ՀՍՀ/ՀԱՑԱՎԱՆ ԳՅՈՒՂ ՀՍՍՀ ԱԲՈՎՅԱՆԻ ՇՐՋԱՆ
ՀԱՑԱՎԱՆ, գյուղ Հայկական ՍՍՀ Աբովյանի շրջանում, շրջկենտրոնից 15 կվ հարավ–արևելք: Անտառաբուծական սովետական տնտեսությունն զբաղվում է նաև անասնապահությամբ և հացահատիկի մշակությամբ: Ունի ութամյա դպրոց, ակումբ, գրադարան, կենցաղսպասարկման օբյեկտ, բուժմանկաբարձական կետ: Հ–ից դեպի հս., բարձունքի վրա, գտնվում է անտիկ դարաշրջանի ամրոց, որը, լինելով Գառնիի առաջապահ ամրությունը, հսկել է Արարատյան դաշտից եկող ճանապարհները: Պեղումներով (1964– 1968) պարզել են, որ ամրոցը շրջապատված է եղել անմշակ քարերով շարված պարսպով, հս. մասում ունեցել է երեք կիսակլոր աշտարակներ, մյուս կողմերում` քառանկյունի որմնահեցեր: Պարսպի հվ–արմ. անկյունում գտնվել է մուտքը: Ամրոցը կառուցապատված է եղել քարաշեն` ներսից սվաղած և գաջե ձևավոր քիվերով հարդարված պատեր ունեցող սենյակներով: Դրանց հարթ ծածկերը հենվել են փայտե սյուների վրա, որոնց քարի խարիսխները հայտնաբերվել են տեղում: Տնտեսության մեջ կիրառվել են խեցեղեն, քարե ու ապակյա անոթներ, մետաղյա առարկաներ, երկանքներ: Ամրոցը գոյատևել է մինչև վաղ միջնադար: Ժամանակակից գյուղի տարածքում եղել է հին բնակավայր ու դամբարանադաշտ:
Խ. Գեղամյան, Գ. Տիրացյան
