Jump to content

ՀՍՀ/ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԻՍԱՀԱԿ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Իսահակ Ղազարի (1863, Թիֆլիս – 30.12.1928, Թիֆլիս), հասարակական գործիչ, փիլիսոփա, գրաքննադատ, մանկավարժ: 1883–ին ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը: Կրթությունը շարունակել է Գերմանիայում. ունկնդրել Այզենախի (Թյուրինգիա) ուսուցչական սեմինարիայի դասընթացները, սովորել Լայպցիգի ու Ենայի համալսարանների փիլ. ֆակուլտետներում: 1888–ին վերադարձել է Թիֆլիս և մինչև կյանքի վերջը զբաղվել մանկավարժությամբ` Ներսիսյան, Հովնանյան և Գայանյան դպրոցներում դասավանդելով տրամաբանություն, հոգեբանություն, մանկավարժություն, պատմություն, աշխարհագրություն, գերմաներեն ու հայերեն: Մասնակցել է Լայպցիգի հայ ակադեմիական, Կովկասի հայ գրողների, ուսուցիչների, ազգագրական, հրատարակչական, բարեգործական և այլ ընկերությունների ու միությունների աշխատանքներին, սովետական իշխանության տարիներին` կուլտուրական շինարարության ծավալմանը: Սկզբում, Վ. Հումբոլդտի, Վ. Վունդտի ազդեցությամբ, Հ. պաշտպանել է իդեալիստական հայացքներ, իսկ հետո իր քննարկած պրոբլեմները (հոգեկանի էություն, հոգեկանի և նյութականի, փորձի և տեսության, զգայականի և բանականի փոխհարաբերություններ ևն) մեկնաբանել է մատերիալիստորեն, քննադատել է հասարակության մասին սուբյեկտիվ իդեալիստական և աստվածաբանական պատկերացումները, ընդգծել քննական պատմություն ստեղծելու անհրաժեշտությունը: Չթերագնահատելով անհատի դերը` նա պատմության կերտող է համարել ժողովրդին, հասարակական զարգացման հիմնական նախապայման է դիտել նյութական բարիքների արտադրությունը: Հ. քննել է նաև բարոյա–դաստիարակչական, գեղագիտական և տեսական այլ հարցեր (հումանիզմ ու հայրենասիրություն, անհատական, ազգային ու համամարդկային երջանկություն, դաստիարակության իդեալ, հասարակության գեղագիտական դաստիարակություն, արվեստի հասարակական դեր ու նշանակություն ևն): Հ. հայ և համաշխարհային գրականությանը (Գ. Սունդուկյան, Ռ. Պերպերյան, Վ. Փափազյան, Գյոթե, Ժ–Ժ. Ռուսո, Ա. Չեխով, Մ. Գորկի) նվիրված բազմաթիվ գրաքննադատական հոդվածների հեղինակ է: Հայերեն է թարգմանել գեղարվեստական ու գիտական աշխատություններ: Հ. հայ իրականության մեջ էքսպերիմենտալ մանկավարժության հիմնադիրներից ու տարածողներից մեկն է (բայց չի բացարձակացրել էքսպերիմենտի դերը): Մանկավարժական բնույթի հոդվածների, դասավանդման ծրագրերի ու կանոնների, մեթոդական ձեռնարկների հեղինակ է: Աշխատությունները հրատարակվել են նաև «Լ.», «Լորդ», «Պանդուխտ ռուսահայ», «Ի. Հ.», «Բրիչ», «Գյուղասեր», «Մանկավարժ» ծածկանուններով: 1928–ին պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով:

Երկ. Հայոց գիրը, Թ., 1892: Համառոտ տրամաբանություն, Տփխիս, 1895: Ծաղկոց, Թ., 1901: Ձեռնարկ հոգեբանության, Տփխիս, 1911: Իմ օրագիրը, Թ., 1911:

Գրկ. Շավարշյան Ա. Մ., Մանկավարժ Իսահակ Հարությունյան, Ե., 1956: Բադալյան Մ., Իսահակ Հարությունյանը դաստիարակության մի քանի հարցերի մասին, Ե., 1975: Շահբազյան Ս. Ա., Իսահակ Հարությունյան, տես XIX դարի հայ փիլիսոփայական մտքի պատմությունից (գիրք 2), Ե., 1980: Ս. Շահբազյան