ՀՍՀ/ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԲԱԲԿԵՆ
ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Բաբկեն Բաբեղամի (ծն. 20.2.1925, Երևան), հայ սովետական թատերերագետ, արվեստագիտության դ–ր (1970): ՍՄԿԿ անդամ 1948–ից: 1949–ին ավարտել է Երևանի թատերական ինստ–ի թատերագիտական ֆակուլտետը: 1954–ից աշխատում է ՀՍՍՀ ԳԱ արվեստի ինստ–ում: Հեղինակ է «Հայ–ռուսական թատերական կապերը» (1955, հայերեն, 1956, ռուս.), «Ռուսական դրամատուրգիան սովետահայ բեմում» (1957, ռուս.), «Արմեն Գուլակյան» (1964) աշխատությունների, ինչպես և սովետահայ թատրոնի պատմության` «Սովետական դրամատիկական թատրոնի պատմություն» բազմահատորյակում (1966–69, ռուս., վեց հատորով): Կազմել է «Սուրեն Խաչատուրյան» (1969, ռուս.), «Արմեն Գուլակյան»(1979) ժողովածուները: Հայ թատերագիտության մեջ մեծ ներդրում է Հ–ի «Սովետահայ թատրոնի տարեգրություն» (գիրք 1–2, 1961–69) և «XIX–XX դդ. հայ թատրոնի տարեգրություն» (հ. 1…, 1980…) աշխատությունը, որն ընդգրկում է 1801–1960 թթ.` հայ ժողովրդի թատերական արվեստի փաստական պատմությունը: Եղել է «Թատերական հանրագիտարան»–ի (Մոսկվա, 1961–1967, հինգ հատորով) գիտական խորհրդատու և հայ թատրոնին առնչվող բազմաթիվ հոդվածների հեղինակ:
Բ. Հովակիմյան
