Jump to content

ՀՍՀ/ՀԱՐԿԱՅԻՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀԱՐԿԱՅԻՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ, իրավաբանական կամ ֆիզիկական անձանց ազատումը հարկերից` լրիվ կամ մասնակիորեն: Հ. ա. սահմանում է պետությունը: Շահագործողական ֆորմացիաներում գլխավորապես տրվել է գերիշխող դասակարգերի ներկայացուցիչներին: Սոցիալիստական երկրներում Հ. ա. սահմանելիս հաշվի է առնվում սեփականության ձևը, եկամուտների աղբյուրն ու քանակը, վճարողների կատեգորիան: ՍՍՀՄ–ում կոոպերատիվ կազմակերպություններն ու կոլտնտեսությունները մի շարք եկամուտների գծով հարկերից ամբողջովին ազատված են, հարկեր չեն գանձվում 70 ռ. պակաս եկամուտ ունեցողներից, իսկ 70–90 ռ. եկամուտից գանձված հարկի միջին չափն իջեցվել է 45–ով: Հարկման ենթակա չեն թոշակները, հայտնագործությունների, գյուտարարությունների, նորարարական առաջարկությունների համար վճարվող պարգևատրումները (եթե 1000 ռ. չեն անցնում), լենինյան, պետ. մրցանակի, ինչպես նաև լենինյան կոմերիտմիության մրցանակի դրամական պարգևատրումները, փոխառության, վիճակախաղի շահումները: Հ. ա. ունեն ընտանիքով ծանրաբեռնված քաղաքացիները, հաշմանդամները: Եկամտահարկից լրիվ ազատվում են Հայրենական մեծ պատերազմի հաշմանդամները և 50–ի չափով` քաղաքացիական պատերազմի, Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներն ու պարտիզանները: Որոշ դեպքերում Հ. ա. է սահմանվում արտադրության այս կամ այն ճյուղի զարգացումը խթանելու նպատակով: