ՀՍՀ/ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՅԴԻՆ
ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Այդին Ղուկասի (ծն. 1.7.1918, գ. Թորոսգյուղ, ՀՍՍՀ Ղուկասյանի շրջանում), ավագ սերժանտ, Սովետական Միության հերոս (24.3.1945): ՍՄԿԿ անդամ 1944–ից: 1939–ին զորակոչվել է կարմիր բանակ և սովորել Եյսկի զինվորական դպրոցում: 1941–45–ի Հայրենական մեծ պատերազմի ժամանակ մասնակցել է Սմոլենսկ–Վիտեբսկ ուղղությամբ պաշտպանական մարտերին, Մալայա Զեմլյայի դեսանտային գործողություններին և Սապուն Գորայի (Բալակլավայի մոտ) կռիվներին: 1944–ի մայիսին Սևաստոպոլի ազատագրման համար Գորնայա բարձունքի գրավման ժամանակ ցուցաբերած արիության համար արժանացել է Սովետական Միության հերոսի կոչման: Այնուհետև Հ. 89–րդ հայկ. դիվիզիայի կազմում մասնակցել է Լեհաստանի ազատագրմանը, Օդերի անցմանը և Բեռլինի գրավման ճակատամարտերին: 1946–ից ապրում է Երևանում: Պարգևատրվել է Կարմիր աստղի 2 շքանշանով:
