Jump to content

ՀՍՀ/ՀԱՐՎԱՐԴԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀԱՐՎԱՐԴԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ (Harvard University), ԱՄՆ–ի հնագույն համալսարան, Քեմբրիջ քաղաքում (Մասսաչուսեթսի նահանգ): Հիմնադրվել է 1636–ին որպես կոլեջ: 1639–ից կրում է արվեստների բակալավր Ջ. Հարվարդի (1607–38) անունը, որը կոլեջին է կտակել իր ունեցվածքի կեսը և գրադարանը: Մինչև XVIII դ. վերջը Հ. հ–ի ուս. դասընթացում հիմնական տեղը գրավում էին Աստվածաշունչն ու հին լեզուները, XVIII դ. վերջից ուսման ծրագրի մեջ մտան նոր լեզուներ և մաթեմատիկա: Մինչև XIX դ. սկիզբը կոլեջը ըստ էության միջնակարգ դպրոց էր, ընդունվում էին 14 տարեկան երեխաներ: Համալսարանի է վերածվել XIX դ. 1–ին քառորդում: Դասավանդվել են պատմություն, քաղաքատնտեսություն, քիմիա, երկրաբանություն և այլ առարկաներ: Նրա զարգացման մեջ կարևոր դեր է խաղացել մանկավարժ Չ. Էլիոտը (Հ. հ–ի պրեզիդենտ, 1869–1909): 1969 70–ից ունի (բացի հանրակրթական կոլեջից) հումանիտար և բնական գիտությունների, իրավաբանական, բժշկական, առողջապահական, աստվածաբանական, կոնստրուկտորական, պետ. կառավարման, պրակտիկ ղեկավարման, մանկավարժության ֆակուլտետներ, ինժեներական և կիրառական ֆիզիկայի բաժանմունք, հումանիտար և բնական գիտությունների, ատամնաբուժական և այլ դպրոցներ: Հ. հ–ում 1954–ից գործում է հայագիտական ամբիոն (վարիչ` Ռ. Թոմսոն): Համալսարանն ունի աստղադիտարան (տես Հարվարդի աստղադիտարան), թանգարաններ, գրադարան (հիմն. 1638–ին, մոտ 8 մլն գիրք և բրոշյուր), ավելի քան 15 h զ. ուսանող, շուրջ 5000 դասավանդող: