ՀՍՀ/ՀԱՐՔ
ՀԱՐՔ (հուն., արաբ. al–Harka), գավառ Մեծ Հայքի Տուրուբերան նահանգում: Տարածվում էր Արածանի գետի վերին հովտում, Տարոն, Վարաժնունիք, Ապահունիք, Խոռխորունիք և Բզնունիք գավառների միջև (սահմանները որոշակի չեն): Հ–ի մասին տեղեկությունները սակավ ու կցկտուր են: Մար Աբաս Կատինա պատմիչը (ըստ Մովսես Խորսնացու) Հ. և նրա Հայկաշեն դաստակերտը համարում է հայոց անվանադիր նախնի Հայկի բնակության սկզբնատեղը (որոշ ուսումնասիրողներ «Հարք»–ը մեկնաբանում են որպես «հայր» բառի հոգնակի ձևը): Ըստ այդ ավանդական պատմության, Հայկը Հ. ժառանգություն է թողել որդիներից Մանավազին, որն իր անունով հիմնել է Մանավազակերտ կամ Մանազկերտ բերդաքաղաքը: Մինչև IV դ. Հ. ժառանգաբար տիրել են Մանավազյաններր: Նրանց իշխանանիստ կենտրոնն էր Մանազկերտը: Մանավազյան նախարարության բնաջնջումից (333) հետո Արշակունի խոսրով Բ Կոտակ թագավորը Հ. պարգևեց Աղբիանոսյաններին, որոնք Մանազկերտը դարձրին Եպիսկոպոսանիստ կենտրոն, մանազկերտցի Աղբիանոսյան եպիսկոպոսներից վեցը IV–V դդ. դարձել են կաթողիկոս: Ներսեսի Վարքում հիշվում է Հարքեանք նախարարությունը: Հ–ի հնագույն բնակավայրերից է Հերյանը (Հերեթ, Հերթ), որտեղ ըստ Ստեփաննոս Տարոնեցու (Ասողիկ) ծնվել է հայ ականավոր իմաստասեր Դավիթ Անհաղթը (V դ. վերջ–VI դ. սկիզբ): Նույն պատմիչը Հ–ի Եղեգակ (Եղեգիկ, Ուղկ, Հղուկ) գյուղը հիշատակում է որպես Սահակ Բ կաթողիկոսի (534–539) ծննդավայրը: Արիստակես Լաստիվերցին հիշատակում է Հ–ի Մանկագոմ, Գյուղք և Ագարակք ավանագյուղերը: XI դ. սկգբին Հ. հիշատակվում է որպես Թոնդրակյան շարժման (Հակոբ Հարքացի եպիսկոպոսի գլխավորությամբ) կենտրոն: Այժմ Հ. տրոհված է թուրք. Բուլանըկ և Մանազկերտ գավառների միջև:
Գրկ. Ինճիճյան Ղ., Ստորագրութիւն Հին Հայաստանեայց, Վնտ., 1822:
