Jump to content

ՀՍՀ/ՀԱՐԿԱՅՆՈՒԹՅՈՒՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀԱՐԿԱՅՆՈՒԹՅՈՒՆ, յարուսականություն, բուսական համակեցությունների (ֆիտոցենոզների) շերտավորումը տարբեր բարձրության բաղկացուցիչ մասերի` հարկերի: Առավել պարզ արտահայտված է անտառներում, որտեղ հարկերը տարբերվում են իրենց կենսաձևերով: Առաջին (վերին) հարկը կազմում են լուսասեր ծառերը, երկրորդը (ստորին)` քիչ լուսասեր, ցածր ծառերն ու թփերը: Ավելի ներքևում աճում են պտերներն ու տարբեր խոտաբույսեր, իսկ հողի մակերևույթին` մամուռներն ու սնկերը: Վերին հարկերի բույսերի ուժեղ զարգացումը ճնշում է ցածր հարկերի բույսերին, ընդհուպ մինչև անհետացումը: Այդ պատճառով անտառների վերին հարկերի նոսրացումը խիստ խթանում է թփերի ու լուսասեր այլ բույսերի աճումը: Գոյություն ունի նաև բույսերի ստորգետնյա Հ., որն արտահայտվում է արմատների տարբեր երկարությամբ: Հողի վերին շերտերն զբաղեցնում են հացազգի և միաշաքիլ այլ բույսերի արմատները, խորը շերտերը` երկշաքիլ խոտաբույսերի, թփերի և ծառատեսակների արմատները: Հ–յան շնորհիվ ավելանում է հողի միավոր մակերեսին ընկնող բույսերի քանակը և ավելի նպատակահարմար են օգտագործվում միջավայրի պայմանները (լույս, խոնավություն, հանքային նյութեր): Հ. ֆիտոցենոզների երկարատև էվոլյուցիայի արդյունք է: