ՀՍՀ/ՀԱՑԱԳՈՐԾՅԱՆ ԶԱՎԵՆ
ՀԱՑԱԳՈՐԾՅԱՆ Զավեն Արսենի (ծն. 20.4. 1911, Բիթլիս), հայ սովետական ինժեներ, շինանյութերի մասնագետ: Տեխ. գիտ. դ–ր (1966), պրոֆեսոր (1968): ՍՄԿԿ անդամ 1949–ից: Ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստ–ը (1931): 1931–ից աշխատել է Շինանյութերի և կառուցվածքների հայկական ԳՀԻ–ում, 1961–ից` Քարի և սիլիկատների ԳՀԻ–ում որպես լաբորատորիայի վարիչ (1962–69– ին` դիրեկտորի տեղակալ գիտական գծով): Ուսումնասիրել է և շինարարության մեջ ներդրել թեթև երկաթբետոնը` բնական ծակոտկեն լցիչների կիրառմամբ: Հետազոտել է բնական քարանյութերի երկարակեցությունը կառուցվածքներում, տվել հրաբխային քարանյութերի շինարարական դասակարգումը, մշակել արհեստական մարմարի և գրանիտի ստացման տեխնոլոգիան: Մասնակցել է քարային շինանյութերի պետ. ստանդարտների մշակմանը: 1978–ից Շինանյութերի հանրապետական ատեստացիոն հանձնաժողովի նախագահն է: «Ռուս–հայերեն պոլիտեխնիկական բառարան»–ի (1957) կազմողներից է: Զբաղվել է դրամատուրգիայով (Վ. Խուդավերդյանի հեղինակակցությամբ): Բեմադրվել են «Խնդության սրինգը» (1937), «Թող բացվեն վարդերը» (1939), «Փիլիպոս Ասլանովիչ» (1945) կոմեդիաները:
Երկ. Հայաստանի տուֆերը և մարմարները, Ե. 1959 (հեղինակակից` Օ. Ա. Մարտիրոսյան): Долговечнось вулканических туфов Армении в древних и современных сооружениях, Е., 1959. Природные каменные материалы Армении, М.,1967.
