Jump to content

ՀՍՀ/ՀԱՐԱՎՍԼԱՎԻԱՅԻ ԿՈՄՈՒՆԻՍՏՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀԱՐԱՎՍԼԱՎԻԱՅԻ ԿՈՄՈՒՆԻՍՏՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ (ՀԿՄ, Савез komyn иста Jyroc лави je, Savez komunista Jugoslavije), մարքս–լենիեյան տեսությամբ առաջնորդվող բանվոր դասակարգի քաղաքական կուսակցություն Հարավսլավիայում: Հիմնադրվել է 1919–ի ապրիլին, Բելգրադում` Հարավսլավիայի սոցիալիստական բանվորական (կոմունիստների) կուսակցություն – ՀՍԲ(կ)Կ անվամբ` Սերբիական ս–դ. կուսակցության, Բոսնիա 7 Հերցեզովինայի ս–դ. կուսակցության, Հորվաթիայի և Սլովենիայի ս–դ. կուսակցության ձախ սոցիալիստների, ինչպես նաև Չեռնոգորիայում, Մակեդոնիայում, Դալմաթիայում և Վոյեվոդինայում 1919–ին ստեղծված կոմունիստական և սոցիալիստական խմբերի միավորմամբ: ՀՍԲ(կ)Կ հիմնադիր համագումարը մշակեց կուսակցության կազմավորման սկզբունքները, դատապարտեց սոցիալ–շովինիզմը և որոշեց մտնել Կոմինտերն: Սկզբնական շրջանում կուսակցության շարքերում եղած ռեֆորմիստական տարրերը խոչընդոտում էին հեղափոխական շարժման զարգացմանը: 1920–ի ապրիլին ՀՍԲ(կ)Կ–ի հետ միավորվեցին Սլովենիայի բանվորական սոցիալիստական կուսակցությունը և Հարավսլավոնական ս–դ. կուսակցությունը (Սլովենիա), որով և ավարտվեց հարավսլավական բանվորական շարժման դասակարգային միավորման պրոցեսը: II համագումարում (1920) կուսակցությունը վերանվանվեց Հարավսլավիայի կոմունիստական կուսակցություն (ՀԿԿ): Համագումարն ընդունեց կուսակցության ծրագիր, որի առաջադրած գլխավոր խնդիրը` երկրում սոցիալիստական հեղափոխության հաղթանակը և պրոլետարիատի դիկտատուրայի հաստատումն էր: Համագումարն ընդունեց նաև ՀԿԿ նոր կանոնադրություն: 1920–ի նոյեմբերին սահմանադիր սկուպշչինայի ընտրություններում, չնայած իշխանությունների հալածանքներին, ՀԿԿ ստացավ 59 դեպուտատական մանդատ (419–ից` երրորդը ձայների քանակով): 1920–ի դեկտեմբերին կուսակցությունից վտարվեցին ցենտրիստները: ՀԿԿ գործունեությունը արգելվեց (1920–ի դեկտեմբեր), իսկ 1921–ի օգոստոսին կուսակցությունը հայտարարվեց օրենքից դուրս: Սկուպշչինայում ՀԿԿ դեպուտատները զրկվեցին մանդատներից, շուրջ երկու հզ. կոմունիստներ ձերբակալվեցին: ՀԿԿ անցավ ընդհատակ: Այս ամենի հետնանքով բանվորական շարժումը ժամանակավորապես անկում ապրեց, կուսակցությունը պառակտվեց: ՀԿԿ III կոնֆերանսը (1924, Բելգրադ) դատապարտեց աջերի դիրքորոշումը և ՀԿԿ Կենտկոմի քարտուղար ընտրեց Տ. Կացլերովիչին, կուսակցությունը կազմակերպորեն ամրապնդվեց: ՀԿԿ III համագումարը (1926–ի մայիս) հաստատեց III կոնֆերանսի որոշումները ազգային, գյուղացիական, արհմիութենական, կազմակերպական և այլ հարցերի վերաբերյալ: Սակայն, համագումարից հետո ֆրակցիոն պայքարը կուսակցության ներսում վերսկսվեց: Ընդդեմ ֆրակցիոնիզմի, հանուն կուսակցության շարքերի ամրապնդման ակտիվորեն հանդես եկան ՀԿԿ տեղական կազմակերպությունները` Ի. Բրոզ Տիտոյի, Ջ. Ջակովիչի, Բ. Պարովիչի և ուրիշների գլխավորությամբ: 1920–1930–ական թթ. օպորտունիստական հոսանքների դեմ մղվող պայքարում կայունացավ ՀԿԿ կորիզը: 1937–ի վերջերին կուսակցության գլուխ կանգնեց Ի. Բրոզ Տիտոն: 1936–39–ին ինտերնացիոնալ բրիգադներում, Իսպանիայի հայրենասերների հետ ՀԿԿ հարյուրավոր անդամներ մարտնչում էին ֆաշիզմի դեմ: 1941–ի ապրիլին, Հարավսլավիայի վրա ֆաշիստական Գերմանիայի հարձակումից հետո, ՀԿԿ գլխավորեց ժողովրդա–ագատագրական պատերազմը երկրում: Ազատագրական պայքարում ՀԿԿ կորցրեց իր անդամների ավելի քան մեկ երրորդը (50 հզ. կոմունիստ): Ֆաշիզմի լծից երկրի ազատագրումից հետո ՀԿԿ շարունակեց դեռևս պատերազմի ընթացքում սկսված հեղափոխական–դեմոկրատական և սոցիալիստական վերափոխումները: 1945–ի նոյեմբ. 29–ին Հարավսլավիան հռչակվեց Ֆեդերատիվ ժողովրդական Հանրապետություն: Երկրի քաղ. իշխանությունն անցավ բանվորների և աշխատավոր գյուղացիության ձեռքը: V համագումարում (1948) ՀԿԿ ընդունեց նոր ծրագիր ու կանոնադրություն, երկիրն առաջնորդելով սոցիալիզմի ուղիով: Համագումարը բացասաբար վերաբերվեց Կոմունիստական և բանվորական կուսակցությունների ինֆորմբյուրոյի «ՀԿԿ դրության մասին» բանաձևին: 1948–1949–ին Հարավսլավիայի և ՀԿԿ–ի հարաբերությունները սոցիալիստական երկրների և կոմկուսակցությունների հետ խախտվեցին (սկսեցին վերականգնվել 1953–1954–ին): Կուսակցության VI համագումարը (1952) ՀԿԿ անվանափոխեց Հարավսլավիայի կոմունիստների միության (ՀԿՄ): ՀԿՄ VII համագումարը (1958) ընդունեց կուսակցության նոր ծրագիր, փոփոխություններ մտցրեց կանոնադրության մեջ և ընդունեց կուսակցության հերթական խնդիրների մասին բանաձև: ՀԿՄ VIII համագումարը (1964) մշակեց տնտ. և հասարակական բարեփոխման ծրագրեր` երկրի ինդուստրացման և գյուղատնտեսության զարգացման արագացման նշանաբանով: ՀԿՄ IX համագումարը (1969) ընդունեց «Ինքնակառավարման հիման վրա Հարավսլավիայի սոցիալիստական զարգացումը և Կոմունիստների միության խնդիրները», «ՀԿՄ իրավահավասար միջազգային համագործակցության, խաղաղության և սոցիալիզմի համար մղվող պայքարում» բանաձևերը: Երկրի սոցիալ–քաղ. հետագա առաջընթացի հետ միասին Հարավսլավիայում և ՀԿՄ–ում տեղի ունեցավ ազգայնական, լիբերալիստական և հակասոցիալիստական այլ երևույթների աշխուժացում, որը թուլացրեց ՀԿՄ միասնությունը, առաջ բերեց ֆրակցիոնականություն և խմբակայնություն: ՀԿՄ X համագումարը (1974), քննարկելով «Մեր երկրում սոցիալիստական ինքնակառավարման հետագա զարգացման համար պայքարը և ՀԿՄ խնդիրները» կուսակցության նախագահ Ի. Բրոզ Տիտոյի զեկուցումը, ընդունեց 18 բանաձև, որոնք համակողմանիորեն նշագծում էին երկրի և կուսակցության հետագա ուղին` ներքին և միջազգային հարցերում: Համագումարը Ի. Բրոզ Տիտոյին ընտրեց ՀԿՄ նախագահ` անսահմանափակ ժամանակով: ՀԿՄ XI համագումարը (1978) առաջնահերթ խնդիր համարեց կուսակցության ղեկավար դերի ուժեղացումը, նրա գաղափարա–քաղ. միասնության ամրապնդումը: Համագումարն ընտրեց ՀԿՄ Կենտկոմ` 165 անդամով: I պլենումն ընտրեց ՀԿՄ ԿԿ նախագահություն (24 մարդ): ՀԿՄ ղեկավարությունը կազմվում է ՀՖՍՀ սոցիայիստական հանրապետությունների և ինքնավար երկրների կոմունիստների միությունների համամասնական ներկայացուցչության հիման վրա: ՀԿՄ մասնակցել է Կոմունիստական և բանվորական կուսակցությունների միջազգային խորհրդակցությանը (1957) և Եվրոպայի կոմունիստական և բանվորական կուսակցությունների կոնֆերանսին (1976): ՀԿՄ ղեկավարվում է դեմոկրատական ցենտրալիզմի սկզբունքով: ՀԿՄ բարձրագույն օրգանը համագումարն է, իսկ համագումարների միջև ընկած ժամանակահատվածում` ՀԿՄ Կենտկոմը: ՀԿՄ ունի մոտ 1,7 մլն անդամ (1978): ՀԿՄ կենտրոնական օրգանը «Կոմունիստ» («Komunist») թերթն է և «Սոցիյալիզամ» («Socijalizam») ամսագիրը: