվեց, իսկ գեն. Ի. Սիմովիչի նոր կառավարությունը բարեկամության և չհարձակման պայմանագիր կնքեց ՍՍՀՄ–ի հետ (1941–ի ապրիլ): Ապրիլի 6–ին գերմ. և իտալ. զորքերը խուժեցին Հ., թագավորը, փախավ երկրից: Հ. անդամահատվեց. «Հորվաթիա անկախ պետությունը» միացավ 1940–ի Բեռլինի պակտին, Վոյեվոդինայի զգալի մասը տրվեց Հունգարիային, ամբողջ Վարդարյան Մակեդոնիան և Սերբիայի սահմանային շրջանների մի մասը` Բուլղարիային, Սլովենիան բաժանվեց Գերմանիայի և Իտալիայի միջև ևն: Հ–ի տարածքը բաժանվեց գերմ. և իտալ. օկոայացիոն գոտիների: Հ–ի ժողովրդի պայքարը (որը հատկապես ուժեղացավ ՍՍՀՄ–ի վրա Գերմանիայի հարձակվելուց հետո) օկուպանտների և նրանց դրածոների դեմ գլխավորեց Հ–ի կոմկուսը (ՀԿԿ): 1941–ի հուլիսին զինված ապստամբություն սկսվեց Սերբիայում, Չեռնոգորիայում, Սլովենիայում, Հորվաթիայում, Բոսնիա և Հերցեգովինայում, հոկտեմբերին` Մակեդոնիայում: Ազատագրական պայքարի ընթացքում ստեղծվեցին Հ–ի ժալովրդա–ագատազրական բանակը (ՀԺԱԲ) և իշխանության նոր մարմիններ, որոնց ղեկավարում էր 1942–ի նոյեմբերին կազմված Հ–ի ժող. ազատագրության հակաֆաշիստական վեչեն (ՀԺԱՀՎ): 1943–ի նոյեմբ. 29–ին ստեղծվեց Հ–ի ազատագրության ազգային կոմիտեն (ՀԱԱԿ, Ի. Բրոզ Տիտոյի գլխավորությամբ), որը ժամանակավոր կառավարություն էր: Սովետական կառավարությունը ողջունեց ՀԱԱԿ–ի ստեղծումը և պատրաստականություն հայտնեց ռազմ. օգնություն ցույց տալ նրան: Ազատագրական շարժման բոլոր փուլերում Սովետական Միությունը Հ–ին ցույց տվեց ռազմաքաղաքական և նյութական օգնություն, որը հատկապես շոշափելի դարձավ, երբ սովետական բանակը մոտեցավ Բալկաններին: Սովետական զորքերի և ՀԺԱԲ–ի զորամասերի համատեղ գործողությունների շնորհիվ 1944–ի աշնանը ազատագրվեցին Հ–ի մի շարք շրջաններ, ինչպես նաև Բելգրադը (հոկտ. 20): 1945–ի մարտի 7–ին ստեղծվեց դեմոկրատական ֆեդերատիվ Հ–ի ժամանակավոր կառավարություն` Ի. Բրոզ Տիտոյի գլխավորությամբ: 1945–ի ապրիլի 11–ին Հ–ի և ՍՍՀՄ–ի միջև կնքվեց բարեկամության, փոխօգնության և ետպատերազմյան համագործակցության պայմանագիր: Մինչև 1945–ի մայիսի 15–ը հարավլսավական բանակը (շուրջ 800 հզ. մարդ) ավարտեց երկրի ազատագրումը ֆաշիստական զորքերից և նրանց դրածոներից: Հ–ի ժողովուրդները մեծ ավանդ ներդրեցին ֆաշիզմի ջախջախման ընդհանուր գործում` կրելով ծանր կորուստներ (զոհվեց 1700 հզ. մարդ` երկրի բնակչության 10–ից ավելին): Երկրի ազատագրումից հետո Հ–ում հաստատվեց ժողովրդա–դեմոկրատական իշխանություն` պրոլետարիատի դիկտատուրայի մի յուրատեսակ ձև, որի ավանգարդը ՀԿԿ–ն էր: Սահմանադիր ժողովի (սկուպշչինա) 1945–ի նոյեմբերի ընտրություններում հաղթեց Հ–ի ժողովրդական ճակատը (Հժճ.): 1945–ի նոյեմբ. 29–ին սահմանադիր սկուպշչինան վերացրեց միապետությունը և հաստատեց Հ–ի Ֆեդերատիվ ժողովրդական Հանրապետություն (ՀՖԺՀ): 1946–ի հունվարին ընդունվեց ՀՖԺՀ–ի սահմանադրությունը: Հ–ի ժողովուրդները ձեռնամուխ եղան սոցիալիզմի կառուցմանը: Երկրում շարժում սկսվեց գյուղացիական տնտեսությունները արտադրական կոոպերատիվների մեջ միավորելու համար: 1946–47–ին ազգայնացվեցին բանկերը, խոշոր և միջին արդ. ձեռնարկությունները, տրանսպորտն ու մեծածախ առևտուրը անցան պետությանն ու կոոպերատիվ սեկտորին: 1947–ի սկզբին արդ. արտադրանքը հասավ մինչպատերազմյան մակարդակին: 1947–ի ապրիլին ընդունվեց ժող. տնտեսության զարգացման 1–ին հնգամյա պլանը (1947–51), որի նպատակն էր Հ. դարձնել ինդուստրիալ–ագրարային երկիր: Պլանի կատարման առաջին տարիներին, ինչպես և երկրի ժող. տնտեսության վերականգնման ժամանակ, Հ–ին մեծ օգնություն էին ցույց տալիս Սովետական Միությունն ու ժող. դեմոկրատիայի երկրները: 1948– 1949–ին հարաբերությունները, մի կողմից` ՍՄԿԿ և կոմունիստական ու բանվորական մյուս կուսակցությունների, մյուս կողմից` ՀԿԿ–ի միջև խզվեցին, խաթարվեցին նաև պետ. Հարաբերությունները: 1951–ին ԱՄՆ–ի և Հ–ի միջև կնքվեցին ռազմ. օգնության, 1952–ին` տնտ. համագործակցության համաձայնագրեր: 1953–1954–ին սովետա–հարավսլավական հարաբերությունները սկսեցին նորմալանալ, վերականգնվեց համագործակցությունը նաև սոցիալիստական մյուս երկրների հետ: 1953–57–ին Հ–ի տնտեսությունը առաջնորդվում էր տարեկան պլաններով: Հատկապես զարգանում Հ–ի ինդուստրիան: Դանդաղ տեմպերով էր աճում գյուղատնտեսությունը: 1953–54–ին արձակվեց գյուղատնտ. արտադրական կոոպերատիվների մեծ մասը (6806–ից մինչև 561), իսկ նրանց մշակելի տարածությունները կրճատվեցին 20–ից մինչև 2– ի: 1953–ի օրենքը սահմանեց մասնավոր հողատիրության մաքսիմում (մինչև 10 հա): Չնայած գյուղատնտեսության լուրջ ետ մնալուն, ինդուստրացման հաջողությունները ապահովեցին Հ–ի ժող. տնտեսության անշեղ վերելք (1947–56–ին ազգային եկամուտը աճեց ավելի քան կիսով չափ): 1950–ական թթ. 1–ին կեսին Հ–ի արտաքին քաղաքականությանը բնորոշ է հարաբերությունների ընդլայնումը ինչպես զարգացած կապիտալիստական, այնպես և զարգացող երկրների հետ: 1951–ին համաձայնագիր կնքվեց ԱՄՆ–ի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի հետ այսպես կոչված եռակողմ օգնության վերաբերյալ, 1953–54–ին` Հունաստանի և Թուրքիայի հետ բարեկամության, քաղ. համագործակցության և փոխօգնության վերաբերյալ: Սովետա–հարավսլավական փոխհարաբերությունների հետագա բարելավման և համագործակցության վերականգնման գործում կարևոր դեր խաղացին բարձր մակարդակի բանակցությունները (1955–ի մայիս–հունիսին Բելգրադում, 1956–ի հունիսին` Մոսկվայում), համապատասխան դեկլարացիաների ընդունումը, ինչպես նաև 1955–56–ի երկկողմ մի շարք համաձայնագրերի կնքումը: 1957–ի դեկտեմբերին միութենական ժող. սկուպշչինան ընդունեց տնտ. զարգացման նոր հնգամյա (1957–61) պլան: 1960–ի սկզբին, թեպետ Հ–ի արդ. արտադրանքը արդեն 3,5 անգամ գերազանցում էր նախապատերազմյան մակարդակը, սակայն իր տնտ. գարգացմամբ Հ. դեռևս ետ էր մնում սոցիալիստական մյուս երկրներից: 1963–ին հռչակվեց Հ–ի նոր սահմանադրությունը. Հ. սկսեց անվանվել Հ–ի Սոցիալիստական Ֆեդերատիվ Հանրապետություն (ՀՍՖՀ): 1957–65–ին էական տեղաշարժեր եղան գյուղատնտեսության մեջ: Հ–ի կոմունիստների միության (ՀԿՄ) քաղաքականությունը գյուղում նպատակամղված էր սոցիալիստական և անհատական սեկտորների կայուն կապերի զարգացմանը: Ընդհանուր հողագործական կոոպերատիվները կոոպերացիա են կազմակերպում անհատ գյուղացիների հետ: 1960–ական թթ. կեսին Հ–ի էկոնոմիկայի առջև ծառացավ արդյունահանող և մշակող արդյունաբերության, ինչպես նաև գյուղատնտեսության և արդ. արտադրության միջև ստեղծված անհամամասնության վերացման անհրաժեշտությունը: Մշակվեց հասարակական–տնտեսական ռեֆորմների երկարաժամկետ ծրագիր (1966–70–ի հնգամյա պլանը): Ռեֆորմների հիմնական արդյունքը եղավ այն, որ էապես աճեցին արտադրությունն ու արտադրողականությունը քիմ. և նավաշինական արդյունաբերության, էլեկտրամեքենաշինության, սև մետալուրգիայի մեջ: Աճեց նաև սոցիալիստական գյուղատնտ. ձեռնարկությունների արտադրողականությունը, շահավետությունը, նրանց արտադրությունը 3–րդ հնգամյակի համեմատ ավելացավ ավելի քան 50– ով (1971): Բայց սոցիալիստական սեկտորի մշակելի հողատարածությունը մնաց անփոփոխ` 1971–ին կազմելով Հ–ի ամբողջ մշակելի տարածության 15–ը: Տնտեսության զարգացման բարդությունները ռեֆորմների ժամանակաշրջանում ուղեկցվում էին քաղ. դժվարություններով: 1960–ական թթ. վերջին և 1970–ական թթ. սկզբին ակտիվացան զանազան ազգայնական (հատկապես Հորվաթիայում), անարխո–լիբերալ, տեխնոկրատական և բյուրոկրատական ուժեր: Տարածում գտան հակամարքսիստական, օպորտունիստական, մանրբուրժուական և բուրժ. տարբեր հայացքներ: Հակասոցիալիստական ուժերը ՀԿՄ–ից դուրս և կուսակցության ներսում փորձում էին զավթել կարևոր քաղ. դիրքեր, ազդել երկրի զարգացման վրա: ՀԿՄ–ի նախագահության 21–րդ նիստը (1971–ի դեկտեմբեր) իր որոշումներով պայքար սկսեց քաղ. և տնտ. կյանքի այդ բացասական երևույթների դեմ: 1971–73–ին փոխվեց Հորվաթիայի, Սերբիայի և Վոյեվոդինայի կուսակցական և պետ. ղեկավարության մի մասը, կադրային փոփոխություններ կատարվեցին նաև Սլովենիայում, Մակեդոնիայում, Բոսնիա և Հերցեգովինայում: Վերանայվեցին ՀԿՄ–ի նախագահության և գործադիր բյուրոյի, ՀՍՖՀ–ի նախագահության, Միութենական գործադիր վեչեի կազմերը: Ընդգծվեց բանվոր դասակարգի ավանգարդային դերի ուժեղացման անհրաժեշտությունը: Տնտ. կայունացման խնդիրներն արտահայտվեցին 1971–75–ի հնգամյա պլանում, որը հիմնականում հաջողությամբ իրականացվեց: Տեղի ունեցող Փոփոխությունները, սոցիալիստական պետության, հասարակական–քաղաքական սիստեմի, ինչպես նաև ժող. տնտեսության զարգացումը, իրենց արտացոլումը գտան ՀՍՖՀ–ի նոր սահմանադրության մեջ (ընդունվեց 1974–ի փետրվարին), որն ամրապնդում է բանվոր դասակարգի ղեկավար դերը, ՀԿՄ–ի գաղափարա–քաղաքական առաջատար դերը Հ–ի հասարակական կյանքում: Հասարակության տնտ. հիմք է հռչակված արտադրության միջոցների հանրային սեփականությունը, որը բացառում է մարդու կողմից մարդու շահագործման որևէ սիստեմի վերականգնումը: Հ–ի քաղ. կյանքում կարևոր իրադարձություն եղավ ՀԿՄ–ի X համագումարը (1974–ի մայիս), որը կանխորոշեց կուսակցության կուրսը Հ–ի հասարակական– քաղաքական սիստեմի զարգացման, հասարակության սոցիալիստական վերափոխման ասպարեզում ՀԿՄ–ի դերի բարձրացման, բազմազգ սոցիալիստական պետության ամրապնդման և տնտեսության զարգացման մեջ պլանային սկզբունքի ուժեղացման, երկրի ներքին դրության կայունացման ուղղությամբ: Համագումարը Ի. Բրոզ Տիտոյին ընտրեց ՀԿՄ–ի անժամկետ նախագահ: 5976–ից երկիրը ձեռնամուխ է եղել 1976–80–ի հնգամյա պլանի կատարմանը: 1977–ին Հ–ի ազգային եկամուտը աճեց ավելի քան 6–ով, սպառումը` 4 – ով: Մյուս պետությունների հետ իր հարաբերությունները Հ. կառուցում է ազգային սուվերենությունն ու իրավահավասարությունը հարգելու, այլ երկրների ներքին գործերին չմիջամտելու, միջազգային վեճերը խաղաղ ճանապարհով լուծելու և սոցիալիստական ինտերնացիոնալիզմի սկզբունքներով: Հ. լայնորեն համագործակցում է Սովետական Միության և սոցիալիստական մյուս երկրների հետ: 1964–ի համաձայնագրով Հ. մասնակցում է ՏՓԽ–ի մի շարք մարմինների աշխատանքին, ինչպես նաև սոցիալիստական տնտ. ինտեգրացիայի կոմպլեքսային ծրագրի իրականացմանը: Սովետա–հարավսլավական հարաբերությունների զարգացմանը խթանում են բարձր մակարդակի հանդիպումները: 1976–ի նոյեմբերին տեղի ունեցավ Լ. Ի. Բրեժնևի այցելությունը Հ., իսկ 1977–ի օգոստոսին` Ի. Բրոզ Տիտոյի այցելությունը ՍՍՀՄ: Համատեղ կոմյունիկեներում վերստին հաստատվում է կողմերի վճռականությունը` հետագայում նույնպես զարգացնելու բարեկամությունն ու բազմակողմանի հարաբերությունները ՍՄԿԿ–ի և ՀԿՄ–ի, ՍՍՀՄ և ՀՍՖՀ ժողովուրղների միջև: 1980–ի մայիսի 4–ին Ի. Բրոզ Տիտոն վախճանվեց, պրեզիդենտի պաշտոնը վերացվեց, իսկ նրա լիազորություններն անցան ՀՍՖՀ նախագահությանը:

VI. Քաղաքական կուսակցությունները, արհմիությունները և հասարակական այլ կազմակերպությունները

Հարավսլավիայի կոմունիստների միություն (ՀԿՄ): Ստեղծվել է 1919–ին, Հ–ի սոցիալիստական բանվորական կուսակցություն անվամբ, 1920–52–ին` Հարավսլավիայի կոմունիստական կուսակցություն, 1952–ից` ՀԿՄ: Ունի 1,6 մլն անդամ: Մինչև 1980–ի մայիսը ՀԿՄ–ի նախագահն էր Ի. Բրոզ Տիտոն: Հարավսլավիայի աշխատավոր ժողովրդի սոցիալիստական միություն (ՀԱԺՍՄ): Մասսայական հասարակական–քադաքական կազմակերպություն է, ունի մոտ 8,6 մլն անդամ: Հարավսլավիայի արհմիությունների միություն (ՀԱՄ), հիմնադրվել է 1945–ին, ունի մոտ 4,5 մլն անդամ: Հարավսլավիայի սոցիալիստական երիտասարդական միություն (ՀՍԵՄ), ունի ավելի քան 3,5 մլն անդամ: Հարավսլավիայի ժողովրդա–ազատագրական պատերազմի վետերանների միավորումների միություն, հիմնադրվել է 1946–ին, ունի մոտ 1 մլն անդամ:

VII. Տետեսա–աշխարհագրական ակնարկ

Հ. ինդուստրիալ–ագրարային պետություն է: Սոցիալիստական սեկտորում արտադրվում է հասարակական համախառն արտադրանքի ավելի քան 84–ը, մասնավոր սեկտորում` 16–ը (1977): Հանրային սեկտորում զբաղված է 5,16 մլն մարդ (1977):

Արդյունաբերությունը: Հ. հարուստ է էներգետիկական ռեսուրսներով: Օգտագործվում է գետերի հիդրոէներգետիկական տնտ. պոտենցիալի (ավելի քան 40 մլրդ կվտ ժ) միայն 50–ը (1976): Դանուբի վրա, Երկաթե դարպասների շրջանում, Ռումինիայի հետ համատեղ և ՍՍՀՄ–ի տնտ. ու տեխ. աջակցությամբ կառուցվել է խոշոր ՀԷԿ, որը տարեկան Հ–ին տալիս է 6 մլրդ կվտ ժ էլեկտրաէներգիա: Էլեկտրաէներգետիկայում զգալի տեղ են գրավում ՍՍՀՄ–ի տեխ. աջակցությամբ կառուցված Կոստոլացի, Օբրենովացի, Լուկավացի, Տրբովլեի, Սիսակի, Կոսովոյի և այլ ՋԷԿ–երը: Կառուցվում է (1978) առաջին ԱԷԿ–ը (632 Մվտ, Սլովենիայում): Հ–ի ածխի պաշարների հիմնական մասը (շուրջ 20 մլրդ տ) կազմում են լիգնիտները: Լիգնիտ արդյունահանում են Կոսովո, Կոլուբարա, Կոստոլաց, Կրեկա և Վելենե ավազաններում: Սավա գետի հովտում (Հորվաթիա) և Բանատում (Վոյեվոդինա) արդյունահանում են նավթ և բնական գազ: Հ. տարեկան լրացուցիչ ներմուծում է 7– 8 մլն տ նավթ` զգալի մասը ՍՍՀՄ–ից: Նավթավերամշակման գլխավոր կենտրոններն են Ռիեկան, Սիսակը, Բոսանսկի Բրոդը, Պանչևոն: Երկաթի (Վարեշ, Լյուբիա, Կիչևո), քրոմի (Ռադուշա) ու մանգանի հանքանյութերի և ներմուծվող կոքսածխի հիման վրա ստեղծվել է սև մետալուրգիա (Եսենիցե, Զենիցա): Հ–ի էկոնոմիկայում առանձնահատուկ տեղ է գրավում գունավոր մետալուրգիան: Ձուլում են կապար (Տրեպչա, Մեժիցա), ցինկ (Շաբաց, Ցելե), պղինձ (Բոր), ալյումին (Կիդրիչևո, Տիտոգրադ), սնդիկ արդյունահանվում է Իդրիա հանքավայրից: Մեքենաշինության ճյուղերի մեջ աչքի են ընկնում էներգետիկական մեքենաշինությունը (տուրբիններ, գեներատորներ ևն), հաստոցաշինությունը, տրանսպորտային, արդյունահանող, մետալուրգիական, քիմ., շինարարական, սննդի, տեքստիլ և գյուղատնտ. մեքենաշինությունը, սարքաշինությունը ևն: Ծանր մեքենաշինության խոշոր ձեռնարկություններ կան Լյուբլյանայում և Զագրեբում: Հաստոցաշինության խոշոր կենտրոններ են Զագրեբը և Ժելեզնիկը (Բելգրադի արվարձան): Ավտոմոբիլաշինությունը կենտրոնացած է Կրագուևացում, Մարիբորում, Պրիբոյում: Ծովային նավաշինության խոշոր կենտրոններ են Ռիեկան, Սպլիտը, Պալան, գետային նավաշինության` Բելգրադը ևն: Էլեկտրատեխնիկական արդյունաբերությունը թողարկում է կաբել, մեկուսիչ նյութեր, կուտակիչներ, ռադիոընդունիչներ, հեռուստացույցներ, սառնարաններ, էլեկտրոնային հաշվողական մեքենաներ, հեռախոսային սարքավորում ևն: Առավել կարևոր կենտրոններն են Բելգրադը, Զագրեբը, Լյուբլյանան, Նիշը, Կրանը: Արագ աճող ճյուղ է քիմ. արդյունաբերությունը: Հիմնական ձեռնարկությունները գտնվում են Սերբիայում և Հորվաթիայում: Զարգացած է նաև դեղագործական արդյունաբերությունը: Տեղական բարձրորակ մերգելների բազայի վրա է հիմնված ցեմենտի արտադրությունը: Անտառային հարուստ ռեսուրսները հիմք են ծառայել փայտամշակության և թաղանթանյութի–թղթի արտադրության զարգացման համար: Արդ. Ձեռնարկությունները կենտրոնացած են հիմնականում Բոսնիա և Հերցեգովինայում, Հորվաթիայում և Սլովենիայում: Տեքստիլ արդյունաբերության խոշոր կենտրոններ են Մարիբորը, Բելգրադը, Զագրեբը ևն, կաշվի–կոշիկինը` Վուկովարը (երկրի կոշիկի արտադրության 1 3– ը): Զարգացած է սննդի արդյունաբերությունը, արտահանման նշանակություն ունի ծխախոտի արդյունաբերությունը:

Արդյունաբերական արտադրանքի հիմնական տեսակների արտադրությունը
Արտադրանքի տեսակը 1939 1950 1960 1970 1978
Էլեկտրաէներգիա, մլրդ կվտ.ժ 1,2 2,4 8,9 26,0 51,25
Ածուխ, մլն տ 7,0 12,8 22,7 28,4 39,2
Նավթ, հզ. տ 1,1 110 944 2854 4076
Գազ, մլն մ³ 2,6 14,5 52,9 977 1935
Պողպատ, մլն տ 0,2 0,4 1,4 2,2 3,4
Թուջ, մլն տ 0,1 0,2 1,0 1,3 2,1
Պղինձ էլեկտրոլիտային, հզ. տ 12,5 14,7 35,0 89,3 150,8
Կապար, հզ. տ 10,7 57,2 89,1 97,4 116,7
Ցինկ, հզ. տ 4,9 12,3 35,9 59,0 92,2
Ալյումին, հզ. տ 1,8 1,9 25,1 47,7 195,7
Ծծմբական թթու, հզ. տ 23 130 746,7 968,3 -
Տրակտորներ, հզ. հատ - 0,1 7,3 12,0 50,2
Բեռնատար ավտոմոբիլներ, հզ. հատ - 0,8 4,6 12,9 15,2
Մարդատար ավտոմոբիլներ, հզ. հատ - - 10,5 111 253,9
Ցեմենտ, մլն տ 0,9 - 2,4 4,4 8,7
Բամբակե գործվածքներ, մլն մ² 111 146 257 390 410,3
Բրդե գործվածքներ, մլն մ² 12,4 24,9 45,8 56,9 73,4
Կոշիկ կաշվե, մլն զույգ 4,2 8,2 15,0 31,1 57,6
Շաքար, հզ. տ 108 - - 354 693
Ծխախոտ ֆերմենտացված, հզ. տ 16,5 21,3 34,2 41,4 65,3

Գյուղատնտեսությունը: Սոցիալիստական սեկտորում, որը ներկայացված է պետ. տնտեսություններով, կոոպերատիվներով ու ագրոկոմբինատներով, կենտրոնացած է մշակվող հողերի 15–ը և արտադրվում է գյուղատնտ. համախառն արտադրանքի ավելի քան 26–ը (գյուղատնտ. ապրանքային արտադրանքի 47–ը), անհատական սեկտորի մանրապրանքային տնտեսություններում, համապատասխանաբար, 85–ը և 74–ը (1977): Գյուղատնտ. հանդակներն ընդգրկում են երկրի տարածքի ավելի քան 56, անտառներն ու թփուտները` ավելի քան 30–ը: Գյուղատնտ. հողերից 7,38 մլն հա վարելահողեր են, 461 հզ. հա` պտղատու այգիներ, 249 հզ. հա` խաղողի այգիներ և 6,3 մլն հա` մարգագետիններ ու արոտավայրեր: Ցանքատարածությունների 71–ը զբաղեցնում են հացահատիկային, 13–ը` կերային կուլտուրաները, 10–ը` բանջարեղենն ու կարտոֆիլը, 6–ը` տեխ. կուլտուրաները (շաքարի ճակնդեղ, արևածաղիկ, ծխախոտ): Զարգացած է պտղաբուծությունն ու խաղողագործությունը: Հ հռչակված է սալորով, որը մասամբ արտահանվում է: Ադրիատիկ ծովի առափնյա շրջանում աճեցնում են ձիթենի, թզենի, նշենի, ցիտրուսային կուլտուրաներ, դափնի: 1978–ին Հ–ում կար 5,5 մլն խոշոր եղջերավոր անասուն (այդ թվում` 3,2 մլն կաթնատու կով), 7,5 մլն ոչխար, 8,5 մլն խոզ, 759 հզ. ձի, 60,4 մլն թռչուն:

Գյուղատնտեսական հիմնական կուլտուրաների ցանքերը և բերքը
Կուլտուրաները }{Ցանքերը, հզ. հա} }{Համախառն բերքը, հզ. հա}
1952 1960 1970 1977 1952 1960 1970 1977
Հացահատիկային 5260 5650 4935 4555 3894 10942 11626 16575
այդ թվում՝
Ցորեն 1840 2060 1852 1604 1711 3579 3790 5620
Եգիպտացորեն 2290 2570 2371 2321 1470 6160 6933 9870
Շաքարի ճակնդեղ 76,1 78,0 85,1 123 512 2290 2948 5283
Արևածաղիկ 88,4 73,7 194,4 208 51 98 264 479
Կանեփ 46,1 36,8 17,9 6 120 201 106 51
Ծխախոտ 28,8 33,0 53,3 64 14,8 28,1 49 61
Կարտոֆիլ 240 288 329 305 1150 3270 2964 2924
Լոլիկ 13,0 20,9 33,0 39 85 271 313 440

Տրանսպորտը: Երկաթուղիների ընդհանուր երկարությունը մոտ 10 հզ. կմ է (1976), որից էլեկտրիֆիկացված է 2,6 հզ. կմ: Ավտոճանապարհների երկարությունը 102 հզ. կմ է, որի 1 3–ը ասֆալտապատ է: Ծովային առևտրական նավատորմի տոննաժը 1977–ին 2,0 մլն բրուտտո ռեգիստրային տ էր: Ծովային խոշոր նավահանգիստներ են Ռիեկան, Սպլիտը, Շիբենիկը, Դուբրովնիկը: Նավարկելի գետերի երկարությունն անցնում է 2 հզ. կմ–ից: Գետային խոշորագույն նավահանգիստը Բելգրադն է: Միջազգային նշանակություն ունեն Բելգրադի և Զագրեբի օդանավակայանները: Հ–ի, Հունգարիայի և Չեխոսլովակիայի համատեղ ջանքերով կառուցվում է «Ադրիա» նավթամուղը (երկարությունը` ավելի քան 700 կմ): Արտաքին տնտեսական կապերը: 1978–ին արտահանումը կազմել է 103,5, ներմուծումը` 182,3 մլրդ դինար: Հ. արտահանում է մեքենաներ ու սարքավորում, գունավոր մետալուրգիայի և տեքստիլ արդյունաբերության արտադրանք, պարեն, կահույք, ներմուծում` հումք, մեքենաներ, հանքային պարարտանյութեր: Առևտրական հիմնական գործընկերներն են ՍՍՀՄ, ԳՖՀ, Իտալիան, ԱՄՆ, Ֆրանսիան, Լեհաստանը: Դրամական միավորը դինարն է, 100 դինարը է 3,23 ռ. (1980): VIII Զինված ուժերը

Հ–ի զինված ուժերը բաղկացած են կանոնավոր բանակից և տերիտորիալ պաշտպանությունից: Հարավսլավական ժող. բանակը (ՀԺԲ) կազմված է ցամաքային զորքերից, ռազմածովային նավատորմից, ռազմաօդային ուժերից (որոնց մեջ մտնում են ՀՕՊ–ի զորքերր) և սահմանապահ զորքերից: Գերագույն գլխավոր հրամանատարն է պրեզիդենտը, որը ղեկավարում է ժող. պաշտպանության գործերի միութենական քարտուղարության (որի մեջ մտնում է Գլխավոր շտաբը) միջոցով: Հ–ի զինված ուժերը ստեղծվել են Հ–ի ժողովուրդների` ֆաշիստական օկուպանտների դեմ պայքարի տարիներին, որոնք և հաղթանակով ավարտել են երկրի ամբողջ տարածքի ազատագրումը զավթիչներից: Ժող. պաշտպանության մասին օրենքով զինծառայության են կոչվում 18–55 տարեկան տղամարդիկ, իսկ պատերազմի ժամանակ` նաև 18–40 տարեկան կանայք: Զինծառայության ժամկետը 2–3 տարի է, միջնակարգ կրթությամբ քաղաքացիների համար` 18 ամիս, բարձրագույն կրթությամբ` մեկ տարի: Սպայական կադրերը պատրաստվում են ռազմ. ակադեմիաներում և ուսումնարաններում:

IX. Բժշկա–աշխարհագրական բնութագիրը

1976–ին ծնունդը կազմել է 1000 բնակչին 18,1, մահացությունը` 8,5, մանկական մահացությունը 1000 ողջ ծնվածին` 37,1: Տղամարդկանց կյանքի միջին տևողությունը 1971–72)` 64,5, կանանցը 70,2 տարի է: Հ–ում հիմնականում տարածված են սիրտ–անոթային համակարգի հիվանդությունները և չարորակ նորագոյացությունները: Առողջապահության կենտրոնական վարչական մարմինը Աշխատանքի, առողջապահության և սոցիալական ապահովության միութենական կոմիտեն է: 1975– ին կար 272 հիվանդանոցային հիմնարկ` 127,6 հզ. մահճակալով (1000 բնակչին` 5,9 մահճակալ): Արտահիվանդանոցային օգնություն են կազմակերպել ամբուլատոր–պոլիկլինիկական 3,8 հզ. հիմնարկ, կանանց սպասարկող 1,2 հզ., երեխաների հսկողության 1,2 հզ. և դպրոցական հիգիենայի 631 կենտրոն: Գործել են նաև 2,7 հզ. ատամնաբուժական կետ, վերականգնման 194 արտահիվանդանոցային կենտրոն, բանվորներին սպասարկող 1,0 հզ. հիմնարկ, մոտ 600 դիսպանսեր: Բժշկ. հիմնարկների թիվը 1970–ին (1939–ի համեմատությամբ) ավելացել է 3,5 անգամ: 1976–ին աշխատել են 32,3 հզ. բժիշկ (668 բնակչին` 1 բժիշկ), 6,3 հզ. ստոմատոլոգ և ատամնաբույժ, 4,6 հզ. դեղագործ, 80,7 հզ. միջին ևն բուժաշխատողներ: Բժիշկներ են պատրաստում ուսումնական 19 հաստատություններ, միջին բուժանձնակազմ` բժշկ. 98 դպրոց: Առողջապահության ծախսերը (1975) կազմել են 23,4 մլրդ դինար, այսինքն` պետ. բյուջեի 24,7–ը: Առողջարաններն են. բալնեոլոգիական` Վրնյաչկա Բանյա, Իլիջա, Ռոգաշկա Սլատինա, լեռնակլիմայական` Բլեդ, մերձծովյան` Օպատիա, Սպլիտ, Դուբրովնիկ:

X. ժողովրդական կրթությունը

Հ–ի տարածքում առաջին կրթական հաստատություններն ստեղծվել են եկեղեցիներին կից: XII–Х III դդ. Դալմաթրայում բացվել են մի քանի թեմական դպրոցներ: Քաղաքների աճը նպաստել է համքարական և գիլդիական դպրոցների ստեղծմանը: XIV–XV դդ. Թուրք. նվաճումների հետևանքով Սերբիայի, Մակեդոնիայի, Բոսնիա և Հերցեգովինայի լուսավորության զարգացումը մի քանի դարով ընդհատվել է: Հորվաթիայում ուսուցումը տարվել է լատ. (սլավոն. գիրն արգելված էր): Սլովենների պաշտոնական լեզուն եղել է գերմաներենը: Х III–XV դդ. սլովենական շրջաններում գործել է մոտ 20 ծխական դպրոց: Երկրում լուսավորության զարգացմանը խթանել են XVI դ. Ռեֆորմացիան և, հատկապես, կապիտալիստական հարաբերությունների սկզբնավորումը XVIII դ. վերջին –XIX դ. սկզբին: Հորվաթիայում, Սլովենիայում, Չեռնոգորիայում, ավելի ուշ` Սերբիայում, Բոսնիա և Հերցեգովինայում ստեղծվել են տարատեսակ (տարրական, միջնակարգ, բարձրագույն) կրթական հաստատություններ, որտեղ ուսուցումը (նաև պարտադիր) տարվել է ինչպես լատ., այնպես էլ մայրենի լեզուներով: 1918–ին Հ–ի տարածքում գոյություն ունեին դպրոցական տարբեր համակարգեր: 1929– 30–ին ընդունվել են օրենքներ Հ–ում դպրոցական միասնական համակարգ ստեղծելու և տարրական պարտադիր, ձրի կրթություն մտցնելու մասին, որոնք, սակայն, չեն կենսագործվել: Ուսուցումը կրել է դասակարգային բնույթ: Երկրորդ համաշխարհային պատերազմից (1939–45) հետո ժող. Հ–ում կրթական համակարգը լրջորեն բարեփոխվել է: Ստեղծվել է դպրոցական միասնական համակարգ, արմատապես փոխվել են ուսուցման նպատակն ու խնդիրները: «ՀՖԺՀ–ում դպրոցական կրթության մասին ընդհանուր օրենքի» (1958) հիման վրա ընդունվել է կրթության եռաստիճան համակարգ: Առաջին աստիճանն ընդգրկում է մանկապարտեզները (3–7 տարեկան) և միասնական 8–ամյա հիմնական պարտադիր հանրակրթական դպրոցները (7–14 տարեկան): Երկրորդ աստիճանի մեջ մտնում են 4–ամյա հանրակրթական միջնակարգ (գիմնազիա), 4–5–ամյա միջնակարգ պրոֆ. (տեխնիկումներ), 2–3–ամյա ցածր պրոֆ. և ֆաբրիկա–գործարանային դպրոցները: Երրորդ աստիճանը (միջնակարգ կրթության հիմքի վրա) կազմում են 2–ամյա թերի բարձրագույն և բարձրագույն ուս. հաստատությունները (ուս. տևողությունը` 4–5 տարի): Լուսավորության համակարգի բաղկացուցիչ մասն են մեծահասակների կրթական հաստատությունները: Խոշոր բուհերն են` Բելգրադի, Զագրեբի, Լյուբլյանայի, Սարաևոյի, Սկոպիեի, Տիտոգրադի, Նիշի, Նովի Սադի, Պրիշտինայի, Ռիեկայի, Սպլիտի ևն համալսարանները: Հ–ում գործում է շուրջ 1500 գիտական և մասնագիտական գրադարան, 375 թանգարան:

XI. Գիտությունը և գիտական հիմնարկները

Բնական և տեխնիկական գիտությունները: Միջնադարում ներկայիս Հ–ի տարածքում բնակված սլավոնական ժողովուրդների բնագիտական պատկերացումների վրա զգալի ազդեցություն է ունեցել Բյուզանդիայի գիտությունը: XVII– XVIII դդ., օսմանյան զավթիչների տիրապետության պայմաններում, շատ գիտնականներ (մաթեմատիկոս, աստղաբաշխ և ֆիզիկոս Մ. Գետալդիչը, բժիշկ Ս. Սանտորիոն և ուրիշներ) ստիպված են եղել աշխատելու արտասահմանում, հատկապես Իտալիայում: 1669–ին Զագրեբում հիմնվել է ճիզվիտական ակադեմիա (հետագայում` համալսարան): Եվրոպական ճանաչում է ստացել նյութի կառուցվածքի ինքնուրույն տեսության ստեղծող Ռ. Ի. Բոշկովիչի (1760–ից` Պետերբուրգի ԳԱ արտասահմանյան պատվավոր անդամ) գործունեությունը: XIX դ. 1–ին կեսին նախադրյալներ են ստեղծվել հարավսլավոնական երկրներում գիտակրթական ինքնուրույն կենտրոնների կազմավորման և գիտական գործունեության զարգացման համար: Սերբիայում բնագիտական հետազոտությունների զարգացումը կապված է Բելգրադի լիցեյի (1905–ից` համալսարան) կազմակերպման հետ: Սերբ բնախույզ Յ. Պանչիչը 1862–1876–ին և 1884–ին հրատարակել է Սերբիայի բուսական աշխարհը նկարագրող աշխատություններ, 70–ական թթ. Բելգրադում հիմնել հերբարիում և բուսաբանական այգի, 1887–ին դարձել Սերբիայի գիտությունների և արվեստների ակադեմիայի առաջին պրեզիդենտը: Հորվաթիայում հետազոտական կենտրոններ են եղել Զագրեբի համալսարանը և բնագիտության թանգարանը: 1867–ին հիմնվել է գիտությունների և արվեստների հարավ–սլավոնական ակադեմիան: Գիտական մտքի զարգացման գործում մեծ նշանակություն է ունեցել բնագետ Լ. Վուկոտինովիչի գործունեությունը: Սլովենիայում, Բոսնիա և Հերցեգովինայում ևս գիտության սկզբնավորումը կապված է եղել բնագիտական թանգարանների ստեղծման (1881–ին և 1888–ին) հետ: 1852–ին Լյուբլյանայում հիմնադրվել է երկրբ. ընկերություն: Հետազոտություններ են կատարել երկրաբաններ Մ. Լիպոլդը, Ֆ. Կատցերը և այլք: Միաժամանակ հարավսլավոնական ծագում ունեցող շատ գիտնականներ և գյուտարարներ (օրինակ, էլեկտրատեխնիկայի և ռադիոտեխնիկայի բնագավառի ինժեներ–գյուտարար Ն. Տեսլան) աշխատել են արտասահմանում: 1918–ին հարավսլավական միասնական պետության ստեղծումը նպաստեց գիտական գործունեության աշխուժացմանը: Ըստեղծվեցին գիտահետազոտական մի շարք նոր հիմնարկներ, ինստ–ներ: Սերբիայում աշխատում էին մաթեմատիկոսներ Մ. Պետրովիչը (ֆունկցիաների տեսություն), Յո. Կարամատան (մաթ. անալիզ), Մ. Միլանկովիչը (կիրառական մաթեմատիկա), երկրաբաններ Ցվիյիչը, Վ. Պետկովիչը, Վ. Ռադովանովիչը, քիմիկոսներ Մ. Լեկոն, Վ. Միչովիչը, Պ. Թութունջիչը, ֆիզիկոս Պ. Սավիչը (1958–ից ՍՍՀՄ ԳԱ արտասահմանյան անդամ), որը Ի. Ժոլիո–Կյուրիի հետ հայտնագործել է ուրանի միջուկների տրոհման երևույթը` նեյտրոններով ռմբակոծելիս, և ուրիշներ, Զագրեբի և Լյուբլյանայի համալսարաններում` մաթեմատիկոսներ Ս. Բոխնիչեկը, Յո. Պլեմելը, քիմիկոսներ Վ. Պրելոգը, Մ. Սամեցը, ֆիզիկոս Ս. Խոնդլը և այլք: 1941–45–ի ժողովրդա–ազատագրական պատերազմի ավարտից հետո ընդլայնվեց գիտական հետազոտությունների բազան: Ստեղծվեցին բուսաբուծության (1945), գյուղատնտեսության մեքենայացման (1947) ինստ–ները Բելգրադում, երկրաբանության (1946), էլեկտրոնիկայի և ավտոմատիկայի (1947) ինստ–ները Լյուբլյանայում ևն: Առաջնահերթ խնդիր դարձավ հիմնարար հետազոտությունների զարգացումը: Մաթեմատիկոսները զբաղվում են դիֆերենցիալ հավասարումների (Ի. Վիդավ, Տ. Անջելիչ, Դ. Կարապանջիչ), ֆունկցիոնալ անալիզի (Բ. Ստանկովիչ, Մ. Աթանացկովիչ), թվերի տեսության (Վ. Ավակումովիչ), երկրաչափության (U. Բիլհնսկի) հարցերով: Ուսումնասիրում են նաև մաթեմատիկայի ժամանակակից բաժինները` հավանականությունների տեսությունն ու մաթ. վիճակագրությունը (Վ. Վռանիչ, Ռ. Կաշանին), գծային ծրագրավորումը (Ա. Վադնալ), հատուկ ֆունկցիաները (Զ. Յանկովիչ): Ֆիզիկայում առաջատար տեղ են գրավում միջուկային հետազոտությունները (Պ. Սավիչ, Ի. Սուպեկ): 1959–ին շարք է մտել Հ–ի առաջին հետազոտական ռեակտորը, որը կառուցվել է սովետական մասնագետների օգնությամբ: Ուսումնասիրվում են պինդ մարմնի ֆիզիկայի, սպեկտրոսկոպիայի, նեյտրոնային ֆիզիկայի պրոբլեմները: Ուշագրավ աշխատանքներ են կատարվում օրգ. քիմիայի (Ջ. Դիմիտրիևիչ, Մ. Միխայլովիչ և ուրիշներ), բնական միացությունների քիմիայի (Մ. Ստեֆանովիչ), անօրգ. քիմիայի (Ս. Ռադոսլավլևիչ և ուրիշներ) և այլ բնագավառներում: Հ–ի տարածքի աշխարհագրական ուսումնասիրության արդյունքներն ամփոփված են Ս. Իլեշիչի աշխատություններում: Երկրաբանության բնագավառում աչքի են ընկնում Ի. Ռակովեցի, Ն. Պանտիչի, Ա. Տակշիչի աշխատանքները: Ժողտնտեսական կարևոր նշանակություն են ձեռք բերել գետերի ջրաբանական հետազոտությունները (Ս. Իլեշիչ, Ա. Լազիչ, Դ. Դուկիչ և ուրիշներ): Զգալի հաջողությունների են հասել կենսբ. գիտություններն ու բժշկությունը: Լայն ճանաչում է ստացել հիգիենայի մասնագետ Ա. Շտամպարի, իմունաբան Դ. Իկիչի (1975–ից ՍՍՀՄ ԲԳԱ արտասահմանյան անդամ) գիտական գործունեությունը: Վիրաբուժության ասպարեզի խոշոր մասնագետներ են Ի. Պապոն, Ս. Պետկովիչը, Վ. Ստոյանովիչը: Տեխ. գիտությունների բնագավառում մշակվում են էլեկտրատեխնիկայի (Պ. Միլյանիչ), էներգետիկայի (Դ. Վելիչկովիչ, Դ. Սավիչ և այլք), գրունտների և ամբարտակների մեխանիկայի (Պ. Սերաֆիմով), նավաշինության պրոբլեմները: Հասարակական գիտությունները

Փիլիսոփայությունը: Հ–ի ժողովուրդների փիլ. միտքն սկզբնավորվել է վաղ միջնադարում: XII – XV դդ. Սերբիայում, մշակույթի ընդհանուր վերելքի պայմաններում, հանդես է եկել նաև աստվածաբանական–փիլիսոփայական միտքը: XVI դ. Ֆլորենցիայում և Հռոմում փիլիսոփայության պրոֆեսոր Ֆրանիո Պետրիչն ստեղծել է ուսմունք, ուր նեոպլատոնականությունը համակցել է բնության նոր մեկնաբանման հետ: XVIII դ. Ռ. Բոշկովիչը մշակել է դինամիկական ատոմիզմի բնափիլիսոփայական ըմբռնումը: Սերբիայում լուսավորության և ռացիոնալիզմի գաղափարները տարածել է Դ. Օբրադովիչը. բանաստեղծ և մտածող Պ. Նեգոշը Չեռնոգորիայում զարգացրել է հումանիստական աշխարհայացքը: 1752– ին աբբա Ա. Կաչիչ–Միոշիչը հրատարակել է տրամաբանության, ֆիզիկայի և մետաֆիզիկայի առաջին դասագիրքը: XIX դ. 2–րդ կեսին երևան են եկել փիլիսոփայության, տրամաբանության, գեղագիտության և հոգեբանության վերաբերյալ դասագրքեր` գրված գերմ. դասական փիլիսոփայության և պոզիտիվիզմի ազդեցությամբ: XIX դ. վերջերից թափանցել են մարքսիզմի գաղափարները. մարքսիզմի տարածումը և հաստատումը սկսվել է 1919–ին` Հ–ի կոմունիստական կուսակցության ստեղծումից հետո: 1871–ին թարգմանվել է «Կոմունիստական կուսակցության մանիֆեստը» և Կ. Մարքսի, Ֆ. Էնգելսի այլ աշխատություններ, 1904–ին` Վ. Ի. Լենինի որոշ երկեր: 1918–41–ին տարածվում են իռացիոնալիստական–ինտուիտիվիստական տարբեր հոսանքներ: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո թարգմանվել են մարքսիզմի դասականների աշխատությունները: Երկրի սոցիալիստական վերակառուցման և սոցիալիզմի զարգացման ընթացքում գլխավորապես մշակվել են փիլ. այն պրոբլեմները, որոնք կապված էին Հ–ի հասարակական և սոցիալ–քաղաքական յուրահատկությունների հետ. կատարվել է մարքսիստական փիլիսոփայության պրոբլեմների ճշգրտում: Մարքսիզմի փիլիսոփայության կառուցվածքի և առարկայի մասին 1956–60–ական թթ. ծավալված բանավեճի ընթացքում կատարվել է մարքսիստ փիլիսոփաների սահմանազատում մարքսիզմի լոզունգով հանդես եկող, բայց, ըստ էության, այս կամ այն ձևով նրան հակադրվող, նրա հիմնական դրույթները վերանայել փորձող փիլիսոփաներից: Հարավսլավական փրլիսոփաներն ուսումնասիրում են դիալեկտիկայի, դիալեկտիկական տրամաբանության, գիտության տրամաբանության և մեթոդաբանության, պատմական մատերիալիզմի, փիլիսոփայության պատմության, բնագիտության, փիլիսոփայության, ինչպես նաև բարոյագիտության, գեղագիտության և աթեիզմի պրոբլեմները: Փիլ. ուսումնասիրությունների կենտրոններն են ինստ–ները և համալսարանների փիլ. ամբիոններն ու ֆակուլտետները: Հ–ում զարգացած են սոցիոլոգիան և կոնկրետ սոցիոլոգիական ուսումնասիրությունները: Սոցիոլոգիական ուսումնասիրությունները կատարվում են հասարակական գիտությունների ինստ–ում (Բելգրադ), սոցիոլոգիայի հանրապետական ինստ– ներում: Գործում են փիլ. և սոցիոլոգիական ընկերությունները: Հրատարակվում են փիլ., սոցիոլոգիական ամսագրեր:

Պատմագիտությունը: Հ–ի ժողովուրդների պատմագիտության հնագույն ձևը սերբ և հորվաթ կառավարողների տոհմագրություններն են, Դալմաթիայի քաղաքների բնակիչների ավանդույթները (պահպանվել են Կոստանդին Ծիրանածինի «Կայսրության կառավարման մասին» աշխատության մեջ), որոնք տեղեկություններ են բովանդակում սլավոն ցեղերի` Հ–ի տարածքում բնակություն հաստատելու և առաջին պետ. կազմավորումների մասին: Զարգացած ֆեոդալիզմի դարաշրջանում (XII–XV դդ.) երևան են եկել տարեգրությունները, վարքերը ևն: Հատուկ տեղ ունի, այսպես կոչված, տեր Դուկլացու տարեգրությունը (XII դ.), արժեքավոր է Թոմա Ապլիտցու ժամանակագրությունը (1266): XIV– XV դդ. Դալմաթիայի քաղաքներում և սլովենյան երկրում գրված պատմական երկերը կրել են առավելապես տեղական բնույթ: Օտարերկրյա տիրապետության հաստատումը ամբողջ Հ–ում (բացի Դուբրովնիկից) կանխորոշել է Հ–ի ժողովուրդների պատմագրության ուղղությունր XVI – XVIII դդ.: Հումանիստական պատմագրությունը զարգացել է Դուբրովնիկում և Վենետիկյան Դալմաթիայում: XVIII դ. պատմական գրականություն են ներթափանցել լուսավորական գաղափարներ, պատմագրության մեջ զարգացել են հայրենասիրական միտումները, որոնք ազդել են ազգային–ազատագրական վերելք ապրող Հ–ի ժողովուրդների ազգային ինքնագիտակցության ձևավորման վրա: XIX դ. վերջին և XX դ. սկգբին Հ–ի ժողովուրդների ազգային–ազատագրական շարժումը, անկախ Սերբական պետության կազմավորումը, Չեռնոգորիայի ինքնուրույնության ճանաչումը խթան հանդիսացան հարավսլավական ժողովուրդների պատմագիտության զարգացման համար: Ստեղծվեցին առաջին գիտական ընկերություններն ու պատմական հրատարակությունները, առաջ եկան բուրժ. պատմագիտության նոր դպրոցներ, սկսվեց պատմական աղբյուրների ու նյութերի լայն հրապարակումը ևն: Այդ շրջանի պատմաբաններից նշանավոր են Վ. Ս. Կարաջիչը, Ի. Ռուվարացը, Ֆ. Ռաչկին, Տ. Սմիչիկլասը, Ֆ. Կոսը և ուրիշներ: Հեղափոխական–դեմոկրատական ուղղությունըկապված է Ս. Մարկովիչի, Ժ. Ժույովիչի, Վ. Պելագիչի անունների հետ: 1918–1941–ին Հ–ի պատմագիտության մեջ գերիշխող էր ազգայնական պատմագրությունը: 1930–ական թթ. վերջին սկիզբ էառել ու զարգացել մարքսիստական ուղղությունը (հանձինս Ֆ. Ֆիլիպովիչի, Վ. Մասլեշայի, Է. Կարդելի և այլոց): Հ–ում սոցիալիստական հեղափոխության հաղթանակից հետո ստեղծվեցին Հ–ի ժողովուրդների, առանձին հանրապետությունների ու քաղաքների պատմությունն ընդհանրացնող աշխատություններ: Հ–ի պատմաբանները սկսեցին խորությամբ ուսումնասիրել երկրի նոր և նորագույն պատմությունը, բանվորական և սոցիալիստական շարժման, 1941–45–ի ժող–ազատագրական պատերազմի խնդիրները ևն: Հիմնադրվեցին գիտական նոր կենտրոններ: 1974–ին ստեղծվեց պատմաբանների սովետա–հարավսլավական հանձնաժողովը: Հ–ի պատմագիտության աչքի ընկնող ներկայացուցիչներն են Ռ. Պետրովիչը, Մ. Ապոստոլսկին, Վ. Չուբրիլովիչը, Բ. Գրաֆենաուերը, Գ. Նովակը, Բ. Պավիչևիչը և ուրիշներ: 1976–ին Հ–ում լույս են տեսել ավելի քան 170 անուն պատմական ամսագրեր և պարբերականներ:

Տնտեսագիտությունը: Տնտեսագիտական առաջին աշխատությունը, որ նվիրված էր առևտրական ձեռնարկության էկոնոմիկային, գրվել է 1458–ին (Բ. Կուտրուլևիչ): XVI դ. տարածված էին մերկանտիլիզմի (Մ. Վլաչիչ–Իլլիրիկ), XVII դ.` բուրժ. դասական քաղաքատնտեսության (Յու. Կրիժանիչ) ներկայացուցիչների հայացքները: Մինչև XIX դ. 60–ական թթ., պատմական անբարենպաստ պայմանների հետևանքով, տնտեսագիտությունը լճացած վիճակում էր: 1861–ին հրատարակվեց քաղաքատնտեսության առաջին դասագիրքը, XIX դ. վերջին–XX դ. սկզբին` Ֆ. Վրբանիչի, Բ. Լորկովիչի, Մ. Զորիչիչի աշխատությունները, որոնք կրում էին ավստ., գերմ. և ֆրանս. բուրժ. տնտեսագիտության ազդեցությունը: Տնտեսագիտության զարգացման մեջ նշանակալի էր հեղափոխական դեմոկրատների (Ժ. Ժույովիչ, Ս. Մարկովիչ, Վ. Պելագիչ) ավանդը: Սերբ առաջին մարքսիստը համարվում է Օ. Դրագիչևիչը, իսկ Դ. Տուցովիչին է պատկանում Սերբիայի սոցիալ–դեմոկրատական կուսակցության ծրագրային դրույթների տնտեսագիտական հիմնավորման և մարքսիստական տնտեսագիտական մտքի զարգացման ծառայությունը: 1918–ին Հ–ի միասնական պետության կազմավորումը նպաստեց բուրժ. տնտեսագիտության զարգացմանը, որի վրա մեծ էր արևմտաեվրոպական գռեհիկ քաղաքատնտեսության ինչպես նաև քեյնսականության ու նեոլիբերալիզմի ազդեցությունը: 20–30–ական թթ. բուրժ. տնտեսագետները հիմնականում մշակում էին տնտ. քաղաքականության գործնական հարցեր: Հ–ում մարքսիստական տնտեսագիտության զարգացումը կապված է Ռուսաստանում սոցիալիստական հեղափոխության հաղթանակի ազդեցության և երկրում սոցիալիստական կարգերի հաստատման հետ: 40–70–ական թթ. տնտեսագիտության ծավալման նպատակը ժողտնտեսության կառավարման արդյունավետության բարձրացման, ինքնակառավարման վրա հիմնված տնտ. համակարգի ստեղծման ու զարգացման ուղիների որոշումն էր: Այդ կապակցությամբ բանավեճեր էին գնում սոցիալիզմի պայմաններում ապրանքա–դրամական հարաբերությունների, արժեքի օրենքի ու պետության դերի, սեփականության, էկոնոմիկայի կառավարման մեջ պլանային ու շուկայական սկզբունքների հարաբերակցության մասին ևն: Սոցիալիստական շինարարության հարցերին են նվիրված Ի. Բրոզ Տիտոյի, Է. Կարդելի, Վ. Բակարիչի և ուրիշների աշխատությունները: Տնտեսագիտական հետագոտություններր վերաբերում են սոցիալիզմի ու կապիտալիզմի քաղաքատնտեսությանը (Ա. Բայտ, Ռ. Լանգ), արդյունաբերության ու գյուղատնտեսության էկոնոմիկաներին (Ի. Վինսկի, Ս, Պոպովիչ), ինչպես նաև ֆինանսներին ու վարկին, գնագոյացմանը, էկոնոմիկայում մաթ. մեթոդների կիրառմանը ևն: Տնտեսագիտական պրոբլեմները մշակվում են ինստ–ներում, ԳՀԻ–ներում ու համալսարանների տնտեսագիտության ֆակուլտետներում: Գիտական հիմնարկները

Հ–ի բոլոր հանրապետություններն ունեն իրենց բարձրագույն գիտական հիմնարկները, դրանցից են` Սերբիայի (հիմն. 1886–ին, Բելգրադ), հարավսլավոնական (1867, Զագրեբ), սլովենյան (1938, Լյուբլյանա), Բոսնիա և Հերցեգովինայի (1966, Սարաևո), Մակեդոնիայի (1967, Սկոպիե) ն Չեռնոգորիայի (1976, Տիտոգրադ) գիտությունների և արվեստների ակադեմիաները: Նրանց գործունեությունը կոորդինացնում է Հարավսլավիայի գիտությունների և արվեստների ակադեմիաների խորհուրդը (1960): 1977–ին կար մոտ 500 կազմակերպորեն և ֆինանսապես ինքնուրույն գիտահետազոտական հիմնարկ, որտեղ աշխատում է մոտ 37 հզ. մարդ: Երկրի բոլոր գիտական հիմնարկներում աշխատում է ավելի քան 15 հզ. բարձր որակավորման մասնագետ: Գիտության, լուսավորության, մշակույթի և տեխնիկայի բնագավառում միջազգային համագործակցության միութենական վարչության միջոցով 1977–ին միջազգային գիտատեխնիկական կապեր են հաստատվել 110 երկրների, ՄԱԿ–ի և նրա հիմնարկների, տնտ. համագործակցության և զարգացման կազմակերպության հետ: 1955–ին ստեդծվել է սովետա–հարավսլավական գիտատեխնիկական համագործակցության հանձնաժողովը, որը 1975–ին վերածվել է տնտ. և գիտատեխնիկական համագործակցության սովետա–հարավսլավական միջկառավարական կոմիտեի մշտական ենթակոմիտեի: Սովետա–հարավսլավական համատեղ աշխատանքներ են կատարվում մեքենաշինության, քիմ. արդ., գունավոր մետալուրգիայի, տրանսպորտի, գյուղատնտ. և այլ բնագավառներում: 1973–ին ՍՍՀՄ ԳԱ–ի և Հ–ի գիտությունների և արվեստների ակադեմիաների խորհրդի միջև ստորագրվել է համագործակցության համաձայնագիր: Զարգանում են կապերը ՍՍՀՄ–ի և ՀՍՖՀ–ի բուհերի միջև:

