Jump to content

ՀՍՀ/ՀԱՑՏԱԾԻՉ ՆՅՈՒԹԵՐ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀԱՑՏԱԾԻՉ ՆՅՈՒԹԵՐ, քիմիական վերականգնիչներ, որոնք լուսակինոնյութերի լուսազգայուն շերտերի արծաթի հալոգենիդները վերականգնում են մինչև մետաղական արծաթ (տես Հայտածում լուսանկարչական): Հ. ն. լուսանկարչական հայտածիչների (տես Հայտածիչներ լուսանկարչական) հիմնական բաղադրիչներն են: Որպես Հ. ն. օգտագործվում են այն միացություները որոնք ընտրողաբար վերականգնում են լուսազգայուն շերտի լուսակայված մասերի արծաթի հալոգենիդները, այսինքն` ապահովում են լուսակայված մասերի վերականգնման մեծ արագության` չլուսակայվածների համեմատ: Հակառակ դեպքում ստացված պատկերը կծածկվի համատարած լուսանկարչական փառով: Ըստ քիմ. բնույթի Հ. ն. լինում են օրգ. (օրինակ, հիդրոքինոն) և անօրգանական (վանադիումի, երկարժեք երկաթի կոմպլեքս միացություններ): Առավել նշանակություն ունեն օրգ. Հ. ն., որոնց մոլեկուլում մտնում է (1-(C=A)_n-\alpha_2) խմբավորումը, որտեղ (\alpha_1)-ը և (\alpha_2) — OH-, -NH2, -NHR, -NR2 խմբերն են (R-ը ալկիլ կամ այլ տեղակալիչ է), n-ը զրո կամ փոքր ամբողջ թիվ է, C-ն՝ ածխածնի ատոմ, A-ն՝ ածխածնի կամ ազոտի ատոմ: Այս բանաձևից բացառություն է կազմում ֆենիդոնը: Արոմատիկ շարքի ածանցյալներից հայտածելու ունակություն ունեն միայն օրթո- կամ պարա- դիրքերում երկու ակտիվ խումբ՝ —OH, —NH₂ պարունակող միացությունները: Որոշ դեպքերում Հ. ն-ի խառնուրդները ապահովում են առանձին բաղադրիչներով հայտածման արագությունների գումարից մեծ արագություն: Այդ հատկությունը ընկած է խառը (մեթոլ-հիդրոքինոնային, ֆենիդոն-հիդրոքինոնային ևն) Հ. ն-ի պատրաստման հիմքում: Հ. ն-ից առանձին օգտագործվում են հիդրոքինոնը (կոնտրաստ), մեթոլը, ամիդոլը (մանրահատիկ), պարաֆենիլեն-դիամինը (մանրահատիկ), դիէթիլ-պարաֆենիլենդիամինը (գունավոր լուսանկարչություն), պարաամիդոֆենոլը (հայտածում է դանդաղ, բարձրորակ, առանց շղարշի) ևն: