ՀՍՀ/ՀԱՐԹԱՎԱՅՐ
ՀԱՐԹԱՎԱՅՐ, ցամաքի մակերևույթի, ծովերի և օվկիանոսների հատակի ռելիեֆի տարր, աննշան թեքությամբ և բարձրությունների փոքր տատանումներով (մինչև 200 մ): Հ–երը լինում են ծովի մակարդակից ցածր (Մերձկասպյան), ցածրադիր (մինչև 200 մ, Արևմտա–Սիբիրական, Կուր–Արաքսյան դաշտավայր), բարձրադիր (200–500 մ, Ուստյուրտ), լեռնային (500 մ–ից բարձր, Իրանական բարձրավանդակի ներքին մասերը, Արարատյան դաշտ, Լոռվա դաշտ): Մակերևույթը լինում է հորիզոնական, թեքված, գոգավոր–հարթ, ալիքավոր, աստիճանաձև, դարավանդաձև, բլրավոր ևն: Ըստ ծագման լինում են դենուդացիոն (սկզբնական լեռնային ռելիեֆի ավերումից), ակումուլյատիվ (փխրուն նստվածքների կուտակումից): Երկրի խոշորագույն Հ–երն են Մեծ և Կենտրոնական հարթավայրերը (Հյուսիսային Ամերիկայում), Ամազոնի և Գվիանական դաշտավայրերը (Հարավային Ամերիկայում), Արևելա–Եվրոպական (Եվրոպայում), Արևմտա–Աիբիրական, Ինդոս–Գանգեսյան (Ասիայում) հարթավայրերը ևն:
