Jump to content

ՀՍՀ/ՀԱՐԿԱԴՐԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀԱՐԿԱԴՐԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ,

1. ՍՍՀՄ–ում պատժին փոխարինող դաստիարակչական միջոցներ, կիրառվում են` մեծ վտանգավորություն չունեցող հանցագործություն կատարած, սակայն առանց պատժի ուղղման ենթակա անչափահասների, քրեական պատասխանատվությունը բացառող տարիքում հասարակական վտանգավոր արարք կատարողների, հանցագործություն չհանդիսացող իրավախախտում (մանր խուլիգանություն ևն) կատարող անչափահասների նկատմամբ: Հ. մ. կիրառելու իրավունքը պատկանում է դասարանին և անչափահասների գործերով հանձնաժողովներին (տես Անչափահասների հանձնաժողով): Դաստիարակչական բնույթի Հ. մ. են` հրապարակորեն կամ այլ ձևով ներողություն խնդրելը, նկատողությունը կամ խիստ նկատողությունը, նախազգուշացումը, պատճառած վնասի հատուցումը (եթե գործը լսելու պահին լրացել է դեռահասի 15 տարին, և վնասը 20 ռուբլուց չի անցնում), անչափահասին ծնողների կամ նրանց փոխարինող անձանց, աշխատավորների կոլեկտիվի, հասարակական կազմակերպության (նրանց համաձայնությամբ), հասարակական դաստիարակների կամ առանձին քաղաքացիների (նրանց խնդրանքով) հսկողությանը հանձնելը, դեռահասներին հատուկ բուժդաստիարակչական կամ դաստիարակչական հիմնարկներում պահելը, անչափահասներին դաստիարակչական գաղութներում տեղավորելը: Հ. մ. պատիժներ չեն, դատվածություն չեն առաջացնում, օրինախախտողները դատված չեն համարվում:

2. ՍՍՀՄ–ում բժշկ. բնույթի միջոցներ կիրառում են դատարանները` հանրորեն վտանգավոր արարք կատարելու պահին անմեղսունակ, ինչպես նաև հանցագործություն կատարած, սակայն մինչև դատավճիռը հոգեկան հիվանդություն ստանալու պատճառով իրենց գործողությունների համար հաշիվ տալու կամ այդ գործողությունները ղեկավարելու հնարավորությունից զրկված անձանց նկատմամբ: Նկատի ունենալով, որ անմեղսունակության վիճակում կատարված արարքը հանցագործություն չէ և մեղքը, որպես քրեական պատասխանատվության անհրաժեշտ պայման, բացառվում է, կատարողների նկատմամբ քրեական պատասխանատվություն չի սահմանվում: Ծանրորեն վտանգավոր արարք կատարած անձանց, կախված արարքի բնույթից և անձի հիվանդության աստիճանից, որպես Հ. մ., տեղավորում են ընդհանուր կամ հատուկ տեսակի հոգեբուժական հիվանդանոցներում: Անմեղսունակների նկատմամբ կիրառվող բժշկ. բնույթի Հ. մ. նույնպես պատիժներ չեն և դատվածություն չեն առաջացնում: Հանցագործություն կատարած քրոնիկական ալկոհոլիկներ և թմրադեղամոլ ճանաչված անձինք քրեական պատասխանատվության են ենթարկվում ընդհանուր հիմունքներով: Դատարանը հասարակական կազմակերպության, աշխատավորների կոլեկտիվի, ընկերական դատարանի կամ առողջապահության մարմինների միջնորդությամբ, անհրաժեշտության դեպքում, միաժամանակ, նախատեսում է դատապարտվածների պարտադիր բուժումը բուժական և աշխատանքային հատուկ ռեժիմի հիմնարկներում: Հանցագործություն կատարած անձին, որը ոգելից խմիչքներ կամ թմրեցուցիչ նյութեր չարաշահելու հետեանքով իր ընտանիքը դրել է նյութական ծանր դրության մեջ, դատարանը (ազատազրկում չնախատեսող պատիժ նշանակելու դեպքում` ուղղիչ աշխատանք ևն) ընտանիքի անդամների, արհմիութենական կամ հոգաբարձության մարմնի, կամ բուժական հիմնարկի միջնորդությամբ իրավասու է ճանաչել սահմանափակ գործունակ և նրա նկատմամբ նշանակել հոգաբարձություն: Հոգեկան հիվանդություն ստացած անձանց հանցագործությունների և հանրորեն վտանգավոր արարք կատարած անմեղսունակների գործերով նախաքննությունը, իսկ նախաքննության ընթացքում, անձի հոգեկան հիվանդության փաստը հաստատելու պահից, գործի քննությանը պաշտպանին (տես Փաստաբան) մասնակից դարձնելը պարտադիր է:

Ա. Թովմասյան