Jump to content

ՀՍՀ/ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՐՏԱՇԵՍ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Արտաշես 3.9.1873, ք. Մալկարա (Թուրքիա)–16.8.1915, Նիկոմեդիա, հայ բանաստեղծ, բանասեր, թարգմանիչ: 1912–ից հաստատվել է Կ. Պոլսում: 1915–ին ձերբակալվելով` տարվել է Նիկոմեդիա և սպանվել: Անդրանիկ ժողովածուն` «Լքված քնար» խորագրով, լույս է տեսել 1902–ին, հաջորդ ժողովածուն` «Երկունք»–ը, 1906–ին: 1912–ին լույս է տեսել նրա «Նոր քնար» բանաստեղծությունների գիրքը` գրված եվրոպական սիմվոլիստների հետևությամբ: «Արևելլան մամուլ», «Մեհյան», «Բյուզանդիոն», «Մասիս», «Բյուրակն» և այլ պարբերականներում տպագրել է գրական դիմանկարներ («Եղիա Տեմիրճիպաշյան», «Գալուստ Կոստանդյան», «Մատթեոս Մամուրյան», «Շիրվանգադե»), գրականագիտական ուսումնասիրություններ («Ինտրա և իր «Ներաշխարհը», «Դանիել Վարուժան և իր նոր գիրքը»), խորհրդածություններ («Գավառի կյանքեն», «Թափառումներ», «Հակասություններ»): Այդ հոդվածներով Հ. զգալի դեր է կատարել արևմտահայ քննադատական մտքի զարգացման գործում: Թարգմանել է Լ. Տոլստոյից և Մ. Գորկուց: Հանդես է եկել Մանիշակ, Ուրվական, Կարո, Շահեն–Կար, Պան կեղծանուներով:

Երկ. Արձակ էջեր և քերթվածքներ, Փարիզ, 1937: Գիշերվան ճամբորդը, Ե., 1968:

Գրկ. Թեոդիկ, Ամենուն տարեցուցը, ԿՊ, 1912, էջ 396-97, 1914, էջ 44, 1916-20, էջ 162: Ս. Շտիկյան