ՀՍՀ/ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՍԱՂԱԹԵԼ
ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Սաղաթել Մամիկոնի 20.3.1912, Մոլլա–Բայազետ (այժմ` ՀՍՍՀ Հոկտեմբերյանի շրջանի Բամբակաշատ գ.) հայ սովետական գրող, թարգմանիչ: ՀՍՍՀ կուլտուրայի վաստ. գործիչ (1968), ՍՄԿԿ անդամ 1948–ից: 1941–ին ավարտել է Երևանի մանկավարժական ինստ–ը: Հայրենական մեծ պատերազմի տարիներին ծառայել է սովետական բանակում: 1964–69–ին` «Պիոներ» ամսագրի (վերջին տարիներին` նաև «Ծիծեռնակ» հանդեսի), իսկ 1969 –78–ին` «Գրական թերթ»– ի խմբագիր: 1978–ից` ՀՍԳ միության քարտուղար: Լույս է ընծայել «Իմ ձայնով» (1947), «Ապրիլ» (1952), «Թե ինչ է շշնջում առուն» (1958), «Արև և ծով» (1964), «Իմ պատուհանը» (1971) չափածո և «Հարյուրերորդ հիերոգլիֆը» (1955), «Կյանքը սկուտեղի վրա» (1966) արձակ ժողովածուները: Նրա «Միայն մարդն է ուղիղ քայլում» դրաման 1969–ին բեմադրվել է Երևանի Գ. Սունդուկյանի անվ. թատրոնում (հրտ. 1975): Հ. թարգմանել է Լ. Կասիլի, Ջ. Ռոդարիի, Անտուան դը սենտ–Էքզյուպերիի ստեղծագործություններից:
