Jump to content

ՀՍՀ/ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՀԱՄԱԶԱՍՊ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Համազասպ Հովակիմի (14.10.1902, Բաքու–4.4.1971, Մոսկվա), սովետական դիվանագետ, տնտեսագետ: Ունեցել է արտակարգ և լիազոր դեսպանի աստիճան: Տնտեսագիտության դ–ր, պրոֆեսոր (1942): ՍՄԿԿ անդամ 1919–ից: 1922–ին գործուղվել է Հայաստան` կոմերիտական ղեկավար աշխատանքի: 1923–28–ին սովորել է Մոսկվայի համալսարանում, որն ավարտելուց հետո մեկ տարով ուսումնառության է մեկնել ԱՄՆ` Մինեսոտայի համալսարան: 1930–43–ին աշխատել է ՄՍՀՄ ԳԱ տնտեսագիտության ինստ–ում: 1943–ից անցել է դիվանագիտական աշխատանքի: 1944–54–ին եղել է ՍՍՀՄ արտգործմինիստրության տնտ. բաժնի վարիչի տեղակալ, վարիչ, ՍՍՀՄ ներկայացուցիչ ՄԱԿ–ի տնտ. և սոցիալական խորհրդում և ՄԱԿ–ի եվրոպական տնտ. հանձնաժողովում, 1948–1953– ին` ՍՍՀՄ արտգործմինիստրության կոլեգիայի անդամ, 1954–55–ին` նույն մինիստրության խորհրդական, 1955–1958–ին` մինիստրության եվրոպական բաժնի վարիչ, ՍՍՀՄ ներկայացուցիչ` Աշխատանքի միջազգային կազմակերպության ադմինիստրատիվ խորհրդում, 1958–63–ին` ՍՍՀՄ դեսպան Կանադայում, 1963–70–ին` պատասխանատու աշխատող ՍՍՀՄ արտգործմինիստրության կենտրոնական ապարատում: Հ. մասնակցել է հակահիտլերյան կոալիցիայի մեծ տերությունների Թեհրանի, Ղրիմի, Պոտսդամի կոնֆերանսներին, Փարիզի խաղաղության կոնֆերանսին, ՄԱԿ–ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջաններին և միջազգային այլ խորհրդակցությունների: Կյանքի վերջին տարիներին դասավանդել է Մոսկվայի պետհամալսարանում և միջազգային հարաբերությունների ինստ–ում: Հ–ի աշխատությունները նվիրված են ժամանակակից բուրժ. տնտեսագիտական մտքի և քաղաքատնտեսության քննադատությանը, համաշխարհային էկոնոմիկայի (տնտ. ճգնաժամեր, ցիկլերի պարբերականություն, զբաղվածություն, սպառում) և միջազգային տնտ. հարաբերությունների զարգացման տենդենցներին, ՍՍՀՄ արտաքին քաղաքականության և ժողտնտեսության զարգացման հարցերին: Պարգևատրվել է Լենինի, Աշխատանքային կարմիր դրոշի 2, «Պատվո նշան» շքանշաններով:

Հ. Լիլոյան