ՀՍՀ/ՀԱՖԵԶ
ՀԱՖԵԶ Շամսեդդին Մոհամմեդ (մոտ 1325, Շիրազ–1389 կամ 1390, Շիրազ), պարսիկ բանաստեղծ: Հ–ի մասին առաջին հավաստի տեղեկությունները տրված են նրա «Դիվան»–ի նախաբանում: Ծնվել է ոչ հայտնի ընտանիքում, ստացել է աստվածաբանական կրթություն: Անգիր իմացել է Ղուրանը, որի համար էլ ստացել է «Հաֆեզ» («հիշողության մեջ պահող») անունը: Մուբարիզ ադ Դինի (1354–58) գահակալության տարիներին `Հ. հարել է գահաժառանգ շահ Շուջային, որն ընդդիմացել էր հորը: Այդ շրջանում Հ. գրել է 8–10 գազել, որոնցում ծաղրել է Շիրազում գինին ու աշխարհիկ զվարճություններն արգելող Մուբարիզ ադ Դինին: Շահ Շուջայի տիրապետության (1358–1384) շրջանի իրադարձություններն իրենց արտացոլումն են գտել «Դիվան»–ի շատ բանաստեղծություններում, մի քանի գազել հիշեցնում է 1366–ին Հ–ի շնորհազրկման մասին: Մոզաֆերիդներից բանաստեղծը համակրել է միայն շահ Մանսուրին (1388–92), որին և նվիրել է «Սաղինամե» պոեմը և 6 բանաստեղծություն: 1928–ին պարսիկ գրասեր, Խալխալին հայտնաբերել է բանաստեղծի մահից 35 տարի հետո արտագրված «Դիվան»–ի ձեռագիրը, որն օգնել է հետագա տեքստաբանական հետազոտություններին: «Դիվան»– ն ունի 418 գազել, 5 մեծ քասիդ–ներբող, 29 կիտա (ոչ մեծ «առիթով գրված բանաստեղծություն»), 41 ռուբայի և 3 մեսնևի: Հ. երգել է կյանքն իր ուրախություններով ու վշտերով, ծաղրել անդրաշխարհի դրախտային վայելքները: Ընդվզելով մարդուն և նրա միտքը կաշկանդող պայմանականությունների դեմ` նա ստեղծել է սոցիալական կապանքներից ազատ մարդու կերպարը: Հ–ի ստեղծագործությունը պարսկ. միջնադարյան քնարերգության բարձրագույն նվաճումն է:
Երկ. Լիրիկա, Ե., 1957:
