Jump to content

ՀՍՀ/ՀԵԳԵԼ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀԵԳԵԼ (Hegel) Գեորգ Վիլհելմ Ֆրիդրիխ (27.8.1770, Շտուտգարտ –14.11.1831, Բեռլին), գերմանական դասական փիլիսոփայության ներկայացուցիչ, օբյեկտիվ իդեալիստ: 1788–1793–ին Տյուբինգենի աստվածաբանական ինստ–ում ուսումնասիրել է աստվածաբանություն և փիլիսոփայություն: 1794–1800–ին եղել է տնային ուսուցիչ Բեռնում և Մայնի Ֆրանկֆուրտում: 1801–1807–ին դասախոսել է Ենայի համալսարանում: 1808–ին եղել է «Բամբերգեր ցայտունգ» թերթի խմբագիրը, 1808–1815–ին` գիմնազիայի դիրեկտոր Նյուրնբերգում, 1816–1818–ին` Հայդելբերգի, իսկ 1818–1831–ին` Բեռլինի համալսարանի պրոֆեսոր: Հ. գերմ. բարձրացող բուրժուազիայի տիպական ներկայացուցիչն ու գաղափարախոսն է. նրա ազատախոհությունը երբեք չի վերաճել արմատական հեղափոխականության ո’չ կրոնի, ո’չ առհասարակ գաղափարախոսության և ո’չ էլ հասարակական վերափոխումների հարցերում: Հ–ի փիլիսոփայության առաջադիմական միտումները ևս, հատկապես իր էությամբ հեղափոխական դիալեկտիկան, հավասարակշռվում են նրա աշխարհայացքի պահպանողական կողմերով: Արդեն առաջին ծավալուն աշխատության մեջ` «Ոգու ֆենոմենոլոգիա»–ում (1807), որը, Մարքսի արտահայտությամբ, պարունակում է «հեգելյան փիլիսոփայության իսկական աղբյուրն ու խորհուրդը», Հ. ձևակերպել է իր փիլիսոփայության հիմնական մեթոդաբանական դրույթները, հատկապես պատմականության դիալեկտիկական սկզբունքը և փիլիսոփայության կողմնորոշումը դեպի գիտություն: Այստեղ շարադրված է գիտակցության պատմությունը, թեկուզև վերացական, մտահայեցողական ձևով, տրված է զգայական անմիջականությունից գիտակցության և ինքնագիտակցության առաջացումը, գիտակցության օտարումը մարդկային պրակտիկ գործունեության («բարոյականության») ոլորտում և օբյեկտիվացումը հասարակական գիտակցության ձևերի մեջ` արվեստի, կրոնի, փիլիսոփայության տեսքով` ընդհուպ մինչև բացարձակ գիտելիքի ձեռքբերումը: Հ–ի համոզմամբ, գիտակցության նկատմամբ պատմական մոտեցման միջոցով է հնարավոր լուծել իմացաբանական բարդ խնդիրները, մասնավորապես գիտելիքի օբյեկտիվության հարցը, հաղթահարել մտածողության և առարկայական աշխարհի խզումը («նույնության փիլիսոփայություն»), բացահայտել մարդու և նրա գիտակցության հասարակական բնույթը: Փիլիսոփայությունը, ըստ Հ–ի, վեր է կանգնած առանձին գիտություններից որպես գիտականության բարձրագույն աստիճան: «Ճշմարտության գոյության իսկական ձև կարող է լինել նրա միայն գիտական համակարգը: Իմ մտադրությունն է եղել նպաստել փիլիսոփայության մերձեցմանը գիտության ձևին` այն նպատակին, որին հասնելով նա կարողանար հրաժարվել իմաստասիրություն կոչվելուց և դառնար իսկական գիտելիք» («Ոգու ֆենոմենոլոգիա», Առաջաբան): Իր այս գիտական, ռացիոնալիստական միտումներով (բանականության ուժին ապավինելու իմաստով) Հ. շարունակում է Նոր ժամանակի փիլիսոփայության և գիտության հիմնական ավանդույթը: Հետագա հետազոտություններում Հ. իրականացրել է մի վիթխարի մտահղացում` ի մի է բերել իր ժամանակի ողջ գիտելիքը` ամբողջական համակարգով ներկայացնելով բնությունը, հասարակությունը և մարդկային մտածողությունը պատմական զարգացման ու տրամաբանական կապակցությունների մեջ: Համակարգումն այսպիսով կատարելով դիալեկտիկայի հիմնական սկզբունքներով` Հ. միաժամանակ որպես ելակետ և միասնականացման հիմք, որպես սուբստանց, ընդունել է «համաշխարհային ոգին»` «բացարձակ գաղափարը», որի դրսևորումներն են բնությունը և մարդկային ոգին (հասարակությունն ու մտածողությունը): Օբյեկտիվ (բացարձակ) իդեալիզմի այս տեսակետն ունի, ամենից առաջ, իմացաբանական աղբյուր, աշխարհի օրինաչափությունը ներկայացնող համընդհանուրն այն հենքն է, որի վրա ծավալվում է առանձին անցողիկ երևույթների բազմազանությունը (տես «Փիլիսոփայական գիտությունների հանրագիտարան», 24): Այն ճանաչվում է մտքով` իր վերացական, իդեալական ձևի մեջ, և ենթադրվում է, որ իրականում ևս, օբյեկտիվորեն այն չի կարող առարկայական կերպարանք ունենալ եզակի իրերի նման, ուրեմն` իդեալական է, միտք, գաղափար: Բացարձակ գաղափարի նախադրումն իրերի ու երևույթների, աշխարհին, անշուշտ, նաև աղերսներ ունի աստծու, որպես բանական սկզբի, գաղափարի հետ: Ըստ Հ–ի, «Փիլիսոփայությունը և կրոնը նույն բովանդակությունն ունեն»` վերաբերում են աշխարհի ընդհանրական վերացական էությանը, ոգուն (տես նույն տեղում, 573), միայն թե կրոնն այն պատկերացնում է զգայաբար և հիմնված է հավատի վրա, իսկ փիլիսոփայությունն այդ վերացական էության գիտական` բանական ճանաչողությունն է: Բացարձակ գաղափարի զարգացման աստիճաններին համապատասխան, Հ–ի փիլիսոփայության համակարգի հիմնական բաժիններն են տրամաբանության գիտությունը, բնության փիլիսոփայությունը և ոգու փիլիսոփայությունը: Ըստ այդմ է կառուցված «Փիլիսոփայական գիտությունների հանրագիտարանը» (1817): Մյուս աշխատությունները խմբավորվում են այս երեք բաժինների շուրջը: Տրամաբանության առարկան ըստ Հ–ի մտածողության կատեգորիալ ձևերն են: Դրանք օբյեկտիվ են. դրանց միջոցով է իրականանում աշխարհի օրինաչափությունը, նրա ներքին տրամաբանությունը, և հենց դա է, որ ճանաչվում է մարդկային «գիտակցական մտածողության» մեջ որպես գիտելիքի տրամաբանություն: Գոյաբանական մեկնաբանությամբ սա հանդես է գալիս որպես աշխարհի ինքնածավալում հակասությունների առաջացման և լուծման միջոցով: «Հեգելը հասկացությունների դիալեկտիկայի մեջ հանճարեղորեն կռահել է իրերի (երևույթների, աշխարհի, բնության) դիալեկտիկան», նկատել է Լենինը (Երկ., հ. 38, էջ 239): Դիալեկտիկական տրամաբանության դիրքերից Հ. քննադատում է ձևական տրամաբանությունը, հատկապես նրա իմացաբանական և գոյաբանական մեկնաբանությունները: Ձևական տրամաբանության ոլորտը մտածողության միայն մի կողմն է` որոշակին, վերջավորը, բացարձակը, մինչ դեռ մտածողությունը որպես ընթացք (որպես ճանաչողություն) ներառում է նաև անորոշը, գոյացողը, հարաբերականը (տես «Փիլիսոփայական գիտությունների հանրագիտարան», 79–82): Տրամաբանականի ոլորտում բացարձակ գաղափարը վերցված է վերացականորեն որպես մաքուր միտք, սակայն ռեալ կերպով այն սահմանափակված է «արտաքին կեղևի» մեջ, «կեցությամբ օժտված գաղափարն էլ հենց բնությունն է» (նույն տեղում, 244): Իր համակարգի երկրորդ մասում` «Բնության փիլիսոփայության» մեջ Հ. տալիս է գաղափարի այլագոյությունը բնության մեջ որպես «զուտ հասկացության և իրողության միասնություն», մատերիալիստական մեկնաբանությամբ` էության դրսևորումը երևույթների բազմազանության մեջ, ընդհանուր օրինաչափությունների առարկայացումը իրականության առանձին փաստերի տեսքով: Մարդկային գիտակցության մեջ գաղափարը դրսևորվում է որպես ոգի, բնությունը «վերածնվում է որպես փյունիկ» արդեն իբրև ճանաչված, ըմբռնված բնություն` ազատ իր արտաքին, առարկայական, անցողիկ կեղևից (376): Հ–յան համակարգի երրորդ մասն էլ հենց «Ոգու փիլիսոփայությունն» է, որի մեջ մարդկային ոգին անձնավորում է մարդու անհատական ու հասարակական կեցությունը: Ոգու զարգացման մի աստիճանից մյուսին անցնելը ներկայացնում է և մարդու պատմական զարգացումը, և թափանցումը մարդու ավելի խոր, իսկական էության մեջ: Սուբյեկտիվ ոգու աստիճանում մարդը հանդես է գալիս որպես անհատ, նախ` բնությանը ներդաշնակված, զգայական էակ («Մարդաբանություն»), ապա` գիտակցող, ինքնագիտակցող և բանական անհատ («Ոգու ֆենոմենոլոգիա») և, վերջապես, ստեղծագործող, գործող ու դրանով իսկ ազատ ոգու տեր մարդ («Հոգեբանություն»): Օբյեկտիվ ոգու աստիճանում դրսևորվում է մարդու կեցության հասարակական էությունը` իրավունքի, բարոյականության և հասարակական հաստատությունների (ընտանիք, քաղաքացիական հասարակություն, պետության) ձևերով: Բացարձակ ոգու աստիճանը մարդու հասարակական գիտակցությունն է` արվեստի, կրոնի և գիտության ու փիլիսոփայության ձևերով: Ոգու փիլիսոփայությունը Հ–յան համակարգի ամենից մշակված մասն է. նրա առանձին բաժիններին` քաղաքացիական պատմությանը, իրավունքի, գեղագիտության, կրոնի փիլսոփայությանը, փիլիսոփայության պատմությանը, Հ. նվիրել է հիմնարար հետազոտություններ, որոնք պահպանել են իրենց նշանակությունը հատկապես նյութի համակարգման և ընդհանրացման դիալեկտիկական սկզբունքների շնորհիվ: Պատմության ըմբռնման մեջ Հ. մերժում է սուբյեկտիվիզմը: Անհատների և ժողովուրդների ձգտումներն ու գործողությունները, ըստ Հ–ի, պայմանավորված են նրանց կամքից անկախ պատմական օրինաչափությամբ, որը իդեալիստ Հ. ներկայացնում է որպես բանականություն: Պատմական առաջադիմությունը մարդկային ոգու կողմից ազատության ձեռքբերումն ու գիտակցումն է: Յուրաքանչյուր ժողովուրդ (ինչպես և անհատը) ունի իր պատմական կոչումը և անխուսափելիորեն իջնում է ասպարեզից, երբ արդեն իրականացրել է այն («Պատմության փիլիսոփայություն», Ներածություն): Հ. մեծ ավանդ ունի գեղագիտության մեջ, որը նա մշակել է որպես արվեստի փիլիսոփայություն: Դրա առանցքը գեղեցիկի գաղափարն է արվեստի մեջ` իդեալը: Ըստ այդմ տրվում են արվեստի ձևերը և պատմական զարգացման աստիճանները: Հ. մնայուն տեղ ունի համաշխարհային մշակույթի մեջ առհասարակ: Բուն հեգելականությունը ներկայացնում են «հին հեգելականները», «երիտասարդ հեգելականները», նեոհեգելականությունը: Հ–ի պատմական ծառայությունը դիալեկտիկայի ուսմունքի մշակումն է, որը յուրացրին, մատերիալիստորեն մեկնաբանեցին և զարգացրին մարքսիզմի դասականները: Հայ փիլ. մեջ Հ–յան գաղափարների, հատկապես բացարձակ իդեալիզմի համակարգի ազդեցությունը որոշակիորեն զգացվում է Պ. Էմմանուելյանի և Ա. Գուրգենյանի կրոնա–իդեալիստական ուսմունքներում և մասամբ Ն. Ռուսինյանի էկլեկտիկական փիլիսոփայության մեջ, սակայն նրանց համար Հ–յան դիալեկտիկան աննկատ մնաց: Հ–ի փիլիսոփայությունը, առանձնապես նրա մտահայեցողական բնույթը մատերիալիզմի դիրքերից քննադատել է Մ. Նալբանդյանը «Հեգելը և նորա ժամանակը» աշխատության մեջ: Հ–ի դիալեկտիկան ըստ արժանվույն գնահատեցին հայ մարքսիստ–լենինյանները:

Երկ. S mtliche Werke, Bd. 1–26, Stuttgart, 1927–40 Փիլիսոփայության ներածություն, Ե., 1964: Соч., т. 1–14, М., 1929–59Работы разных лет, т. 1–2, М., 1972–77 Философия религии, т. 1–2, М., 1976–77

Գրկ. Маркс К. и Энгельс Ф., Соч., 2 изд., т. 1–30 (ըստ անվանացանկի): Նույնի, Из ранних произведений, М., 1956 Նալբանդյան Մ., Հեգելը և նորա ժամանակը, Երկ. լիակտ. ժող., հ. 3, Ե., 1940: Գաբրիելյան Հ., Հեգելը և դիալեկտիկական մատերիալիզմը, Ե., 1970: Фишер К., Гегель, I полутом, 2 изд., М.–Л.,1933 II полутом, СПБ, 1903 Овсянников М. Ф., Философия Гегеля, М., 1959 Философия Гегеля и современность, М.,1969 Погосян В. А., Проблема отчуждения в «Феноменологии духа» Гегеля, Е.,1973.

Հ. Գևորգյան