ՀՍՀ/ՀԱՐԹՈՒՆ ՕՂԼԻ
ՀԱՐԹՈՒՆ ՕՂԼԻ Հովհաննես, մոտ 1760, գ. Ասդաբադ (Իրանի Չհարմահալ գավառում) –1840, գ. Մամուռան (Իրանի Չհարմահալ գավառում) հայ աշուղ: Աշակերտել է պարսկահայ աշուղ Ղուլ Հովհաննեսին (մոտ 1740–1834): Կատարելագործվելու նպատակով շրջագայել է (Էջմիածին, Վան, Վարագ, Աղթամար, Մուշ): Ծանոթ է եղել հայ մատենագրությանը, նաև Արևելքի դասականների (Հաֆիզ, Ֆիրդուսի, Սաադի) ստեղծագործություններին: Գրականագետ–արվեստաբան Ա. Երեմյանը հայտնաբերել է Հ. Օ–ու դավթարը և հրատարակել նրա բազմաժանր ժառանգությունը («Աշուղ Հարթուն Օղլի», Նոր Ջուղա, 1920), 1946–ին Թեհրանում վերահրատարակել աշուղի 36 հայերեն և 9 թուրքերեն երգերը, զետեղելով նաև «Արի դիլբար» և «Ծամերդ աբրեշում» երգերի մեղեդիների նոտագրությունը, որոնք հարազատ են հայկ. ժող–գուսանական երգարվեստի ոճին: Գրականագետ Հ. Սահակյանը վերահրատարակել է Հ. Օ–ու 32 երգերը և նրա մասին եղած տեղեկությունները («Հայ աշուղներ. 17– 18 դդ.», 1961):
Մ. Մանուկյան
