ՀՍՀ/ՀԵԳԵԼԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
ՀԵԳԵԼԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, իդեալիստական փիլիսոփայական այն հոսանքների անվանումը, որոնք ելնում էին Գ. Հեգելի ուսմունքից և զարգացնում նրա գաղափարները: Ծագել է Գերմանիայում, XIX դ. 30–40–ական թթ.: Կրոնի հարցերի շուրջը վիճաբանության ընթացքում առանձնացել են աջ հեգելականները (հին հեգելականներ), որոնք Հեգելին մեկնաբանում էին կրոնական ուղղադավանության ոգով (Կ. Հեշել, Հ. Հինրիխս, Հ. Գաբլեր), և օպոզիցիոն ձախ հեգելականները (երիտասարդ հեգելականներ` Դ. Շտրաուս, Ա. Ռուգե, Բ. Բաուեր, Լ. Ֆոյերբախ), որոնք ընդգծում էին պատմության մեջ սուբյեկտիվ գործոնի վճռական նշանակությունը` այն հակադրելով հեգելյան համաշխարհային ոգուն: Միջանկյալ դիրք էր գրավում «ուղղափառ» Հ., որը ձգտում էր պահպանել Հեգելի ուսմունքի «անաղարտությունը»: Երիտասարդ հեգելականների քննադատությունը տրված է Կ. Մարքսի և Ֆ. Էնգելսի «Սուրբ ընտանիք» և «Գերմանական գաղափարախոսություն» աշխատություններում: XIX դ. 2–րդ կեսին – XX դ. սկզբին առաջացել է Նեոհեգելականությունը:
