Jump to content

ՀՍՀ/ՀԵԲԵՅ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀԵԲԵՅ, նահանգ հյուսիսային Չինաստանում, ողողվում է Դեղին ծովի Լյաոդունյան և Բոխայվան ծոցերով: Տարածությունը 190 հզ. կմ² է, բնակչությունը` 42 մլն (1975), վարչական կենտրոնը` Շիցզյաչժուան: Գտնվում է հիմնականում Չինական Մեծ հարթավայրում, հս–ում և արմ–ում Տայխանշան, Յանշան և այլ լեռներն են (1500–2000 մ): Ունի գետային խիտ ցանց: Հ. երկրի ինդուստրիալ շրջաններից է: Համաչինական նշանակություն ունի ածխի արդյունաբերությունը, մետալուրգիան, մեքենաշինությունը, տեքստիլ և ճենապակու–հախճապակու արտադրությունը: Արդյունահանվում է երկաթ, պղինձ, նավթ: Կան ոսկու հանքեր: Մշակում են հացահատիկ, սոյա, գետնընկույզ, քունջութ, կանեփ, բամբակենի, ծխախոտ ևն: Զբաղվում են անասնապահությամբ, ափամերձ շրջաններում` ձկնորսությամբ: Երկաթուղիների երկարությունը 1830 կմ է: Խոշոր ծովային նավահանգիստ է Ցինխուանդոան: