ՀՍՀ/ՀԱՐՅՈՒՐԱՄՅԱ ՊԱՏԵՐԱԶՄ 1337–1453
ՀԱՐՅՈՒՐԱՄՅԱ ՊԱՏԵՐԱԶՄ 1337–1453, պատերազմ Անգլիայի և Ֆրանսիայի միջև: Գլխավոր պատճառը Անգլիայի նվաճած (XII դ.) ֆրանս. հողերի և Ֆլանդրիայում` գերիշխանության համար պայքարն էր: Ֆրանսիայի և Անգլիայի շահերը բախվում էին նաև Շոտլանդիայում, Բրետանում և այլուր: Պատերազմի առաջին շրջանում (1337–60) անգլիացիները մի շարք հաղթանակներ տարան Սլյոյսի (1340), Քրեսիի (1346) ճակատամարտերում, 1347–ին գրավեցին Կալեն, 1356–ին Պուատիեի մոտ ջախջախեցին ֆրանս. ասպետներին և գերեցին թագավոր Հովհան II Բարիին: Տնտ. քայքայման, հարկերի ծանրացման (թագավորին փրկագնելու համար) հետևանքով ծագեցին 1357–58–ի Փարիզի ապստամբությունն ու Ժակերիան: 1360–ին ֆրանս. կառավարությունը հարկադրված էր ծանր հաշտություն կնքել: Դադարը հնարավորություն տվեց ֆրանս. թագավոր Կարլոս V–ին վերակառուցել բանակը, կարգավորել հարկային սիստեմը: 1369–ին ֆրանս. զորքերի սկսած ռազմ. հաջող գործողություններին նպաստեցին անգլիացիների դեմ ծավալված պարտիզանական շարժումը և հրետանու օգտագործումը: XIV դ. 70–ական թթ. անգլիացիների ձեռքին մնացին աննշան հողեր: XIV դ. վերջի և XV դ. սկզբի երկպառակտչական պատերազմները թուլացրեցին Ֆրանսիան: 1415–ին անգլիացիները վերսկսեցին ռազմ. գործողությունները, Ազենկուրի ճակատամարտում հաղթեցին ֆրանս. զորքերին: Դաշնակցելով Բուրգունդիայի դքսի հետ, տիրեցին ամբողջ Հյուսիսային Ֆրանսիային: 1420–ի Տրուայի պայմանագրով Անգլիայի թագավոր Հենրի V դարձավ Ֆրանսիայի խնամակալ և ֆրանս. գահի ժառանգորդ: 1422–ին Հենրի V–ի ու ֆրանս. թագավոր Կարլոս Vl–ի մահից հետո անգլիացիները և Բուրգուն d իայի դուքսը Անգյիայի և Ֆրանսիայի թագավոր հռչակեցին Հենրի V–ի անչափահաս որդի Հենրի VI–ին: Ֆրանս. գահաժառանգ Կարլոսը իրեն նույնպես հռչակեց Ֆրանսիայի թագավոր (Կարլոս VII): Պատերազմի ընթացքը փոխվեց Ժաննա դ Արկի գլխավորած զորքերի կողմից Օռլեանը ազատագրելուց հետո (1429): 1435–ին Բուրգունդիայի դուքսը Արրասում հաշտություն կնքեց Կարլոս VII–ի հետ, նրան ճանաչեց Ֆրանսիայի օրինական թագավոր: Ֆրանս. զորքերը ազատագրեցին Փարիզը (1436), Շամպայնը (1441), Մենը և Նորմանդիան (1450), Գիենը (1453): Հ. պ. ավարտվեց Բորդոյում անգլիացիների կապիտուլյացիայով (1453–ի հոկտ. 19): Ֆրանսիայում Անգլիային մնաց (մինչև 1558) միայն Կալեն: Հ. պ. առժամանակ կասեցրեց ֆրանս. պետության կենտրոնացման ընթացքը, սակայն վերջում նպաստեց ազգ. ինքնագիտակցության բարձրացմանը: Անգլիայում ժամանակավորապես ուժեղացրեց ֆեոդ. արիստոկրատիայի և ասպետների քաղ. ազդեցությունը, դանդաղեցրեց պետության կենտրոնացումը:
Գրկ. Contamine P., La guerre de Centans, P., 1968 The Hundred Years War, L.–N. Y.1971.
