ՀՍՀ/ՀԱՐԳ
ՀԱՐԳ ազնիվ մետաղների, ոսկու, արծաթի, պլատինի կամ պալադիումի քանակական պարունակությունը լիգատուրային համաձուլվածքում, որից պատրաստում են ոսկերչական իրեր, ատամի պրոթեզներ, դրամներ, մեդալներ ևն: Բազմաթիվ երկրներում ընդունված է Հ–ի նշանակման մետրական համակարգ: ՍՍՀՄ–ում այն կիրառվում է 1927–ի նոյեմբ. 15–ից: Ըստ այդ համակարգի Հ. հավասար է լիգատուրային համաձուլվածքի 1000 մասերում (ըստ զանգվածի) ազնիվ մետաղի մասերի թվին: ԱՄՆ–ում, Մեծ Բրիտանիայում և Շվեյցարիայում ընդունված կարատային համակարգով մետաղի մետրական Հ. համապատասխանում է 24 պայմանական միավորների` կարատների: Հ. երաշխավորում է պետությունը, որի համար իրերն անպատճառ ենթարկվում են հարգային հսկման (նմուշարկում, անալիզ), և նրանց վրա դրվում են հարգադրոշմներ: Պետական հարգային հսկողություն ունեցող երկրներում ազնիվ մետաղներից պատրաստված իրերի առևտուրն առանց հարգադրոշմների արգելված է, իսկ հարգադրոշմի կեղծումը հետապնդվում է օրենքով: Մի շարք երկրներում (ԱՄՆ, Ավստրալիա, Բելգիա, ԳՖՀ, Դանիա, Իտալիա, Շվեյցարիա, Շվեդիա) հարգային հսկողությունը պարտադիր չէ կամ թույլ է իրականացվում:
