Jump to content

ՀՍՀ/ՀԱՑԵՆԻ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀԱՑԵՆԻ (Fraxinus), ձիթենազգիների ընտանիքի տերևաթափ ծառերի, հազվադեպ թփերի ցեղ: Տերևները բարդ են, հակադիր, կենտ փետրաձև: Ծաղիկները միասեռ են կամ երկսեռ` հավաքված հուրանաձև ծաղկաբույլերում: Պտուղները միաբուն թևապտղիկ են: Ծաղկում է ապրիլ–մայիսին, մինչև տերևների բացվելը: Հայտնի է Հ–ու 65 տեսակ` տարածված Հյուսիսային կիսագնդում, ՍՍՀՄ–ում` 11, ՀՍՍՀ–ում` 2 տեսակ` Հ. սովորական (F. excelsior հ.) և Հ. սրապտուղ (F. oxycora willd): Սովորական Հ. մինչև 40 մբարձրությամբ ծառ է, տարածված է Կովկասում, ՍՍՀՄ եվրոպական մասում, Արևմտյան Եվրոպայում, Միջերկրական ծովի ափերին, Փոքր Ասիայում: ՀԱԱՀ–ում հանդիպում է համարյա բոլոր անտառներում, բոխու, կաղնու, ղաժու, հաճարենու և այլ տեսակների հետ: Ապրում է 250–300 տարի: Սրապտուղ Հ. (10–25 մ) տարածված է Կովկասում, Բալկանյան թերակղզում, Փոքր Ասիայում, Իրանում: ՀՍՍՀ–ում աճում է Իջևանի շրջանում (Գետիկի հովիտ), Զանգեզուրում և Վայքում: Հ–ու բնափայտն ամուր է, ճկուն, գեղեցիկ նախշերով, օգտագործվում է մանր գործիքաշինության, շինարարության տարբեր բնագավառներում: Հ. օժտված է բարձր դեկորատիվությամբ, կիրառվում է կանաչապատման, անտառային մշակույթների և պաշտպանական անտառաբուծության մեջ:

Ա. Գրիգորյան