ՀՍՀ/ՀԱՑԱՀԱՏԻԿԱՅԻՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՆԵՐ
ՀԱՑԱՀԱՏԻԿԱՅԻՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՆԵՐ, մշակվող բույսերի կարևորագույն խումբ, որը տալիս է հատիկ` մարդու հիմնական սննդամթերքը, կեր` գյուղատնտեսական կենդանիների և հումք` արդյունաբերության տարբեր ճյուղերի համար: Գրեթե բոլոր Հ. կ. (ցորեն, գարի, աշորա, եգիպտացորեն, վարսակ, կորեկ, բրինձ, սորգո) դաշտավլուկագգիների, իսկ հնդկացորենը մատիտեղազգիննրի ընտանիքից են: ՍՍՀՄ–ում Հ. կ–ի ցանքատարածությունը կազմում է 130,4 մլն հա (1977), որից ցորենը` 62,0, գարին` 34,1, վարսակը` 13,0, աշորան` 6,7, եգիպտացորենը` 3,4, կորեկը` 3,0, հնդկացորենը` 1,7 և բրինձը` 0,5 մլն հա: (ՀՍՍՀ–ում` 166 հզ. հա, որից ցորեն` 95,9, գարի` 61,9 հզ. հա ևն): Բաժանվում են 3 խմբի. ա. սովորական Հ. կ.` ցորեն, գարի, աշորա և վարսակ: Սրանց հատիկն ունի ակոսիկ, հատիկի ծլման ժամանակ առաջանում են սաղմնային մի քանի արմատիկներ, ծաղկաբույլը հասկ է (ցորեն, գարի) կամ հուրան (վարսակ): Երկար օրվա բույսեր են, ջերմության նկատմամբ շատ պահանջկոտ չեն: Բ. Կորեկանման Հ. կ.` կորեկ, սորգո, բրինձ, եգիպտացորեն: Սրանց հատիկները չունեն ակոսիկ, ծլելիս տալիս են սաղմնային միայն մեկ արմատիկ, ծաղկաբույլը հուրան է կամ հուրան ու կողր (եգիպտացորեն): Բացառապես գարնանացան են, կարճ օրվա և ջերմասեր բույսեր են: Երրորդ խմբում ընդգրկված է միայն հնդկացորենը: Հ. կ–ի արմատային համակարգը փնջաձև է, հիմնականում տեղաբաշխված է վարելաշերտում, լինում են առաջնային կամ սաղմնային (աճում են հատիկի սաղմից) և հիմնական կամ երկրորդային (առաջանում են ավելի ուշ` բույսերի թփակալման հանգույցներից): Եգիպտացորենը և սորգոն ունեն նաև հենակային կամ օդային արմատներ: Հ. կ–ի աճման և զարգացման փուլերն են` ծլում, թփակալում, խողովակակալում, հասկակալում, ծաղկում, հասունացում: Հատիկը պարունակում է սպիտակուցներ, ածխաջրեր, ճարպեր, թաղանթանյութեր, մոխիր, զանազան ֆերմենտներ և վիտամիններ:
Գրկ. Մաթևոսյան Ա. Ս., Բուսաբուծություն, Ե., 1977:
