Jump to content

ՀՍՀ/ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱԼԵՔՍԱՆԴՐ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Ալեքսանդր Գրիգորի (ծն. 28.9.1920, Երևան), հայ սովետական կոմպոզիտոր: ՍՍՀՄ ժող. արտիստ (1970): ՍՄԿԿ անդամ 1952–ից: 1941–ին ավարտել է Երևանի Կոմիտասի անվ. կոնսերվատորիայի ստեղծագործության (դասատուներ` Ս. Բարխուդարյան, Բ. Տալյան) և դաշնամուրի (դասատու` Օ. Բաբասյան) բաժինները: 1946–48–ին կատարելագործվել է Մոսկվայի Հայ մշակույթի տանը կից ստուդիայում Գ. ի. Լիտինսկու, Ն. Ի. Պեյկոյի, Վ. Ա. Ցուկերմանի մոտ (այդ տարիներին գրել է պոլիֆոնիկ սոնատ, 1946, լարային կվարտետ, 1947, «Ձոն և քայլերգ» սիմֆոնիկ նվագախմբի համար, 1947): 1954–ից Հայֆիլհարմոնիայի գեղ. ղեկավարն է: 1962–ից Երևանի կոնսերվատորիայում դասավանդում է ստեղծագործություն (պրոֆեսոր`. 1977–ից): Առաջին ծավալուն երկերից են դաշնամուրի կոնցերտը (դիպլոմային աշխատանք, 1941, որը Ա. Խաչատրյանի ստեղծագործության որոշ առանձնահատկություններին առնչվելով հանդերձ, կրում է ինքատիպության գծեր) և «Մեր գործն արդար է» նախերգանքը սիմֆոնիկ նվագախմբի համար (1942): Հ–ի ստեղծագործական սկզբունքները առավել ցայտուն դրսևորվեցին սովետական երաժշտության տվյալ ժանրի նշանավոր նմուշներից, մեկում` «Հայրենիք» հնգամաս կանտատում (խոսք` Ա. Գրաշու և Սարմենի, 1948, ՍՍՀՄ պետ. մրցանակ, 1949), որը առանձնանում է ազգային դասական երաժշտության, գեղջկական և գուսանական երգի հետ սերտ կապով, մեղեդիական լայն շնչով, ճկուն, յուրահատուկ ռիթմով, ազգային վառ կոլորիտով, կառուցվածքի հստակությամբ: Հ–ի խոշոր կտավի երկերից են` «Տոնական նախերգանք»– ը (1949), ձայնի (1950), շեփորի (1950), վալդհոռնի (1962) և հոբոյի (1977) կոնցերտները, «Հայկական ռապսոդիա»–ն երկու դաշնամուրի համար (համահեղինակ` Ա. Բաբաջանյան, 1950), «Մեր հին երգերը» ռապսոդիան դաշնամուրի և նվագախմբի համար (1975), «Հայաստանի պարերը» սիմֆոնիկ սյուիտը (1952), Սիմֆոնիան (1957), «Ասք հայ ժողովրդի մասին» քառամաս վոկալ–սիմֆոնիկ պոեմը մենակատարի, ասմունքողի, երգչախմբի և սիմֆոնիկ նվագախմբի համար (1961), Սիմֆոնիետը կամերային նվագախմբի համար (1966), «Սայաթ–Նովա» օպերան (1966–68, առաջին բեմ.` 1969, Երևան, 1973–ին` Բաքու, ՀՍՍՀ պետ. մրցանակ, 1971), «Մեծապատիվ մուրացկաններ» երաժշտական կոմեդիան (1972), «Թեմա և վարիացիաներ» շեփորի և նվագախմբի համար (1974), «Պոեմ» թավջութակի և նվագախմբի համար (1974), կոնցերտինո` դաշնամուրի (1951) և թավջութակի (1973), Կոնցերտ–ֆանտազիա 5 փողային նվագարանների համար (1964): Հայկ. սիմֆոնիզմի զարգացման գործում կարևոր նշանակություն է ունեցել Հ–ի Սիմֆոնիան, որտեղ ազգային սիմֆոնիկ երաժշտության, մասամբ` Ա. Սպենդիարյանի ավանդույթներին միահյուսվել են բեթհովենյան սիմֆոնիզմի առանձնահատկություններ (երաժշտ. մտքի նպատակասլաց զարգացում ու հակիրճ շարադրանք ևն), աչքի է ընկնում մոնումենտալությամբ, դրամատիկական հագեցվածությամբ: Դրամատիզմը հատուկ է նաև «Ասք հայ ժողովրդի մասին» երկին, որը հայ ժողովրդի փորձություններով լի անցյալի և վերածնված ներկայի մի յուրահատուկ պատում է` արտահայտված խորապես տպավորվող կերպարների վառ կոնտրաստների միջոցով: «Սայաթ–Նովա»–ն քնարական–դրամատիկական օպերա է, որտեղ հեղինակը ստեղծագործաբար օգտագործել է մեծ աշուղի մի քանի երգեր: Օպերային բնորոշ է մեղեդիական հարստությունը, մասսայական տեսարանների գունագեղությունը, երաժշտական լեզվի պարզությունը: Սիմֆոնիետում Հ. դիմել է նեոկլասիցիգմի սկզբունքներին, գտնելով նոր արտահայտչամիջոցներ: Փոքր կտավի երկերից են` «Ձոն Լենինին» (խոսք` Լ. Դուրյանի, 1967, ՀՍՍՀ պետ. մրցանակ, 1971), «Հայրենիքիս հետ» (խոսք` Հ. Թումանյանի, 1969), «Ռուս եղբորս» (խոսք` Լ. Դուրյանի, 1978) մեկմասանի երգ–կանտատները, «Հուշարձան մայրիկիս» վոկալ շարքը ձայնի և դաշնամուրի համար (խոսք` Հ. Շիրազի, 1969), դաշնամուրային մանրանվագները, «Քարավան» պիեսը էստրադային նվագախմբի և կլառնետի համար, երգեր, խմբերգեր ևն: Գրել է երաժշտություն կինոնկարների («Ուրվականները հեռանում են լեռներից», «Սիրտն է երգում» ևն) և թատերական ներկայացումների համար: Հ–ի մի շարք ստեղծագործություններ հաջողությամբ կատարվում են նաև արտասահմանում (ԳԴՀ, Չեխոսլովակիա, Հունգարիա, Լեհաստան, Իտալիա, Ֆրանսիա, Անգլիա, ԱՄՆ, ԳՖՀ): Հայրենասիրական երգերի համար արժանացել է Ա. Ալեքսանդրովի անվ. ոսկե մեդալի (1977): Պարգևատրվել է Հոկտեմբերյան հեղափոխության և Աշխատանքային կարմիր դրոշի շքանշաններով:

Գրկ. Կոպտև Ս. Վ., Ալեքսանդր Հարությունյան, Ե., 1962: Шавердян А. И., Избранные статьи, М., 1958 Еолян И. Р., Александр Арутюнян, М., 1962.

Ա. Բարսամյան