ՀՍՀ/ՀԵԳՆԱՆՔ
ՀԵԳՆԱՆՔ, իրոնիա (հուն. – շինծուություն, ծաղր), կյանքի նկատմամբ երգիծական վերաբերմունքի արտահայտման ձևերից մեկը (տես նաև Երգիծանք): Հ., ամենից առաջ, պատկերավորության ոճական–արտահայտչական միջոց է: Սակայն Հ. տարբերվում է սովորական երգիծանքից նրանով, որ բացասական վերաբերմունքն արտահայտում է անուղղակի ճանապարհով, առերես դրական հատկանիշներ վերագրելով: Ըստ ձևի հաստատելով անձի կամ երևույթի արժանիքները, Հ. դրանով իսկ ցույց է տալիս դրանց լիակատար բացակայությունը (օրինակ, «Քաջ Նազար» արտահայտությունը կամ «Որքան հերոսական միջոցներ մի չնչին` մանր, եսամոլ նպատակի համար» խոսքերը` Ռ. Պատկանյանի «Փառասերը» վիպակի հերոս Ալթմագովի մասին): Ավելի լայն առումով` Հ. իրականության գեղագիտական գնահատման եղանակ է, որը մեծ տեղ է գրավել XIX դ. ռոմանտիկական արվեստում: Ռոմանտիկական Հ. օգնում էր սուբյեկտիվորեն վեր կանգնելու իրականության ողբերգական հակադրություններից, հաստատելու անհատի իրավունքները, նրա գերազանցությունը հակառակորդի նկատմամբ: Հ. կարող է ընդգրկել գեղարվեստականերկն ամբողջությամբ, դառնալով նրա բովանդակության և կառուցվածքի էական հատկանիշներից մեկը (օրինակ, Է. Ռոտերդամցի, «Գովք հիմարության», Ե. Օտյան, «Վաճառականի մը նամակները կամ կատարյալ մարդ ըլլալու արվեստը»):
Է. Ջրբաշյան