XII. Մամուլը, ռադիոհաղորդումները, հեռուստատեսությունը

1977–ին Հ–ում լույս էին տեսնում³,5 հզ. թերթ, հանդես և պարբերական այլ հրատարակություններ, այդ թվում` 24 օրաթերթ: Կարևորագույն թերթերն ու հանդեսներն են` «Բորբա» («Borba», 1922–ից), «Վիեսնիկ» («Vjesnik», 1940–ից), «Օսլոբոջենե» («Ослобо ене», 1943–ից), «Պոբեդա» («Поб j еда», 1943–ից), «Պոլիտիկա» (1904–ից) սերբահորվաթերեն, «Դելո» («Delo», 1959–ից) սլովեներեն, «Նովա Մակեդոնիա» («Нова Македони j а», 1944–ից) մակեդոներեն օրաթերթերը, «Էկոնոմսկա պոլիտիկա» («Ekonomska Politika», 1952–ից) սերբահորվաթերեն շաբաթական հանդեսը, «Կոմունիստ» («Komunist», 1925–ից) սերբահորվաթերեն, սլովեներեն, մակեդոներեն, «Մլադոստ» («Mladost», 1919–ից), «Ռադ» («Rad», 1945–ից) սերբահորվաթերեն շաբաթաթերթերը, «Սոցիյալիզամ» («Socijalizam», 1958–ից) սերբահորվաթերեն ամսագիրը: Նոր Հարավսլավիա հեռագրական գործակալությունը` ՆՀՀԳ (Telegrafska Agencija Nova Jugoslavija – TANJUG, ՏԱՆՅՈՒԳ), հիմնվել է 1943–ին: Հ–ում ռադիոհաղորդումները տարվում են 1926–ից: Ներքին հաղորդումները տրվում են սերբահորվաթերեն, սլովեներեն, մակեդոներեն, իտալ., թուրք., r ում., արտասահմանյան հաղորդումները` ալբաներեն, անգլ., արաբ., բուլղ., հուն., իսպան., գերմ., ռուս., ֆրանս.: Հեռուստատեսությունը գործում է 1958–ից:

XIII. Գրականությունը

Հ–ի ժոդովուրդների էթնիկական և լեզվական ընդհանրությունը, պատմական և մշակութային ճակատագրի նմանությունը պայմանավորել են ազգային գրականությունների փոխազդեցությունը` միաժամանակ չվերածնելով դրանց յուրահատկությունը (տես Հորվաթիա, Մակեդոնիա, Սերբիա, Սլովենիա, Չեռնոգորիա հոդվածների Գրականություն բաժինը): 1918–ից Հ–ի գրականությունը զարգացել է միասնական պետության շրջանակներում: 1910–ական թթ. Վերջին –1920–ական թթ. սկզբին Հ–ում հեղափոխական շարժումը պատմական հող նախապատրաստեց ձախ էքսպրեսիոնիստական գրական հոսանքի սկզբնավորման համար, որը կապված էր կոմունիստական շարժման հետ Ա. Ցեսարեց (1893–1941), Մ. Կոլեժա (ծն. 1893), Ս. Կոսովել (1904–26), Տ. Սելիշկար (ծն. 1900), Մ. Կլոպչիչ (ծն. 1905), Բ. Կրեֆտ (ծն. 1905) Սլովեն գրականության մեջ հատկապես զարգացավ չափածոյի ժանրը: Հորվաթական գրականության մեջ տեղ գտան նաև արձակի ժանրը և դրաման: 20–ական թթ. ռեալիստական ուղղությունը ներկայացնում էին մեծ մասամբ ավագ սերնդի գրողները` Վ. Պետրովիչը (1884–1967), Ի. Սեկուլիչը (1877–1958), Ֆ. Բևկը (1890 – 1970), Օ. Ժուպանչիչը (1878–1949), Վ. Ցար–Էմինը (1870–1963) և ուրիշներ: 30–ական թթ. ռեալիզմի ներկայացուցիչների երկերում խորացավ սոցիալական վերլուծությունը, հակաբուրժուական ուղղվածությունը Բ. Չոսիչ (1903–34), Գ. Կրկլեց (1899–1977), Դ. Ցեսարիչ (ծն. 1902) Բ. Նուշիչի (1864–1938) կատակերգությունները («Տիկին մինիստրը», 1929, «Միստր Դոլլարը», 1932, «Հանգուցյալը», 1937 ևն) միջազգային բեմ հանեցին հարավսլավական դրամատուրգիան: 1941–45–ի ժողովրդա–ազատագրական պատերազմի տարիներին պարտիզանական պայմաններում Հ–ի գրականությունը զարգացավ «սոցիալական ռեալիզմի» նվաճումների, բանահյուսական ու ռոմանտիկական ավանդույթների հիման վրա Ի. Գ. Կովաչիչ (1913–43), Բ. Չոպիչ (ծն. 1915), Յո. Պոպովիչ (1905–52), Ի. Դոնչևիչ (ծն. 1909), Մ. Բոժիչ (ծն. 1919), Կլոպչիչ: 1945–ին լույս տեսան Ի. Անդրիչի (1892– 1975, նոբելյան մրցանակ, 1961) «Կամուրջ Դրինայի վրա» և «Տրավնիկի ժամանակագրությունը» սոցիալ–հոգեբանական վեպերը: ՀՖԺՀ–ի ստեղծումից հետո նրա կազմի մեջ մտնող բոլոր ժողովուրդներն ազգային մշակույթի զարգացման համահավասար իրավունք ստացան: Բոլոր հանրապետություններում ստեղծվեցին գրողների միավորումներ, գրական հանդեսներ, հիմնադրվեց Հ–ի գրողների միությունը: 1945–50–ական թթ. Հ–ի գրականության մեջ իշխում էր «սոցիալական ռեալիզմի» ավանդույթների վրա հիմնված գրական հոսանքը Բ. Զուպանչիչ (ծն. 1925), Մ. Բոժիչ, Դ. Չոսիչ (ծն. 1921), Ս. Նովակ (ծն. 1924), Ս. Յանևսկի (ծն. 1920) 60–ական թթ. էքզիստենցիալիզմի ազդեցությունը նկատելի էր Ա. Խինգի (ծն. 1925), Դ. Սմոլեի (ծն. 1929), Ա. Շոլյանի (ծն. 1932), Դ. Կիշի (ծն. 1935), Բ. Շչեպանովիչի (ծն. 1937), Ժ. Չինգոյի (ծն. 1936) ստեղծագործություններում: Մեծ տեղ էր գրավում «վերացական ինտելեկտուալիզմի» պոեզիան Բ. Միլկովիչ (1934–61), Գ. Ստոնիշա (ծն. 1930), Տ. Շոլամուն (ծն. 1941), Վ. Պոպա (ծն. 1922), Ս. Միխալիչ (ծն. 1928), Վ. Ուրոշևիչ (ծն. 193 Հ) 60–ական թթ. վերջին –70–ական թթ. սկզբին նատուրալիստական միտումների աշխուժացման հետ միասին նշանակալիորեն մեծացավ ռեալիստական ուղղության ազդեցությունը Մ. Կրլեժի «Դրոշներ» (հ. 1–5, 1963–69) վեպ–էպոպեան, Մ. Լալիչի (ծն. 1914) «Ռազմական բախտ» (1973), «Ջատագովները» (1976), Դ. Չոսիչի «Մահվան ժամանակը» (հ. 1–3, 1972–75) ևն: Ժամանակակից իրականության պատկերման ու բարոյա–էթիկական խնդիրներին են անդրադարձել արձակագիրներ Բ. Զուպանչիչը, Է. Յոշը (ծն. 1913), Վ. Կուզմանովիչը (1930–76), Մ. Մարկովիչը (ծն. 1934), Զ. Մայդակը (ծն. 1938), Մ. Կապորը (ծն. 1937) և ուրիշներ: 1945–ից հետո համեմատաբար թույլ էր զարգանում դրամատուրգիան: 60–ական թթ. Մ. Մատկովիչը (ծն. 1915), Սմոլեն, Վ. Լուկիչը (ծն. 1936) և ուրիշներ զանազան փիլիսոփայական գեղագիտական ըմբռնումների հիման վրա անդրադարձան այլաբանական ձևերին, անտիկ ու պատմական սյուժեների մշակմանը: 70–ական թթ. ընդլայնվեց հետաքրքրությունը բարոյափիլիսոփայական խնդիրների և ժամանակակից իրականության ռեալ երևույթների նկատմամբ Կ. Չաշուլե (ծն. 1921), Ֆ. Խաջիչ (ծն. 1922), Ժ. Կոմանին (ծն. 1935) Հ–ի գրական–քննադատական միտքը զարգացել է զանազան փիլիսոփայական գեղագիտական և զաղափարական ըմբռնումների սուր պայքարում: Նրա դեմոկրատական ավանդույթների զարգացման գործում մեծ ներդրում ունեն Վ. Գլիգորիչը (1899–1977), Մ. Բոգդանովիչը (1892–64), Վ. Մալեշան (1906–43), Ի. Բռնչիչը (1912–43), Յո. Ի. Վիդմարը (ծն. 1895), Դ. Միտրևը (1919– 1976), Մ. Յուրկովիչը (1906–66), Դ. Երեմիչը (ծն. 1925) և ուրիշներ: Հայերեն թարգմանվել են հարավսլավացի գրողներ Ջ. Յակշիչի «Ծերունի Մարկոն» (1896), Ռ. Դոմանովիչի «Ստրադիա» (1959), Բ. Նուշիչի «Մինիստրական խոճկոր» (երգիծական պատմվածքներ, 1963), «Ինքնակենսագրություն» (1972), Բ. Չո–պիչի «Ելուզակ Յովեցը» (1965), Դ. Մաքսիմովիչի «Մանուկները հասունանում են» (1967), Մ. Լալիչի «Հարսանիք» (1974), Է. Կոշի «Խայտաբղետ հասարակություն» (1976) գործերը: 1979–ին լույս է տեսել «Մակեդոնական պատմվածքներ» ժողովածուն:

XIV. Ճարտարապետությունը և կերպարվեստը

Ճարտարապետությունը: Հ–ի տարածքում պահպանվել են անտիկ քաղաքների (Պուլա, Սալոնա) ավերակներ, վաղ քրիստոնեական և բյուզանդական ճարտ. նմուշներ: Միջնադարում Սլովենիայի և Հորվաթիայի մշակույթը զարգացել է` առնչվելով Կենտրոնական Եվրոպայի երկըրների արվեստի հետ: Մակեդոնիայում, Սերբիայում, Բոսնիա և Հերցեգովինայում, Չեռնոգորիայում Կենտրոնական Եվրոպայի ազդեցությունր խաչաձևել է բյուզանդական ավանդույթներին, բազիլիկ (Ս. Սոֆիայի եկեղեցին Օխրիդում, XI դ.) և միանավ (Ստուդենիցա մենաստանի եկեղեցին, XII դ.) կառույցները փոխարկվել են խաչաձև–գմբեթավոր (Ս. Կղեմենս եկեղեցին Օխրիդում, XII ղ.) և եռակոնք (Կալենիչ մենաստանի եկեղեցին, XV դ.) տաճարների: XIV –XV դդ. կառուցվել են ամրոցներ (Մագլիչ, Սմեդերևո) և ամրացված մենաստաններ (Մանասիյա, Դեչանի): Թուրք. տիրապետության օրոք քաղաքներում կառուցվել են մզկիթներ, մինարեթներ, կարավանատներ: Ադրիատիկ ծովի առափնյա շրջանները գտնվել են վենետիկյան մշակույթի ազդեցության ներքո: Սլովենիայում և Հորվաթիայում IX–XII դդ. կառուցվել են մինչռոմանական կենտրոնակազմ եկեղեցիներ (Զադարում), ռոմանական բազիլիկներ (Զադարում, Կոստանևիցայում, Մարիբորում), XIII–XVII դդ. գոթական կառույցներ (եկեղեցիներ Շիբենիկում, Զագրեբում, Մարիբորում, ամրացված քաղաքներ և դղյակներ): XV–XVI դդ. ճարտ. մեջ կիրառվել են Վերածննդի առանձին ձևեր (ճարտ. Յուրայ Դալմաթացու կառույցները Շիբենիկում, Դուբրովնիկում, ռատուշաներ, պալատներ և դղյակներ Լյուբլյանայում, Մարիբորում, Ցելեում, Կոպերում): XVII–XVIII դդ. հաստատվել է բարոկկո ոճը (ճարտ. Գ. Մաչեկի կառույցները Լյուբլյանայում, պալատներ և եկեղեցիներ Զագրեբում, Դուբրովնիկում): XIX դ. 2–րդ կեսից հարավսլավոնական բոլոր շրջաններում կառուցվել են եվրոպական էկլեկտիկայի ոգով (Բելգրադի, Լյուբլյանայի համալսարանները, Զագրեբի ժող. թատրոնը) և «մոդեռն» ոճով շինություններ: 1920–30–ական թթ. ճարտ. մեջ ազգային ոճի որոնումները (Ի. Վուրնիկի, Յո. Պլեչնիկի կառույցները Սլովենիայում) գոյակցել են նեոկլասիցիզմի (Վ. Կովաչիչը` Հորվաթիայում) և ֆունկցիոնալիզմի (Ն. Դոբրովիչը, Դ. Բրաշովանը` Սերբիայում, Դ. Իբլերը, Ս. Գոմբոշը` Հորվաթիայում) միտումների հետ: Երկրորդ համաշխարհային պատերազմի (1939–45) ավերածությունների վերացումից հետո քաղաքներում կառուցվել են նոր բարեկարգ բնակելի շրջաններ: Նշանակալից են հաջողությունները Ադրիատիկ ծովի առափնյա առողջարանային համալիրների շին. գործում: Ուշագրավ են ճարտարապետներ Ն. Դոբրովիչի (Սերբիա), Է. Ռավնիկարի (Սլովենիա), Ս. Ռադևիչի (Չեռնոգորիա) և ուրիշների գործերը:

Կերպարվեստը: Հ–ի տարածքում պահպանվել են նոր քարի դարի և բրոնզի դարի խեցեղեն և քանդակներ, իլլիրիացիների, կելտերի, հին սլավոնների արվեստի հուշարձաններ: Սլովենիայի և Հորվաթիայի ռոմանական շրջանի կերպարվեստում առանձնանում են Սպլիտի տաճարի փորագրազարդ դռները (1214, վարպետ Անդրեյ Բուվինա) և Տրոգիրայի տաճարի շքամուտքի բարձրաքանդակները (1240, վարպետ Ռադովան): Վերածննդի արվեստը ծաղկել է Ադրիատիկ ծովի մերձափնյա շրջաններում (Ն. Բոժիդարևիչի և Մ. Համզիչի սրբապատկերները, Նիկոլայ Ֆլորենտացու քանդակները): Բարոկկոյի շրջանում առանձնանում են քանդակագործ Ֆ. Ռոբբան, գեղանկարիչ Ֆ. Ելովշեկը (Սլովենիա), գեղանկարիչ Ֆ. Բենկովիչը (Հորվաթիա): Սերբիայում, Մակեդոնիայում, Բոսնիա և Հերցեգովինայում միջին դարերի արվեստը հետևել է Բյուզանդիայի գեղարվեստի ավանդույթներին: Մակեդոնիայում տարածում է գտել փայտի փորագրությունը: Բոսնիա և Հերցեգովինայում, Չեռնոգորիայում ստեղծվել են «ստեչակա» ինքնատիպ տապանաքարերը: XIX դ. սկզբին Հ–ի ողջ տարածքում սկսել է ձևավորվել աշխարհիկ արվեստը: XIX դ. կեսին զարգացել են պատմանկարչության և բնանկարչության ժանրերը (Դ. Ավրամովիչը և Ջ. Կրստիչը` Սերբիայում): 1870–80–ական թթ. տարածում է գտել ռեալիստական ժանրային գեղանկարչությունը (Յա. և Յու. Շոլբիցները` Սլովենիայում, Ու. Պրեդիչը և Ն. Մաշիչը` Սերբիայում և Հորվաթիայում): Միաժամանակ երևան են եկել ակադեմիական միտումներ (Պ. Յովանովիչ): XIX– XX դդ. սահմանագծին շատ գեղանկարիչներ ձգտել են յուրացնել եվրոպական մշակույթի նորագույն նվաճումները: Ծաղկել է դեմոկրատական միտումներով տոգորված սլովենյան իմպրեսիոնիզմը (Մ. Ստեռնեն, Ռ. Յակոպիչ): XX դ. սկզբի հարավսլավոնական խոշորագույն քանդակագործը Ի. Մեշտրովիչն էր: 1918–ին Հ–ի միասնական պետության ստեղծումից հետո գեղարվեստական մշակույթը հակասական զարգացում է ունեցել: 1920–1930–ական թթ. մի շարք առաջատար արվեստագետներ դիմել են պոստիմպրեսիոնիզմի, կուբիզմի, ֆովիզմի, էքսպրեսիոնիզմի հնարքներին, որոնելով ազգային ինքնատիպ արտահայտչամիջոցներ (Պ. Դոբրովիչը, Մ. Կոնյովիչը` Սերբիայում, Մ. Միլունովիչը` Չեռնոգորիայում, Պ. Մարտինոսկին` Մակեդոնիայում), երբեմն արտացոլել սոցիալ–քննադատական թեմաներ (Ֆ. և Տ. Կրալների աշխատանքները` Սլովենիայում): Մի շարք գեղանկարիչներ ձգտել են զարգացնել ժող. արվեստի ավանդույթները (Կ. Հեգեդուշիչը, պրիմիտիվիստներ Ի. Գեներալիչը, Մ. Վիրիուսը` Հորվաթիայում): 1930–ական թթ. զարգացել է սոցիալական թեմատիկայով գրաֆիկան (Ջ. Անդրեևիչ–Կունը` Սերբիայում, Մ. Դետոնին` Հորվաթիայում, Հ. Սմրեկարը` Սլովենիայում): Սերբիայում ծաղկել է, այսպես կոչված, «բանաստեղծական ռեալիզմ» ուղղությունը (Ի. Տաբակովիչ, Ն. Գվոզդենովիչ): Քանդակագործության մեջ առանձնանում են Մեշտրովիչի և նրա հետևորդների աշխատանքները (Ա. Ավգուստինչիչը` Հորվաթիայում, Տ. Ռոսանդիչը` Սերբիայում): Ազգային ռեալիստական ավանդույթները պահպանվել են ժող. իշխանության հաստատման առաջին տարիներին: Ազգային պատմության, ժողովրդա–ազատագրական պատերազմի, սոցիալիստական շինարարության ու ժամանակակցի կերպարի մարմնավորմանն են դիմել գեղանկարիչներ Անդրեևիչ–Կունը, Գ. Ա. Կոսը, քանդակագործներ Ավգուստինչիչը, Լ. Դոլինարը և ուրիշներ: 1950–ական թթ. վերջերից գերակշռող են դարձել ձևական–պլաստիկական որոնումներր: Ստեղծվում են աբստրակցիոնիզմի, էքսպրեսիոնիզմի սյուրռեալիզմի «օպ–արտ», «կինետիկ» արվեստի սկզբունքներով կատարված գործեր: Հումանիզմով ու կերպարային լեզվի բանաստեղծականությամբ են աչքի ընկնում գեղանկարիչներ Լ. Վույակլիայի, Ֆ. Միխելիչի, Գ. Ստուպիցայի, քանդակագործներ Վ. Ռադաուշի, Ն. Գվիդի և ուրիշների աշխատանքները: Գործում է Հ–ի նկարիչների միությունը: Հ–ի ժող. արվեստում զարգացած են բրուտագործությունը, փայտի փորագրությունը, գեղարվեստական ոստայնանկությունը, ժանյակագործությունը:

