Jump to content

ՀՍՀ/ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՌԱՖԱՅԵԼ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Ռաֆայել Հարությունի (ծն. 15.5.1926, Երևան), հայ սովետական բժիշկ, ֆիզիոլոգ–ռադիոկենսաբան: Բժշկ. գիտ. դ–ր, պրոֆեսոր (1966): ՍՄԿԿ անդամ 1953–ից: 1951–ին ավարտել է Երևանի բժշկ. ինստ–ը: 1951–54–ին աշխատել է Մոսկվայի ՍՍՀՄ ԲԳԱ բնականոն ֆիզիոլոգիայի ինստ–ում, 1955–60–ին դասախոսել Երևանի ֆիզիկական կուլտուրայի ինստ–ում: 1969–ից` ՀՍՍՀ առողջապահության մինիստրության ռադիոկենսաբանության գիտահետազոտական սեկտորի փորձարարական արյունաբանության լաբորատորիայի, իսկ 1973–ից` նույն սեկտորի վարիչ: 1978–ից` ՀՍՍՀ առողջապահության մինիստրության գիտա–բժշկական խորհրդի նախագահ: Հ–ի գիտական աշխատանքները վերաբերում են բնականոն և ախտաբանական պայմաններում արյունաստեղծման պրոցեսների նյարդա–հումորալ կարգավորման և ներքնածին խթանիչների գործառական նշանակության հարցերին: Վ. Զ. Գրիգորյանի և Ս. Կ. Կարապետյանի հետ Հ. կազմել է «Ռուս–հայերեն ֆիզիոլոգիական բառարան» (1977) և «Ռուս–հայերեն ֆիզիոլոգիական բացատրական բառարան» (1979):