Jump to content

ՀՍՀ/ՀԱՐՍԱՆԻՔ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀԱՐՍԱՆԻՔ, ամուսնությունը վավերացնող ծիսակատարություն: Հասարակական զարգացման վաղ` մայրիշխանության շրջանում կատարվել է պարզ արարողություններով: Որպես ամուսնության սովորութային ձևակերպում` զարգացել է հատկապես հայրիշխանության ընթացքում, երբ հաստատվել է մենամուսնությունը և կնոջ բնակությունը ամուսնու տանը: Բոլոր ժողովուրդների մեջ ամուսնական արարողությունների շարքի հիմնական առանձնահատկությունն է ծնողների տնից հարսի` ամուսնու տուն տեղափոխելու թատերականացված արտահայտությունը: Հ., որպես կանոն, ուղեկցվում է խնջույքներով, նվերների փոխանակությամբ, երգ ու պարով և այլ զվարճություններով: Հ–ին մասնակցում են փեսայի և հարսի ազգականները, մերձավորները և ծիսակարգի համար սահմանված հատուկ անձինք (խնամախոսներ, խնամիներ, կնքահայր, հարսնեղբայր, հարսնաքույր, խաչեղբայրներ, քահանա ևն): Հաճախ թատերականորեն ներկայացվում են ամուսնու և նրա ընկեր–բարեկամների կողմից հարսի առևանգման, հարսնացուի և նրա հարազատների ընդդիմացման ու այլ տեսարաններ: Հ. բոլոր ժողովուրդների մոտ դրսևորվում է ազգային և սովորութային յուրահատկություններով: Հայաստանի ազգագրական յուրաքանչյուր շրջան ունեցել է իրեն հատուկ հարսանեկան ծիսակարգ, որի մեջ առանձնացել են գրեթե բոլոր շրջանների համար ընդհանուր մի շարք արարողություններ: Ազգագրական բոլոր շրջաններում Հ–ից առաջ որոշվել է հրավիրվող հյուրերի թիվը, որոնք պետք է մասնակցեին ճաշկերույթին, թեև գյուղի կամ թաղի բոլոր բնակիչները առանց հրավերի կարող էին գնալ հարսանքատուն` պարելու: Հ–ները կատարվել են հիմնականում աշնանը` գյուղատնտ. աշխատանքներից հետո: Տևել են 3–7 օր: Գերադասել են սկսել ուրբաթ կամ հինգշաբթի օրը և ավարտել կիրակի: Բուն հարսանեկան նախապատրաստություններն սկսվել են հարսին լողացնելով, որը որոշ շրջաններում ընթացել է երգ ու պարի ուղեկցությամբ: Փեսային լողացրել են առանց հանդիսավորության, բայց սափրելու և մազերը կտրելու արարողությունը, որին մասնակցել են նրա ազգականներն ու շքախմբի անդամները (մակարներ, եղբայրներ ու պահապան երիտասարդներ), նույնպես կատարվել է մեծ հանդիսավորությամբ: Փեսայի տանը, տարեց ազգականների ներկայությամբ, տեղի է ունեցել գինու կարասները բացելու և ամանների մեջ լցնելու արարողություն: Նույն ժամանակ տղայի հայրը, տերտերի ուղեկցությամբ, գերեզմանատանը օրհնել է տվել իր նախնիների ու մեռած հարազատների գերեզմանները, իսկ փեսան այցելել է իր և հարսնացուի ազգականներին` այդ տարվա ընթացքում մահացած մարդկանց ընտանիքներից Հ. սկսելու թույլտվություն ստանալու: Միևնույն օրը թե’ հարսի և թե’ փեսայի տանը պատրաստվել է հարսի նստելու տեղը, որը հարսի տանը վարագուրվել է խորհրդավոր նախշակարերով, աչքի ուլունքներով, թալիսմաններով զարդարված` հմայական պահպանակի նշանակություն ունեցող վարագույրով: Երեկոյան տեղի է ունեցել «հինադրեք»: Հաց ու հարսանեկան գաթա թխելուն, որը նույնպես ուղեկցվել է երգ ու պարով, մասնակցել են կանայք ու աղջիկները: Առավոտյան, փեսայի տան կտուրից զուռնան կանչի եղանակով ազդարարել է Հ–ի սկիզբը: Հյուրերի հավաքվելուց հետո քավորն ու փեսան մակարներով շրջապատված, նվագի ներքո սկսել են մսացուի համար եզ մորթելով արարողությունը: Քավորը, որ մեծ ու պատվավոր դեր է ունեցել Հ–ում, մատը թաթախելով մորթված կենդանու արյան մեջ, փեսայի ճակատին խաչ է քաշել, մի փականք բանալիով կողպել արյան մեջ, ապա թել է թաթախել արյան մեջ ու հանգուցել և դանակը մտցնելով արյան մեջ` դրել է պատյանը (իբրև թե` կապելու չար ոգիներին, որոնք կարող են «վնասել» փեսային): Այնուհետև հանդիսավորությամբ հագցրել են փեսայի զգեստները, կապել դաշույնը: Շատ շրջաններում քավորը փեսային սպիտակ, կանաչ թաշկինակներով ուսկապ («ուսբանդ») է կապել: Գլխարկի վրա ամրացրել են թաշկինակներ կամ ժապավեններ, առջևի մասում` աքաղաղի երկու փետուր ու կանաչ–կարմիր բրդյա թելերով նախշված փայտիկ: Կեսօրին կամ երեկոյան գնացել են հարսի ետևից: Մակարներով շրջապատված փեսայի աջ կողմից եղել է քավորը, ձախից` փեսախպերը, ետևից` պարողների խումբը: Մակարներից մեկը մատուցարանով տարել է հարսի հագուստները: Հաջորդ առավոտյան, հարսին հագցնելու ժամանակ, քավորը վերցնելով գոտին ու գոգնոցը` 3 անգամ պտտվել է հարսի շուրջը, ապա կապել ու թիկունքին խփելով` մաղթել է տղա ունենալ: Քավորկինը ծածկել է հարսին մի մեծ ծածկոցով, իսկ երեխաներ ունեցող ու բախտավոր համարվող ամուսնական մի զույգ բռնել է հարսի ձեռքը և կանգնեցրել փեսայի կողքին: Ճանապարհ ընկնելուց առաջ, նորապսակները, ի նշան օջախի հանդեպ հարգանքի, համբուրել են թոնրի շուրթը, հրաժեշտ տվել ծնողներին, հարևաններին ու բարեկամներին: Այնուհետև հարսանքավորները երգելով, պարելով, ծափերով, աղմուկով, կրակելով ու բացականչություններով գնացել են եկեղեցի, ուր մակարները հսկել են, որ չարակամ մարդիկ չխանգարեն պսակադրությունը: Պսակից հետո պսակադիրը գունավոր թելերից նարոտ է կապել հարսի ու թագավորի վզին ու մոմով ամրացրել: Այնուհետև այլ ճանապարհով գնացել են փեսայի հայրական տուն: Զանգեզուրում ու Ղարաբաղում վերադարձել են աղջկա հոր տուն և հարսին կրկին նստեցրել վարագույրի ետևը: Հ. ղեկավարել է մասնակիցների ընտրած թամադան, նրան օգնել է օգնականը (կենացները ծաղկացնող): Սովորաբար Հ–ներում, միմյանց հետ կռված մարդկանց հաշտեցրել են: Տղայի մայրը հարսի ուսին հաց փռելով` համբուրել է երկուսի ճակատը և քաղցրավենիք լցրել գլխներին: Հարսանքավորներն ստիպել են սկեսրոջն ու սկեսրայրին կոխի բռնվել, ձևականորեն հաղթում էր կինը (այս ծեսը խորհրդանշում էր մայրիշխանության երբեմնի գոյությունը): Մուտքի մոտ քավորը թուրը պահել է հարս ու փեսայի գլխավերևում, իսկ նրանք կոտրելով ոտքերի տակ նախապես դրված ափսեները, իբրև թե, իրենց ապահովել են չարքերից: Մինչ տեղի են ունեցել հարսին ընդունելու հետ կապված արարողություններ, հարսի տնից բերած վարագույրը կապել են հարսի համար հատկացված անկյունում և հարսին տարել վարագույրի ետև, ուր նա հավաքված երեխաներին մեկական նվեր տալուց հետո գրկել է ամենափոքր տղային, որպեսզի տղա առաջնեկ ունենա: Նորապսակները համբուրել են նոր օջախի թոնրի շուրթը: Հ–ի ընթացքում խմել են 3–7 պարտադիր կենաց (նախնիների հիշատակ, ծնողների, զույգերի, ապա քավորի ու մնացած հարազատների): Կենացներն ավարտելուց հետո հյուրերը հանձնել են նվերներ (դրամ կամ արժեքավոր իրեր): Խնջույքին զուգահեռ, մինչև առավոտ պարել են խմբապարեր (շուրջ–պարեր, այդ թվում` հարսանեկան ծիսական պարեր): Հարսի ու փեսայի պարից (մոմերով պար) հետո Հ. համարվել է ավարտված: Հարսանքատանը մնացել են միայն մոտ հարազատները: Շատ շրջաններում Հ. ավարտվել է մակարների խնջույքով («Հավթոուք»): Երեկոյան ժամերգությունից հետո տերտերը քանդել է նարոտը, կտրել թելը, բացել փականքը, դանակը հանել պատյանից, և զույգին առագաստ մտնելու իրավունք է տրվել: Ուրախ Հ. համարվել է ուրախ կյանքի սկիզբ: Հ–ին ուղեկցող մի շարք արարողություններ շարունակվել են գրեթե մեկ տարի, մինչև առաջին երեխայի ծնվելը: Սոցիալիստական հասարակության մեջ Հ. ձերբազատվում է ինչպես եկեղեցական, այնպես և սնոտիապաշտության հետ կապված մի շարք ծիսական վերապրուկներից ու դառնում նոր` սոցիալիստական ընտանիքի ստեղծման տոնակատարություն: ՍՍՀՄ–ում 1960–70–ական թթ. հատկապես տարածվեց Ամուսնության պալատներում կամ Ամուսնության գրանցման դահլիճներում ամուսնության հանդիսավոր ձևակերպման ավանդույթը:

Ժ. Խաչատրյան