XV. Երաժշտությունը

Բնակչության բազմազգ բնույթը, հարևան ժողովուրդները երաժշտական մշակույթների ազդեցությունը նպաստել են Հ–ի երաժշտական «բարբառների» բազմազանությանը, պայմանավորել ազգային պրոֆեսիոնալ երաժշտության առանձնահատկությունները: XVIII դ. և XIX դ. սկզբին երաժշտական խոշոր կենտրոններ էին Լյուբլյանան (1701–ին հիմնադրվել է ֆիլհարմոնիկ ակադեմիա, 1765–ին` թատրոն, 1794– ին` ֆիլհարմոնիկ ընկերություն, որին կից 1816–ին բացվել է Բալկաններում առաջին երաժշտ. դպրոցը) և Զագրեբը (1827–ին հիմնադրվել է «Մուզիկֆարեյն» երաժշտ. ընկերությունը, 1829–ին` նրան կից երաժշտ. դպրոցը): Սլովենական առաջին օպերաներն են` Յա. Զուպանի «Բելին»–ը (մոտ 1780) և Յա. Նովակհ «Ֆիգարո»–ն (1790): XIX դ. ստեղծվել են հորվաթական առաջին ազգային օպերաները` Վ. Լիսինսկու «Սեր և չարություն» (1846) և «Պորին» (1851, բեմ.` 1897), Զագրերում բացվել է օպերային թատրոն (1834, հետագայում` Հորվաթական ազգ. թատրոն): 1840–ական թթ. Սերբիայում սկզբնավորվել է «պիեսներ երգեցողությամբ» ազգ. թատերական ժանրը: Այդ շրջանի կոմպոզիտորներից են` Ֆ. Լիվադիչը և Վ. Լիսինսկին (Հորվաթիա), Ն. Ջուրկովիչը և Յո. Շլեզինգերը (Սերբիա), Յու. Ֆլեյշմանը, Գ. և Կ. Մաշեկները (Սլովենիա): 1860–ական թթ. ազգային–ազատագրական շարժման նոր վերելքի հետ երաժշտական դպրոցներ են բացվել Լյուբւյանայում (1882), Բելգրադում (1899) և այլուր, հիմնադրվել է Ազգ. թատրոնը («Նարոդնա պոզորիշտե», Բելգրադ, 1868), կազմակերպվել են օպերային խմբեր` Հորվաթական ազգային թատրոնին (1870) և Սլովենիայի ազգային թատրոնին (1892) կից: XIX դ. վերջի –XX դ. սկզբի կոմպոզիտորներից են` Կ. Ստանկովիչը, Յո. Մարինկովիչը, Ս. Մոկրանյացը (սերբական դասական երաժշտության հիմնադիրը), Ի. Զայցը, Դ. ԵնկոՆ: 1908–ին հիմնադրվել է Սլովենիայի ֆիլհարմոնիան: Սերբական առաջին օպերան է Ս. Բինիչկիի «Արնալույսին»–ը (1903): Հարավսլավոնական ժողովուրդների միավորումը մեկ պետության մեջ (1918) նպաստել է նրանց մշակույթի զարգացմանը: Կոնսերվատորիաներ են բացվել Զագրեբում (1916, 1922– ից` Երաժշտ. ակադեմիա), Լյուբլյանայում (1919, 1939–ից` Երաժշտ. ակադեմիա), Երաժշտական ակադեմիա` Բելգրադում (1937), երաժշտական դպրոցներ և երգչախմբային ընկերություններ տարբեր քաղաքներում: Սկսել են գործել երաժշտական թատրոններ` Բելգրադում (1920–ից), Զագրեբում, Լյուբլյանայում: 1920–30–ական թթ. երկրի զարգացած մարզերում ձևավորվել են ազգային կոմպոզիտորական դպրոցներ: Այդ շրջանի կոմպոզիտորներից են` Պ. Կոնյովիչը, Մ. Միլոևիչը, Ս. Խրիստիչը (Սերբիա), Կ. Բարանովիչը, Յա. Գոտովացը (Հորվաթիա), Մ. Կոգոյը, Ս. Օստերցը (Սլովենիա), Ֆ. Մաչեյովսկին, Վ. Միլոշևիչը (Բոսնիա և Հերցեգովինա), Ժ. Ֆիրֆովը, Տ. Սկալովսկին (Մակեդոնիա), Ի. Իվանովիչը (Չեռնոգորիա): 1930–ական թթ. Պ. Մարկովացը և Վ. Վուչկովիչը առաջինը Հ–ում մշակեցին երաժշտության գեղագիտական, սոցիոլոգիական պրոբլեմները և երաժշտության պատմությունը` ելնելով մարքսիզմի դիրքերից: Երկրի ազատագրումից (1945) հետո ստեղծվել են Հ–ի կոմպոզիտորների միությունը (1950) և հանրապետական ստեղծագործական միությունները: Գործում են երաժշտական թատրոններ խոշոր քաղաքներում, ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբեր և ֆիհարմոնիկ նվագախմբեր, Հ–ի ժող. բանակի տան ակադեմիական երգչախումբը և սիմֆոնիկ նվագախումբը (Բելգրադ), կամերա–գործիքային անսամբլներ, ժող. երգի և պարի անսամբլներ բոլոր հանրապետություններում, բազմաթիվ երգչախմբեր: Անց են կացվում փառատոներ, այդ թվում` միջազգային «Դուբրովնիկյան ամառային խաղեր» (1950–ից), «Զագրեբյան բիենալեներ» (1961–ից): Ժամանակակից երաժիշտներից են` կոմպոզիտորներ Մ. Ռիստիչը, Դ. Ռադիչը (Սերբիա), Ն. Դևիչը, Ա. Կելեմենը (Հորվաթիա), Մ. Կոզինան, Դ. Շվարան (Սլովենիա), Բ. Իվանովսկին, Տ. Զոգրաֆսկին (Մակեդոնիա), Դ. Շկերլը (Բոսնիա և Հերցեգովինա), դիրիժորներ Օ. Դանոնը, Ս. Խուբադը, Մ. Հորվաթը, երգիչներ և երգչուհիներ Մ. Չանգալովիչը, Վ. Խեյբալովան, Մ. Ստոյանովիչը և այլք, դաշնակահարներ Դ. Տրբոևիչը, Բ. Մուսուլինը, ջութակահարներ Ի. Օզիմը, Վ. Մարկովիչը: Տես նաև Հորվաթիա, Մակեդոնիա, Չեռնոգորիա, Սերբիա, Սլովենիա հոդվածների Երաժշտություն բաժինը:

XVI. Բալետը

1894–ին Զագրեբում ստեղծվել է բալետային կոլեկտիվ: 1918–ից հետո մշտապես գործող բալետային խմբեր են ստեղծվել Բելգրադում, Լյուբլյանայում: 1927–ին բեմադրվել է Կ. Բարանովիչի «Անուշահացե սիրտը» (բալետմայստեր Մարգարիտա Ֆրոման) ազգային բալետը: 1930–1940–ական թթ. բեմադրություններում օգտագործվել է ազգային բանահյուսությունը: Ժողովրդա–ազատագրական պատերազմից (1941–45) հետո բալետային խմբեր են ստեղծվել Սարաևոյում, Նովի Սադում, Սկոպիեում, Մարիբորում և այլուր: Ազգային բալետմայստերներից են Դ. Պարլիչը, Կ. Օբրադովիչը (Բելգրադ), Ա. Ռոյեն, Մ. Տովանովիչը, Ս. Պավլետիչը (Զագրեբ): 1960–ից, երկու տարին մեկ, Լյուբլյանայում անց են կացվում բալետի միջազգային փառատոներ: 1947–ին ստեղծվել է բալետի դպրոց (Բելգրադ): XVII Թատրոնը

Հ–ի թատրոնը որդեգրել է Բոսնիա և Հերցեգովինայի, Հորվաթիայի, Մակեդոնիայի, Սերբիայի, Սլովենիայի, Չեռնոգորիայի ժողովուրդների արվեստի ավանդույթները: 1918–ից թատրոնը զարգացել է համեմատաբար բարենպաստ պայմաններում: Դերասանական վարպետության և ռեժիսորական արվեստի զարգացմանը նպաստել է ռեժիսոր Բ. Գավելլայի գործունեությունը: ՀՖԺՀ–ի կազմավորումից (1945) հետո բոլոր հանրապետությունների մայրաքաղաքներում ստեղծվել են ազգային թատրոններ, որոնք բեմադրել են հայրենական և համաշխարհային դասականների, ժամանակակից հարավսլավական (Մ. Կրլեժա, Մ. Մատկովիչ, Մ. Ջոկովիչ, Բ. Կրեֆտ, Մ. Բոր և ուրիշներ) և արտասահմանյան ու սովետական հեղինակների երկերը: 1948–ին Բելգրադում ստեղծվել է Հարավսլավական դրամատիկական թատրոնը (մինչև 1970–ը գլխ. ռեժիսոր Բ. Ստուպիցա): 1954–ից Զագրեբում սկսել է աշխատել «Գավելլա» դրամատիկական թատրոնը: Առաջատարը Բելգրադի ազգային թատրոնն է: Կատարողական արվեստի բարձր մակարդակով առանձնանում է Հորվաթական ազգային թատրոնի (Զագրեբ) դրամատիկական խումբը: Հ–ում կան նաև փորձարարական կոլեկտիվներ, որոնցից առավել նշանակալին «Ատելյե 212»–ն է (Բելգրադ): 1969–ից կազմակերպվում են ինտերնացիոնալ և այլ թատերական փառատոներ: 1950–ից Բելգրադում, Զագրեբում, Լյուբլյանայում և այլ քաղաքներում գործում են գիտական կենտրոններ, թատրոնի, կինոյի և հեռուստատեսության ակադեմիաներ, ուր կրթվում են երիտասարդ կադրեր: Թատրոնի տեսության և պատմության հարցերը մշակում է Գիտությունների և արվեստների հարավսլավական ակադեմիայի գրականության և թատրոնի ինստ–ը (1948–ից, Զագրեբ):

XVIII. Կինոն

1910–ին նկարահանվել է առաջին խաղարկային ֆիլմը («Կարագեորգի», ռեժ. Ի. Ստանոևիչ–Չիչա): Հ–ի կինեմատոգրաֆիայի զարգացման նոր փուլը կապված է 1941–45–ի ժողովրդա–ազատագրական պատերազմի հետ: Պարտիզան վավերագրողները նկարահանել են ռազմ. գործողություններին և նոր կյանքի հաստատմանը նվիրված ֆիլմեր (առաջինը «Կինոխրոնիկա, 1», 1945): 1945–ին կինոստուդիաներ են ստեղծվել Բելգրադում, Զագրեբում, Լյուբլյանայում, 1947– ին` Սարաևոյում, Սկոպիեում, 1949–ին` Պոդգորիցայում (1952–ից` Տիտոգրադ): Հ–ի առաջին հնչուն գեղարվեստական ֆիլմը «Սլավիցա»–ն է (1947, ռեժ. Վ. Աֆրիչ): Թեմաներից առաջատարը և առավել մշակվածը ռազմահայրենասիրականն է. լավագույն ֆիլմերից են` «Մեծը և Փոքրը» (1956, ռեժ. Վ. Պոգաչիչ), «Իններորդ շրջան» (1960, ռեժ. Ֆ. Շտիգլից), «ճակատամարտ Ներետվայի վրա» (1969, ռեժ. Վ. Բուլայիչ) ևն: 1960–70–ական թթ. կինեմատոգրաֆիստներն անդրադարձել են նաև հարավսլավական իրականության ժամանակակից խնդիրներին («Երես առերես», 1963, ռեժ. Բ. Բաուեր, «Տունը», 1975, ռեժ. Բ. Ժիժիչ ևն): Մեծ տեղ են գրավում դասական և ժամանակակից ազգային երկերի էկրանավորումները: Համաշխարհային ճանաչում է վայելում մուլտիպլիկացիայի զագրեբյան դպրոցը (սկզբնավորվել է 1950–ին): Նշանավոր ներկայացուցիչներից են` Դ. Վուկոտիչը, Ն. Դրագիչը, Բ. Դովնիկովիչը: 1971–ից Հ–ում անց է կացվում «Ֆեստ» միջազգային կինոփառատոնը: Գործում են (1976) 12 գեղարվեստական և 20 կարճամետրաժ ֆիլմերի ստուդիաներ, 1949–ից` Հարավսլավական կինոդարանը (Բելգրադ):

Գրկ. Грацианский А. Н., Природа Югославии, М., 1955 Նույնի, Природа Средиземноморья, М., 1971 Бодрин В. В., Авдеичев Л. А., Югославия, М., 1970 Блашкович В., Югославия сегодня, пер. с сербскохорватского, М., 1970 Социалистическая Федеративная Республика Югославия, М., 1975 Социалистическая Федеративная Республика Югославия, Справочник, М., 1975 История Югославии, т. 1–2, М., 1963 Достян И. С, Россия и балканский вопрос, М., 1972 Писарев Ю.А., Образование Югославского государства, М., 1975 Гиренко Ю.С., Советский Союз–Югославия, М., 1975 Экономика Югославии, М., 1966 История философии, т, 2, 4–5, М., 1957–61 Зарубежные славянские литературы XX в., М., 1970 Кравцов Н. И., Современный югославский роман, в кн.: Роман в современных литературах южных и западных славян, М,1973 Белоусов В. Н., Современная архитектура Югославии, М., 1973 Алешина Л. С, Яворская Н. В., Искусство Югославии, М., 1966 Ямпольский И., Музыка Югославии, М., 1958 Вагапова Н. М ., Театр народов Югославии, в кн.: История зарубежного театра, ч. 2, М., 1972 Кино Югославии, М., 1978.